HY RU EN

Դիանա Ղազարյան

Հանրապետության երեք մաքսակետերում ԱՊՊԱ-ի համար նույն ընկերությունն է տարածք ստացել

2017 թվականի ապրիլի 4-ին պետական եկամուտների կոմիտեն գրությամբ դիմել է պետական գույքի կառավարման վարչություն՝ Բավրայի, Մեղրու, Բագրատաշենի մաքսակետերի տարածքում շենքերից վարձակալական տարածքներ տրամադրելու նպատակով աճուրդներ կազմակերպելու համար։

Պետական գույքի կառավարման վարչությունը այդ տարածքները վարձակալությամբ տալու համար կազմակերպել է երկու աճուրդ  և երեք մաքսակետերում տարածքի վարձակալության հաղթող է ճանաչվել «Թոփ-Սփին» ընկերությունը։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են պետական գույքի կառավարման վարչությունից։

Մասնավորապես՝ հոկտեմբերի 5-ին Բավրայի մաքսակետի տարածքում ընկերությանը վարձակալության է տրվել 7,5 քառ. մետր մակերեսով տարածք, իսկ Մեղրու մաքսակետի տարածքում՝ 5,3 քառ. մետր մակերեսով տարածք։

Բագրատաշենի մաքսակետում տարածքի վարձակալության աճուրդը կայացել է դեկտեմբերի 22-ին, որի արդյունքով ընկերությունը մաքսակետի տարածքում վարձակալությամբ է ստացել 11,68 քառ. մետր մակերեսով տարածք։

Պետական եկամուտների կոմիտեն տարածքների վարձակալության համար պետական գույքի կառավարման վարչությանն է դիմել 2017-ի մարտի 16-ին կառավարության որոշումից հետո։ Դրանով սահմանվեց, որ ապահովագրական գործակալություններն այսուհետ կգործեն ոչ միայն մաքսային կետերին հարող տարածքում, այլև դրանց տարածքում։

Ստացվում է՝ այս որոշումից հետո երեք մաքսակետերում ապահովագրական ծառայություններ իրականացնելու համար վարձակալական տարածքներ է ստացել միևնույն ընկերությունը։ Թեև պետական գույքի կառավարման վարչությունից հայտնում են, որ կայացել են աճուրդներ, բայց Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերություն գործակալ Արթուր Ամիրաղյանի օրեր առաջ «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք azdarar.am-ում և պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում մշտապես հետևել են հրապարակված աճուրդներին, սակայն չեն գտել այդ մասին որեւէ տեղեկատվություն։

Այդ և մի շարք խնդրահարույց կետեր առաջ բերելով՝Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքի մի շարք գործակալները հունվարի սկզբին բողոքի ակցիաներ իրականացրեցին մաքակետի տարածքում, ի վերջո հասան նրան, որ հունվարի 9-ին «Թոփ-Սփին» ընկերությունը դուրս բերվեց մաքսակետի տարածքից։

Նշենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, պատկանում է Վանաձորում գրանցված Լուսինե Արսենյանին: Ընկերությունը գրանցված է հենց Արսենյանի բնակության հասցեում: 2017-ի հոկտեմբերի տվյալներով՝ «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության գործակալներից է: Իսկ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը փոխկապակցվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։