HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դոմկոմ» Շվոնդերներն ու ինտելեկտուալները

Այնպես է ստացվել, որ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տարբեր բարձր և ոչ այնքան բարձր պաշտոններ զբաղեցնում են մարդիկ, որոնք իրենց կրթությամբ, դաստիարակությամբ, աշխարհաճանաչողությամբ և այլ նման բաներով, ոչ միայն չեն համապատասխանում իրենց պաշտոններին ու իրենց վրա դրված պատասխանատու գործերին, այլև պարբերաբար մշակութաբանական շոկ են առաջացնում հասարակության մեջ:

Այնպես է ստացվել, որ տևական ժամանակ այդպիսինների կողքին ունեցել ենք մի քանի ինտելեկտուալ, լավ կրթություն ստացած ու մարդկության լավ արժեքներով դաստիարակված դեմքեր:

Այդպիսիների մասին մենք սովորաբար ասում ենք՝ «ինչպես է դիմանում դրանց մեջ» ու ցավակցաբար անցնում ենք առաջ: Նրանց մի մասն, իհարկե հետապնդում է նաև իր անձնական շահը: Բայցևայնպես, իրենք մնում են տեղի ունեցած և ունեցող ողբերգության, բարքերի անկման ու տհասության զարթոնքի գիտակցումն ունեցող մարդիկ: Եվ այդ գիտակցումով գնում են աշխատանքի, հասկանալի է՝ չեն դառնալու մենաստանում աղոթող հավատացյալ:

Բայց մարդու բոլոր ունեցվածքների մեջ կա մեկը, որով սեփական անձի առավելությունը հաստատելը ընդունելի է ու բնականոն: Այդ ունեցվածքը ինտելեկտն ու կրթությունն է, մանավանդ, երբ դրանք համեմատելի չեն իրենց շրջապատող թերուս մարդկանց կրթության ու իմացության աստիճանի հետ: Եվ այդ առավելությունն օրենքով պետք է ավելի ուժեղ դարձնի ու դրա կրողը պետք է թելադրող լինի:

Բայց արդեն տևական ժամանակ է` մարդիկ հրապարակավ չեն գիտակցում նույնիսկ իրենց առավելությունը: Մտքում, իհարկե, նույնիսկ քմծիծաղում են ու ծաղրում, բայց դա ոչ ոք չի տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանը հարցեր է ուղղում կառավարության նիստի շտապող նախարարներին: Մենք կարող ենք նույնիսկ չնայել ռեպորտաժը, որովհետև 99,99 տոկոսով կանխատեսելի է պատասխանը: Բայց այդ ռեպորտաժը նորից ընդգծեց մի անհասկանալի ու ամենաանհեթեթ բաներից մեկը մեր իրականության:

Լրագրողի հարցերին պատասխանում էին մշակույթի, կրթության, առողջապահության նախարարները: Քաղաքապետարանում կատարվածը ուղղակիորեն կրթության, մշակույթի ու առողջապահության ոլորտի հետ առնչություն ունեցող դեպք էր: Ու հենց նրանք պատասխանում են իրենց կրթվածության, հղկված բարեկրթության, գիտակցության դիրքերից՝ սաստիկ խուսափելով որևէ ձևակերպում տալ իրենցից կրթությամբ, բարեկրթության կանոններով, ինտելեկտով հազարավոր մղոններ հեռու մարդկանց խմբին: Իրենք չեն համարձակվում իրենց գիտելիքը դարձնել առավելություն և առավելության դիրքերից գնահատական տալ կատարվածին:

Երբ զանգվածային լրատվամիջոցները տարածեցին առողջապահության նոր նախարարի կենսագրությունը, հոմո սափիենսի տեսքի պաշտոնյաների հանդեպ չկառավարվող զվարթություն ցուցաբերող հայ ընթերցողը ոգևորված մեկնաբանություններ էր թողնում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանի որդու, Մեծ Բրիտանիայում UCL-ի համալսարան-քոլեջ ավարտելու, Մեծ Բրիտանիայի «Ալբերտ հոլ» թագավորական համերգասրահում որպես մենակատար հանդես գալու մասին տեղեկությունների տակ: Իրոք, հաճելի էր: Եվ հասկանալի է, որ կրթական այսպիսի որակին կարևորություն է տվել հայրը, որի ինտելեկտը նույնպես շատ բարձր է: Բայց այդ ամբողջ ինտելեկտի հանրագումարով, օտար լեզուների փայլուն իմացությամբ, գործարարական շատ հաջողակ գործունեությամբ, «Ալբերտ հոլով»՝ առողջապահության նախարարը չի համարձակվում իր անհամեմատ բարձր դիրքից գնահատական տալ գոնե իր համեմատ թերուս, խոսքի ապարատը միայն թաղային բախումներին հարմարեցված ու դասարանի վերջին նստարանին տասը տարի նստած անատոմիապես մեծացած մարդկանց արարքին: Որպես առողջապահության նախարար՝ գոնե կարելի էր խուսափելով իշխող կուսակցության ներկայացուցիչներին իրականությունն ասելուց ու գոնե ասել, որ կոյուղու ջրերը կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ և լատիներեն թվարկել հիվանդությունների անունները, տպավորիչ կլիներ, գոնե: Բայց նախարարը լրագրողի հարցին՝ «Ի՞նչ գնահատական ունեք հայտնի սկանդալային դեպքին», պատասխանում է՝ կրկնելով լրագրողի նախադասությունն ու ավելացնելով ընդամենը մեկ հարցական նշան. «Ի՞նչ գնահատական պետք է ունենամ հայտնի սկանդալային դեպքին»:

Լրագրողը շարունակում է՝ «Մի քանի հոգով կնոջ նկատմամբ բռնություն կիրառել՝ ի՞նչ կարող եք ասել: Պատասխանը՝ ես լսել եմ քաղաքապետի հայտարարությունը, որ բռնություն չի էղել»:

-Դուք գնահատական չունե՞ք,- հարցնում է լրագրողը։

- Ես կարող եմ դատել միայն հայտարարություններից,- պատասխանում է հրաշալի կրթություն ստացած, բարեկիրթ, լավ դաստիարակված առողջապահության նախարարը: Իսկ որտե՞ղ պիտի երևա «Ալբերտ Հոլում» համերգ տվող ու UCL համալսարանում կրթված տղայի նույնքան կրթված հոր տարբերությունը «ավտոբուզ» ասող քաղաքապետից: Փաստորեն, ոչ մի տեղ: Ու նրանք հիմա ավելի համարձակ են: Իսկ գիտե՞ք՝ ովքեր են բացում նրանց արահետը, որը հետո դառնում է միջպետական մագիստրալ` Դուք:

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի կարդացած գրքերի չափ քաղաքապետարանի ավագանու իշխող մեծամասնությունը անգամ չի տեսել, ոչ թե՝ կարդացել: Ու հաստատ այնտեղ կատարվածը կրթական ոլորտի հետ սերտ առնչություն ունի: Բավարարվենք նրանով, որ նախարարն ասաց. «Մի աստիճան կա, որից ներքև իրավունք չունեն ներքև իջնելու: Ցանկացած բռնության նկատմամբ պետք է բացասական վերաբերմունք ունենալ»: Ինչու ձեր ինտելեկտով անգամ չեք ճնշում վատ կրթված ու վատ դաստիարակված ղեկավարներին, չէ՞ որ ձեր իմացածն այդ հնարավորությունը տալիս է:

Իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս եք վերաբերում քաղաքապետարանում տեղի ունեցած հայտնի աղմկահարույց դեպքին», պատասխանում է՝ «չեմ վերաբերվում»: Ու ինքը ճիշտ էր ասում՝ չի վերաբերվում:

-Ձեր կարծիքը ո՞րն է, - շարունակում է լրագրողը՝ նրա հետևից վազելով։

-Անշնորհքություն։

-Ու՞մ կողմից։

-Ներողություն,- ասում է մշակույթի նախարարն ու անհետանում կառավարության մութ ֆոյեում…

Առողջապահությունը, կրթությունը, մշակույթը զգուշանում են գերակշռող մեծամասնությամբ՝ նախկին «սլեսարների» ու տեխնիկում ավարտածների կամ չավարտածների հավաքին գնահատական տալուց: «Դոմկոմ» Շվոնդերները զգում են իրենց գերակայությունը և՛ մշակույթի, և՛  կրթության, և՛ առողջապահության հանդեպ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter