
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ ԱԺ որևէ պատգամավոր իր նման արդյունավետ չի աշխատել (տեսանյութ)
Այսօր խորհրդարան էր եկել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Քվեարկությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ նիստերի դահլիճից և պատասխանեց լրագրողների հարցերին։ Երբ «Հետքը» հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանից, թե ինչու է հազվադեպ գալիս աշխատանքի, նա պատասխանեց․
«Ուրեմն ասեմ, ես ոչ թե հազվադեպ եմ գալիս, դուք պետք ա զգաք, տեսնեք, որովհետև ամբողջ ժողովուրդը ձեզնից է ինֆորմացիա ստանում։ Պատգամավորների 90%-ը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժամ հետո, գիտեք, խորհրդարանը դատարկ է, հինգ-վեց հոգի են մնում։ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրոխորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում ա՝ որևէ պատգամավոր իր ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել։ Մարդը պետք ա գործով արդյունավետ լինի, ոչ թե Ծառուկյանը եկավ գրանցվեց, ոնց որ հիմա, գրանցվեցի, դուրս եկա, մարդու գործը պետք ա արդյունավետ լինի»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն է։ «Հետք»-ի գրավոր հարցմանը ԱԺ աշխատակազմից պատասխանել են, որ Ծառուկյանի 157 բացակայություններից 121-ը ԱԺ աշխատակազմը համարել է հարգելի։ Պատգամավորից փորձեցինք հետաքրքրվել՝ ինչ փաստաթղթեր է ներկայացրել, որ այդքան բացակայությունները համարվել են հարգելի։
Ծառուկյանը պատասխանեց․ «Համապատասխան դիմեք, ձեզ կներկայացնեն, աղջիկ ջան, հիմա դու որ նայում ես, Ծառուկյանի աշխատանքը դրակա՞ն ես գնահատում, թե՞ բացասական», - հարցրեց նա։
Երբ կրկին իր բացակայությունների թիվը հիշեցրինք, Ծառուկյանն ասաց․ «Հիմնական քո պատճառով ա, որ երկիրն էս օրին ա, մարդկանց ոչ ճիշտ տեղեկություններ եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, ձեր երեխաներն այս երկրում են ապրում, պետք է մարդու գործը գնահատել, ոչ թե դեմագոգիայով զբաղվել»։
Գագիկ Ծառուկյանին հիշեցրինք, որ ԱԺ պատգամավորի պարտականությունն է խորհրդանում լինելը, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես գիտեմ ես ով եմ, դու իմացիր՝ դու ով ես ու ինչ հարց ես տալիս»։
Առավել մանրամասն՝ տեսանյութով։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել