
Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին
Գերմանիայում կոալիցիոն բանակցություններին մասնակցող բոլոր կողմերը համաձայնության են եկել՝ միևնույն ժամանակ միմյանց միջև բաժանելով նախարարական աթոռները: Դաշինքով հանդես եկող Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության, ինչպես նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև տեղի ունեցած բանակցություններից հետո այս մասին հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և սոցիալ-դեմոկրատներիի ղեկավար Մարտին Շուլցը, փոխանցում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը:
Մերկելի խոսքերով՝ կոալիցիոն համաձայնագրի կնքումը կարող է լավ հիմք հանդիսանալ կայուն կառավարության ձևավորման համար: Մարտին Շուլցն էլ ընդգծել է, որ համաձայնությունը «մեծ մասամբ սոցիալ-դեմոկրատական ձեռագիրն է կրում իր մեջ»:
Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները կգլխավորեն ֆինանսների, աշխատանքի և արտաքին գործերի նախարարությունները: Բացի դա, սոցիալ-դեմոկրատները կնշանակեն ընտանիքի, արդարադատության և շրջակա միջավայրի հարցերով նախարարներին:
Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կարող է ստանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը:
Ներքին գործերի նախարարության ղեկը կհանձնվի Քրիստոնեա-սոցիալիստական միության ղեկավար Հորսթ Զեհոֆերին: Բացի այդ, քրիստոնեա-սոցիալիստները կղեկավարեն տրանսպորտի և տնտեսական զարգացման նախարարությունները:
Անգելա Մերկելի Քրիսոտենա-դեմոկրատական միությանը բաժին կհասնեն էկոնոմիկայի, պաշտպանության, կրթության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Անգելա Մերկելի գլխավորած կուսակցությունը փորձում էր կոալիցիա կազմել Ազատ դեմոկրատների և Կանաչների կուսակցությունների հետ, սակայն երկրի միգրացիոն քաղաքականության շուրջ հակասությունների պատճառով բանակցությունները ձախողվել էին:
Կոալիցիոն բանակցությունները քրիստոնեա-սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների հետ մեկնարկել էին հունվարի 26-ին: «Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ կողմերին մեծ դժվարությամբ է հաջողվել համաձայնության հասնել միգրացիոն, առողջապահության և աշխատաշուկայի ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ:
Լուսանկարը՝ Getty Images/AFP
Մեկնաբանել