
Գերմանիայի փորձը. գյուղատնտեսները պայքարում են թունաքիմիկատների օգտագործման դեմ
Գերմանիայի Ապագայի գյուղատնտեսության հիմնադրամի ղեկավար Բենեդիկտ Հաերլինն (Benedikt Haerlin) ասում է, որ գերմանական գյուղատնտեսության մեջ ամենահրատապ հարցը թունաքիմիկատների լայն օգտագործումն է: Նրա փոխանցմամբ՝ գյուղատնտեսների շրջանում քննարկվում է թունաքիմիկատներից գլիֆոսատի օգտագործումը, որն աշխարհում լայնորեն կիրառվում է մոլախոտերի դեմ պայքարում, ինչպես նաև գենետիկ ինժեներիայի, ԳՁՕ-ների, մշակաբույսերի ոլորտում:
Հաերլինը նշում է, որ Եվրամիությունը 10 տարին մեկ վերանայում է թունաքիմիկատների հարցը, ինչը նաև գլիֆոսատով է պայմանավորված: «Հիմա այդ թեմայով լուրջ քննարկումներ են ընթանում, ավելի քան 1,5 միլիոն ստորագրություն է հավաքվել դրա արգելման համար: Մի կողմից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն այն համարում են քաղցկեղածին, մյուս կողմից՝ ԵՄ փորձագետները հերքում են դա»,- ասում է Բ. Հաերլինը:
Ըստ նրա՝ գլիֆոսատի գործածումն արդյունավետ է մոլախոտերի դեմ, բայց էական բացասական ազդեցություն է թողնում ամբողջ էկոհամակարգի վրա: Այն խնդիր է նաև մեղվապահների համար, քանի որ բավարար քանակությամբ ծաղիկներ չեն մնալու մեղուներին:
Գլիֆոսատի օգտագործման վերաբերյալ Գերմանիայի սննդի և գյուղնախարարության ու բնապահպանության նախարարությունների մոտեցումները տարբեր են: Գյուղնախարարը կողմ է դրան, բնապահպանության նախարարը՝ դեմ:
Գերմանիայում լուրջ մարտահրավեր է նաև խոզերի աֆրիկյան ժանտախտը: Եվրամիությունում Գերմանիան ամենաշատ միս արտադրող երկիրն է: Ժանտախտի պատճառով հազարավոր խոզեր են հարկադիր սպանդի ենթարկվել: Տեղացի ֆերմեները բարձրացրել են փոխհատուցման հարցը:
Բենեդիկտ Հաերլինի խոսքով՝ հանրային քննարկումների թիրախում է նաև գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը: Այս ոլորտում ավելի քան 1 միլիոն մարդ է աշխատում, այնինչ թվայնացումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման:
Գերմանիայի սննդի և գյուղատնտեսության նախարարության աշխատակից Ֆրիդրիխ Վակերն (Friedrich Wacker) էլ ասում է, որ ոլորտում աշխատողները 940 հազար են, ինչը բնակչության 1 տոկոսից փոքր-ինչ ավելի է: Միաժամանակ բնակչության ավելի քան կեսը՝ 44 միլիոնը, բնակվում է գյուղական շրջաններում, որոնք ծածկում են երկրի տարածքի մոտ 90 տոկոսը: Գյուղոլորտում հիմնականում արտադրում են կաթ, միս (խոզի, տավարի, հավի), հացահատիկ (գլխավորապես ցորեն), կարտոֆիլ, սևուկի ձեթ (colza), շաքարի ճակնդեղ: Արտադրանքի ¾-ն արտահանվում է ԵՄ անդամ երկրներ (այդ թվում՝ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա), իսկ ¼-ը՝ ԱՄՆ, Չինաստան:
Գերմանիան գլխավորապես կաթի, վերամշակված սննդի, ծխախոտի, ցորենի ու խմիչքի արտահանող է: Փոխարենը ներկրում է հիմնականում պանիր, սուրճ, գինի, վերամշակված սնունդ, սևուկի ձեթ, սոյա, շոկոլադ, թարմ միրգ: Այն գյուղմթերքի ներկրմամբ 2-րդ երկիրն է աշխարհում, արտահանմամբ՝ 3-րդը:
Ֆրիդրիխ Վակերը ոլորտի հրատապ հարցերից մեկը համարում է ԵՄ գյուղատնտեսական քաղաքականությունը, որի ընթացիկ փուլն ավարտվում է 2020-ին: Առաջիկայում սկսվելու է հետագա քաղաքականության քննարկումների շրջան՝ կանխորոշելու ոլորտի զարգացման ուղղությունները: Առաջնահերթ են, մասնավորապես, գյուղատնտեսության արդյունավետության և արտադրանքի կայուն արտահանման հարցերը:
Գյուղնախարար Քրսիտիան Շմիդտը (Christian Schmidt) «Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի բացման իր ելույթում նշել է, որ Գերմանիան պետք է աջակցի կենսաբազմանությանը, գյուղական համայնքներին, մեղուների համար ավելի շատ տարածքների ապահովմանը, բուսական և կենդական աշխարհի պաշտպանությանը. «Մենք պետք է ուժեղացնենք էկոհամակարգը՝ անտառածածկ տարածքները, կրճատենք թունաքիմիկատների օգտագործումը՝ հասցնելով նվազագույնի: Պիտի բարձրացնենք օրգանիկ արտադրության ծավալը՝ 20 տոկոսի հասցնելով»:
Գլիֆոսատի մասին էլ նախարարն ասել է, որ իր պաշտոնավարման տարիներին (2014-ից) դրա օգտագործումը մեկ երրորդով կրճատվել է: Ըստ նախարարի՝ հիմա մշակվում է այլընտրանք, որը կարող են լինել քիմիական, մեխանիկական կամ էլեկտրոնային միջոցները: Շմիդտի խոսքով՝ Գերմանիան մեծ գումարներ է ներդնում այլընտրանքային ուղիների մշակման համար:
Հիշեցնենք, որ այս ամիս Բեռլինում բազմահազարանոց ավանդական ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցները արտահայտվում էին շարքային ֆերմերների իրավունքների ընդլայնման, թունաքիմիկատների արգելման, կենդանիների պաշտպանության համար:
Մեկնաբանել