HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

89 թվականի մարտի 8-ը

սկիզբը

«The fish is my friend too», he said aloud...»,- թելադրեց անգլերենի դասախոս ընկեր Գալստյանը` 1987թ-ի սեպտեմբերի մեկին` հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասին, հատու մտնելով լսարան ու կտրուկ բացելով Հեմինգուեյի հատորը:

Այդ տարի ընդունվածներս անգլերենից ընդունելության քննություն չէինք հանձնել ու ընդամենը դպրոցական գիտելիք ունեինք: Բայց խմբում հիմնականում թիվ 114 անգլիական դպրոցն ավարտած աղջիկներ էին: Ակնհայտ էր, որ խնդիր է հասունացել առաջին իսկ օրը, որովհետև գիտելիքների առումով այլ կերպ էի պատկերացրել իմ «շռնդալից» մուտքը պետական համալսարան: Թեև ավարտել էի քաղաքի ցուցադրական դպրոցներից մեկը, որը պարբերաբար փոխանցիկ դրոշ էր ստանում, բայց մեր օտար լեզվի լինգաֆոնային կաբինետը վերջին տարիներին ծառայում էր միայն մեր դասարանի տղաների տրոլեյբուս քշելուն: Ասեմ ինչպես. քաղաքային տրանսպորտում այդ տարիներին վարորդը բարձրախոսով հայտարարում էր հաջորդ կանգառը, ինչպես մետրոյում: Ու մեր տղաներից որևէ մեկը, նայած այդ օրը ով էր «ռեյսի» դուրս եկել, դասի ժամանակ լինգաֆոնային կաբինետի մնացորդ գործիքներից ու լարերից տրոլեյբուսի իմիտացիա էր ստեղծում ու դասը սկսվելուց մի երկու րոպե անց հայտարարում էր․ «Հաջորդ կանգառը պետօպերա, իջնողներն առաջանան»: Ու վերջում նստածները սկսում էին առաջանալ: Ահա, այսպես մենք հաղթահարում էինք միջազգային լեզվի քերականական խոչընդոտները:

Դպրոցից մնացած միակ անգլերեն նախադասությունը, որն ամրապնդվել էր ուղեղիս մեջ «Hovhannisyan, stop  talking»-ն էր: Ահա, այսպիսի հզոր պաշարով հայտնվեցի անգլիական դպրոց ավարտածների խմբում ու Հեմինգուեյի «Ծերունին և ծով»-ից թելադրություն պիտի գրեի 87 թ.-ի  ուսանողական առաջին դասին: Շրջվեցի ու տեսա մեր զուգահեռ դասարանի Նունեի շվարած դեմքը, ով հիպնոտիկ հայացքով նայում էր ինձ: Ինքը թեև շատ լավ էր սովորում, բայց անգլերենի հարցը նույն վիճակում էր, և իր հայացքն ապրումակցում արտահայտող միակ դեմքն էր ամբողջ խմբում. մենք լուռ հասկացանք իրար: «I have never seen or heard of such a fish. But I must kill him…»՝ շարունակում էր թելադրել ընկեր Սվետլանա Գալստյանը:

Դասից հետո մոտեցա նրան ու հայտնեցի, որ ուզում եմ  խումբս փոխել, քանի որ այս խումբն անգլիական կրթություն ունի:

Նա, մեղմ ասած, հայացքով վերացրեց ինձ ու սկզբում ասաց . «Ինչ ուզում եք, արեք»,- ապա հետ կանչեց, տվեց  բազմաթիվ թղթեր ու գրքեր և ավելացրեց՝ գնացեք, սովորեք: Գնացի սովորելու: Հեմինգուեյից այս հատվածն, ի դեպ, գրում եմ հիշելով՝ նույն օրն անգիր էի արել մի հսկա հատված:

«Բարդ» էին մեր հարաբերությունները, քանի որ ինքն անգլերենի փայլուն մասնագետ էր, խումբը լավն էր, ես՝ ամբիցիոզ ու առանց լավ անգլերենի:

Ղարաբաղյան շարժումը փրկեց ինձ: Ընկեր Գալստյանը ծագումով Ղարաբաղից էր ու ինձ տեսնելով շարժման տարածքներում ինքնամոռաց ու միշտ մաժորային վիճակում` համաներում հայտարարեց:

1989 թվականն էր: Քաղաքում պարետային ժամ էր ու «Ղարաբաղ» կոմիտեն՝ ձերբակալված: Մարտի ութն արդեն հեռացվել էր տոնացանկից. մենք խորհրդային տոներ էլ չէինք տոնում: Բոլորը թաքուն ափսոսում էին, բայց մենք այլևս խորհրդային տոներ չէինք տոնում,  նոր աշխարհ էինք կերտելու: Ու քանի որ պարետային ժամ էր՝ տղամարդկանց հանդեպ հատկապես խիստ էին: Որոշվեց, որ այդ օրը կանայք խորհրդային զորքի դեմ պիտի բողոքի երթ անեն: Բոլորին իհարկե չեմ հիշում, բայց մեր ֆակուլտետի, մեր բանասիրականի մասնաշենքի ուսանողուհիներ ու կին դասախոսներ շատ կային:

Ես կարծում եմ` կա՛մ տասնութ տարեկան պետք է լինես, կա՛մ մի շարք այլ հատկանիշներ ունենաս, որ դուրս գաս խորհրդային ռուսական բանակի դեմ բողոքի ցույցի. ես տասնութ տարեկան էի: Մենք խրոխտ բարձրացանք Կենտկոմի շենքի մոտ, հետո իջանք Բաղրամյանով ու Գրողների միության մոտից թեքվեցինք Իսահակյան փողոց: Մի քանի րոպեից ինչ-որ մեկն ասաց․ «Մեզ երկու կողմից փակել են»: Փակուղին տագնապ առաջացրեց, բայց ցրվելու փորձեր չեղան: Ռուս զինվորները փակել էին Իսահակյան փողոցի փոքր հատվածը` երկու կողմից: Ռուսերեն ինչ-որ բաներ էինք վանկարկում ու պահանջում, ու անսպասելի կտրուկ, զինվորները մտան շարքերի մեջ, սկզբում ուղղակի հրում էին, իսկ երբ տեսա դիմացիս կնոջ մեջքին «դուբինկայով» հարվածող զինվորին ու ոտքերը ծալվող կնոջը, ինձ թվաց` անզորությունից կգժվեմ: Վախ չկար, ու դա քաջությունից չէր: Անհավասար ուժի այլանդակ բռնությունը կարողանում է առաջացնել մի այնպիսի ոչ բանական վիճակ, երբ դու այլևս չես մտածում, թե ինչ կլինի՝ դու անարդարությունից գժվում ես:

Հենց այդ պահին բաճկոնիս օձիքից մեկը քաշեց, բայց քաշելու ձևից հասկացա, որ զինվոր չէր: Շրջվեցի ու տեսնեմ ընկեր Գալստյանն է: Ինձ ու ընկերուհուս քաշեց դեպի մայթ, մեզ հրեց առաջին բնակելի շենքի մուտքից ներս ու հրահանգեց ինչքան ուժ ունենք բարձրանալ վերջին հարկ, որովհետև զինվորները կարող էին նաև մուտք մտնել:

Վերջին հարկում, ինչպես պարզվեց, իր ծանոթներն էին ապրում: Նրանք ընդունեցին մեզ, հանգստացնող կաթիլներ, տաք թեյ տվեցին ու այդ օրերին շատ հաճելի ու փառասիրությունդ շոյող «վայ, էրեխեք ջան, էս ինչ էրեխեք ունենք» նախադասություններով մեզ վերակենդանացրին: Իջանք, երբ արդեն Իսահակյանը դատարկված էր:

Երբ մտա մեր բակ, մեր տան բոլոր պատուհաններին հարազատներիցս մեկի դեմքն էր տպված ապակուն, իսկ հայրս գնացել էր ինձ փնտրելու: Չգիտեմ ոնց, բայց մենք էլի հաղթել էինք… Հաստատ հիշում եմ, որ զգացողությունն այդպիսին էր:

Մարտի ութը հիմա նորից տոնվում է: Ծաղիկ նվիրելու օր է, վատ չէ՝ մի տոն ավելի կլինի: Տարբեր մարտի ութեր են եղել մեր խորհրդային, հետխորհրդային կյանքում, բայց 89-ի մարտի ութը կնոջ մեջքին իջնող «դուբինկայի» մարտի ութ էր: Մտապատկերի հետագիծը երկար է:

Ողբերգական ձմռան առաջին գարունն էր: Ութսունինը թվականը նոր էր սկսվում:

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter