
Համահարթեցում
Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը լրագրողների եւ ընթերցողների սիրված հերոսն է: Լրագրողների համակրանքին նա արժանացել էր Բասենում նորարական տեխնոլոգիաների ներդրման, գյուղացուն բնորոշ պարզության ու անմիջականության եւ, որ ամենակարեւորն է՝ բնակչության մտածողությունը վերափոխելու կարողության շնորհիվ: Նրա գործունեությանն անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, նրա մասին հրապարակումներն ամենաընթերցվածներից եւ ամենաշատ դիտվածներից են:
«Այս համայնքում ես կոտրեցի մի կարծրատիպ, որ մեծ ազգություն ունեցողը, եթե գործունյա չէ, համայնքի ղեկավար չի ընտրվի»,- ասել էր Համլետ Պետրոսյանը: Իր այդ հատկության շնորհիվ նա դարձավ իմ հրապարակման հերոսը:
Բասենի արդեն նախկին ղեկավարի իրագործած նորարարությունները բացառիկ էին մեր երկրում: «Բնության մեջ ոչինչ ավելորդ չէ» գաղափարն այստեղ կիրառում են լիովին, որի համար էլ Բասենը «Կանաչ համայնք» անվանումը ստացավ: Այստեղ առաջինն իրականացվեցին բնապահպանական մի շարք ծրագրեր՝ վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման, կենսաբանական թափոններից ստացվող վառելիքի՝ պելետի արտադրության, գոմաղբից կենսագազ ստանալու եւ այլն: Ընթացքում էին բրիկետների եւ բիովառելիքի համար նախատեսված հատուկ վառարանների արտադրությունները, քամուց էներգիա ստանալու գաղափարը, որը նա մտմտացել է պատանեկան տարիներից:
«Նախկինում 1658 բնակիչ ունեցող Բասենի մասին չգիտեին կամ միայն բացասական իմաստով էին հիշում, իսկ հիմա միայն գովեստով են խոսում»,- սա իր ամենակարեւոր ձեռքբերումն է համարում Համլետ Պետրոսյանը:
«Բիոսոֆիա» ՀԿ-ն իր բնապահպանական ծրագրերը կյանքի կոչելու համար Բասենն էր ընտրել: «Երբ մենք ծրագիր ենք անում որեւէ համայնքում, անպայման հետեւողականորեն ստուգում ենք ոչ միայն ստացված արդյունքը, այլեւ այդ ներդրման հետագա ճակատագիրը: Ինչու՞ է Բասենն այս առումով համարվում օրինակելի: Նախ սկսենք համայնքապետից, ով ունի հանրային մտածողություն եւ շատ լավ է հասկանում, որ որքան զարգացած համայնք ունենա, այնքան բարեկեցիկ կյանքն ավելի շուտ կթակի իրենց դռները: Համլետ Պետրոսյանի համար ներդրումային ծրագիր իրակացնելը «ծրագիր կպցնել» չէ, արատավոր մի երեւույթ, որ բնորոշ է, ցավոք, համայնքապետերի մեծ մասին,- նկատում է «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը, մյուս առավելությունը, որ ունեն այս համայնքն ու իր ղեկավարը, արած գործը տարածելու ցանկությունն է ոչ միայն սեփական գյուղում, այլեւ՝ հարեւան: Դրա համար էլ այս համայնքում արդեն զարգացման 4-5 ծրագիր է իրականացվել, եւ դեռ իրականացնելու հույսեր կան»:
2014 թ․ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանին գյուղնախարարը պարգեւատրեց «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով: 2015թ․ Եվրոպայի խորհրդի համայնքների «Լավագույն գործելակերպ» մրցույթի հաղթողն էր: 2016 թ․ «Թվապատում» լրագրողական մրցույթի «Գործող անձ» անվանակարգի հաղթողը:
Բասենը նա ղեկավարեց 9 տարի՝ հարկերի հավաքագրումը 5%-ից հասցնելով 120%-ի, որի շնորհիվ տարեցտարի ավելացավ նաեւ համայնքին տրվող դոտացիան՝ 9 մլն դրամից հասնելով 28 մլն-ի: Բյուջեի ավելացումը հնարավորություն տվեց պահանջվածից ավելի շատ համաֆինանսավորում կատարել միջազգային դոնորների ֆինանսավորող ծրագրերում, որի շնորհիվ էլ համայնքում բազում ծրագրեր իրականացվեցին:
Այս բոլորը տեւեց մինչեւ 2017 թ.-ի նոյեմբերի 5-ը, մինչեւ Բասենը խոշորացվող Ախուրյան համայնքում ներառելը: Մեկ համայնքում միավորվող 8 գյուղերի ղեկավարներից համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվեցին երկուսը՝ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը եւ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցող 6 թեկնածուներից հաղթողը 10 000 բնակիչ ունեցող Ախուրյանի համայնքապետն էր: Հ. Պետրոսյանի օգտին քվեարկել էր 966 հոգի, եւ իր ստացած քվեների քանակով նա 3-րդ տեղում էր: Բասենը նրան էր ընտրել:
Չնայած դրան, հանրային մտածողությամբ եւ նորարական գաղափարներով լեցուն այս մարդուն քաղաքական այրերը չցանկացան անգամ համայնքի վարչական ղեկավար նշանակել: Պատճառն, իհարկե, աշխարհաքաղաքական չէր: Համլետ Պետրոսյանին մերժեցին ոչ թե նրա համար, որ Բասենը չի օգտագործում ռուսական գազը (համայնքը գազիֆիկացված չէ) եւ տները ջերմացնելու համար պելետ է արտադրում, կարողանում է էլեկտրաէներգիա արտադրել, եւ միայն իր համայնքում 80 ընտանիք տունը ջերմացնում է արեւային կայանով, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն է արտադրում սեփական ջերմոցներում եւ այլն: Այսինքն, պատճառն այն չէր, որ Բասենը տնտեսական անկախության էր ձգտում, եւ դրա վախից որոշեցին նրանից ազատվել:
Պատճառը նրա օրեցօր աճող հեղինակությունն էր, որը ստվերում էր համայնքների ղեկավարներից սկսած մինչեւ այս ոլորտով զբաղվող բարձրաստիճան այրերին: Ախուրյան համայնքի ղեկավարը հայտնել էր, որ իրենց թիմը (նկատի ուներ մյուս բնակավայրերի վարչական ղեկավարներին- Ս.Պ.) չի ցանկանում նրա հետ աշխատել:
Հասկանալի է, որ Համլետ Պետրոսյանի ոչ միայն գործունեությունը, այլեւ մտածողությունը լուրջ մարտահրավեր էր բոլոր համայնքների ղեկավարներին: Նա իր աշխատաոճով կոտրում էր հարյուրավոր համայնքապետերի մոտ ձեւավորված այն կարծրատիպը, որ հաջողություններ կարող են ունենալ մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքները, զարգանալ կարող են միայն բնական ռեսուրսներով հարուստ, բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող համայնքները: Այն համայնքները, որոնց ղեկավարները բարիդրացիական հարաբերություններ ունեն մարզպետների ու պետական պաշտոնյաների հետ:
Հենց դա չներվեց նրան:
Այդուհանդերձ, իրավունք ունեի՞ն անտեսելու բասենցիների քվեները: Օրենքով` համայնքի ղեկավարը վարչական ներկայացուցիչ է նշանակում իր առաջադրած թեկնածուին՝ հիմնվելով տվյալ բնակավայրում իրականացված հանրային քննարկումների արդյունքների վրա: Այս դեպքում, բնակիչներն արդեն քվեարկել էին, եւ ստացվում է, որ Ախուրյան համայնքի ղեկավարն անտեսել է նրանց քվեները:
Համայնքների խոշորացման դեպքում, նախկին համայնքների ղեկավարները համաձայնության են գալիս համախմբվելու իշխանության նախընտրած թեկնածուի շուրջ՝ իրենց համայնքներում քվեներ ապահովելով նրա համար, փոխարենը երաշխավորվում է նրանց վարչական ղեկավար նշանակելը: Հ․ Պետրոսյանն, իր թեկնածությունն առաջադրելով, դեմ էր գնացել նաեւ այս «թիմային» մտածողությանը:
Համահարթեցում բառը տեղական ինքնակառավարման ոլորտում գործածվում է ֆինանսական նշանակությամբ, երբ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները բաշխվում են հավասարապես՝ բոլորին նույն սկզբունքով: Համայնքների ղեկավարները եւ ոլորտի փորձագետները դա համարում են անարդար մոտեցում, եւ գործող համակարգը կատարելագործելու պահանջ են դնում: Սակայն, այս դեպքը, թե ինչպես ժողովրդականություն վայելող համայնքի ղեկավարին հեռացրին համակարգից, մի օրինակ է` ցույց տալու համար, որ նրանք համահարթեցված մոտեցում ունեն բոլորին եւ ամեն ինչին: Տարբերվողներին չեն հանդուրժում:
առաջին լուսանկարը՝ tvapatum.mediainitiatives.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել