
Ռուսաստանում առաջին անգամ մահապատժի դատավճիռ վերանայվեց
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ազատություն 25 տարի անց
Օրեր առաջ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ դատարանի կողմից վերանայվել է մահապատժի դատապարտվածի դատավճիռ (1998-ին փոխարինվել էր ցմահի)։ Արդյունքում անձը չի արդարացվել, այլ նրա պատժաչափն է մեղմացվել, և նախկին մահապատժի դատապարտվածը ազատություն է վերադարձել: Այս գործին անպայման կանդրադառնամ դիպլոմային աշխատանքիս մեջ, քանի որ ցմահ բանտարկյալն ազատվել է ոչ թե պայմանական վաղաժամկետ, այլ դատարանի կողմից առավելագույն պատժատեսակի վերանայման արդյունքում:
Դեռևս հեռավոր 1991 թվականին Անվար Մասալիմովը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով դատապարտվել էր մահապատժի: 1998 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով նրա պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով բոլորը անխտիր «դատապարտվեցին» ցմահ` ՌԴ-ում մահապատժի վերաբերյալ մորատորիում հայտարարելուց հետո`մահվան դատապարտվածների մի մասի պատժը փոխարինվեց 15-20 տարվա, իսկ որոշներինը`ցմահ ազատազրկմամբ: Մեր հարևան Վրաստանում առհասարակ բոլորի նկատմամբ մահապատիժը սկզբում փոխարինվեց 20 տարվա ազատազրկմամբ, իսկ հետո`15 տարվա:
Ռուսաստանում ցմահ դատապարտվածի ազատման առաջին դեպքը կապված է վավերագրող Ալեքսանդր Գուտմանի անվան հետ։ Նա ֆիլմ էր նկարահանել ցմահ դատապարտյալ, նախկին զինվորական Սաշա Բիրյուկովի մասին: Այն այնքան ազդեցիկ էր եղել ու այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ ՌԴ նախագահ Ելցինը ներում էր շնորհել նրան՝ փոխարինելով պատժաչափը 15 տարվա ազատազրկման: Նախկին զինվորը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2 հրամանատարին սպանելու մեղադրանքով, վաղուց ազատության մեջ է: Զինվորը հրամանատարների կողմից սեռական ոտնձգության էր ենթարկվել, ինչը ժամանակին դատարանը հաշվի չէր առել: 4 տարի առաջ իմ առաջին հարցազրույցը հենց ռեժիսոր Գուտմանի հետ էր՝ իր կյանք փրկած ֆիլմի մասին։
Սակայն մինչև Մասալիմովի դեպքը, ՌԴ-ում որևէ ցմահ ազատազրկածի պատժաչափ չէր վերանայվել։ Եվ ահա 25 տարի անց (հենց այսքան է բանտում անցկացրել Անվար Մասալիմովը), ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում, Ռուսաստանում էլ դատարանը վերջապես ընդունեց՝ 1991թվականին կայացված այս մահապատժի դատավճիռը եղել է չափազանցված, հետևաբար`գործ ունենք դատական սխալի հետ:
Վոլոգդայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Լարիսա Նովոլոդսկայան հարցազրույց է տվել ռուսական մի քանի ԶԼՄ-ների, որոնցում հայտնել է`ցմահ բանտարկյալ Անվար Մասալիմովը տարիներ շարունակ բողոքներ է գրել գործի վերանայման խնդրանքով, սակայն մշտապես մերժվել է։ Մամուլի քարտուղարը նշել է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը վերաորակվել է, արդյունքում փոխվել է պատժաչափը, և անձը ազատություն է վերադարձել։
Փաստորեն, Անվար Մասալիմովը դեռ մի քանի տարի առաջ կարող էր վերադառնալ ազատություն, սակայն կյանքի 25 տարիներն անցկացրել է հեռավոր հյուսիսում գտնվող «Полярная сова» բանտում:
ԱՄՆ-ում ԴՆԹ փորձաքննության հնարավորություն ունենալուց ի վեր մահվան, ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտվածների խցերից ազատություն են վերադարձել մոտ 400 անմեղ բանտված քաղաքացիներ: Իսկ այլ հիմքերով գործերի վերանայումները միայն ԱՄՆ-ում ազատություն են վերադարձրել մոտ 2000 դատապարտյալի, ովքեր մեղադրված են եղել ծանրագույն հանցանքների մեջ։
Նույնիսկ պահպանողական համարվող Մեծ Բրիտանիան, եկավ այն համոզման, որ դատական սխալները ծանր բեռ են դառնում առաջ շարժվելու ճանապարհին, սկսեցին վերաբացել, ինչպես իրենք են ասում`«անցյալի ժառանգության» քրեական գործերը, որի արդյունքում ցմահ դատապարտյալների պատիժների վերանայում եղավ, նաև բազմաթիվ արդարացման դատավճիռներ։ Վառ օրինակներից է Մայքլ Օ`Բրայենի վերադարձն ազատություն և այցելությունը Հայաստան: Նրա հետ նույնպես հարցազրույց ունենալու պատիվ եմ ունեցել։
Հայաստանը դեռ տարբերվում է․ մինչ օրս մեզ մոտ այդպես էլ չի վերանայվել որևէ մահապատժի դատավճիռ կամ պատժի առավելագույն չափի դատապարտյալի պատիժ: Ստացվում է՝ ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, Հայաստանում դատարաններն երբեք չեն սխալվել քաղաքացուն մահվան դատապարտելիս: Հասկանալի է, որ այդպես չէր կարող լինել:
Մնում է հուսալ, որ վերջապես մեր իշխանությունները կգիտակցեն՝ անցյալի սխալները ճանաչելը և ուղղելը ոչ թե թուլության, այլ հակառակը`ուժեղ լինելու, առաջադեմ աշխարհի հետ համահունչ առաջ շարժվելու և դատաիրավական համակարգը կատարելագործելու ցուցանիշ է: Դա հնարավոր կդառնա գրագետ իրավաբանների նոր սերնդի և խորհրդային, ապա նորանկախ Հայաստանի դատական համակարգի թոհուբոհի մեջ կոփված, բայց ազնիվ մնացած դատավորների շնորհիվ:
Մեկնաբանել