
«Կարասը» հաղթել է նաև վերաքննիչ ատյանում. «Զորահ կարասիի» հիմնադիրը մեկնաբանում է
Փետրվարի 13-ին վարչական վերաքննիչ դատարանում հանգուցալուծվել է «կարաս» բառի շուրջ դատական վեճը:
Հիշեցնենք, որ 2016 թ. մայիսին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն վարչական դատարանում հայց էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի (այժմ՝ տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ: Որպես երրորդ կողմ ներգրավվել էր «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն: Առաջին ընկերությունը հայտնի է «Կարաս» ապրանքանիշով, երկրորդը՝ «Զորահ կարասի»: «Տիեռաս դե Արմենիայի» հիմնադիրն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, իսկ «Զորահ կարասիինը»՝ Զորիկ Ղարիբյանը:
Հայցվոր կողմը պահանջել էր վերացնել մտավոր սեփականության գործակալության կողմից «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումը և գրանցումն անվավեր ճանաչել: 2017-ի սեպտեմբերին դատարանը բավարարել էր հայցը, ինչից հետո Զորիկ Ղարիբյանի ընկերությունն այն բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարանում: Քանի որ վեճին նախկինում անդրադարձել ենք, այս անգամ նորից մանրամասները չենք ներկայացնի:
Միայն հիշեցնենք, որ «Տիեռաս դե Արմենիայի» պնդմամբ «Զորահ կարասիի» ապրանքանշանը շփոթության աստիճան նման է իրենց ապրանքանշանին: Մյուս կողմից՝ «Հետքի» հետ զրույցում հայցվոր ընկերության գլխավոր տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը հայտնել է, որ իրենք դեմ չեն մյուս գինեգործների կողմից պիտակի վրա «կարաս» բառի օգտագործմանը, եթե այն սպառողների շրջանում շփոթություն չառաջացնի: Ընդ որում՝ Զ. Ղարիբյանի ընկերությունը միակը չէ, ումից պահանջներ ունի Էռնեկյանի ձեռնարկությունը: Վերջինս նմանատիպ հայց է ներկայացրել նաև «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի դեմ:
Ինչ վերաբերում է «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի դեմ հայցին, ապա վերաքննիչ վարչական դատարանը ստորադաս ատյանի պես առավել հիմնավոր է համարել արգենտինահայ գործարարի ընկերության փաստարկները և ուժի մեջ թողել վճիռը:
Դատական ակտից հետո «Հետքը» զրուցել է «Զորահ կարասիի» հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ: «Ես այլ որոշման հույս ունեի, ճիշտ որոշման, բայց գիտեի, որ դա անհնար է»,- ասում է սփյուռքահայ գինեգործն ու հավելում, որ անպայման դիմելու է Վճռաբեկ դատարան և, լինելով լավատես, հույս ունի, որ, այդուհանդերձ, արդար որոշում կլինի:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է դիմել միջազգային ատյաններին՝ Զ. Ղարիբյանը նշում է, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանն ու Վաշինգտոնում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը այն հարթակներն են, որոնց դիմելու համար նախապատրաստվել է: Միաժամանակ ասում է, որ դա հեշտ որոշում չէր: «Եթե ես լինեի այնպիսի մարդ, որի առաջին ու գլխավոր նպատակը փող սարքելն է և գերեզմանոցում ամենահարուստը լինելը, ապա դա շատ հեշտ որոշում կլիներ»,- ասում է Զ. Ղարիբյանը: Կրկնելով Էդուարդո Էռնեկյանին ուղղված բաց նամակում արտահայտած միտքը, որ այս վեճի պատճառով ամենամեծ տուժողը լինելու է Հայաստանը, հայկական գինեգործությունը՝ Ղարիբյանը նշում է, թե անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանի դատարական համակարգի վերջնական որոշումը չի ստիպի իրեն դիմել միջազգային մարմիններին. «Բայց հանկարծ իմ տրամադրվածությունը որպես թուլություն չընկալեք, որովհետև եթե ես հարկադրված լինեմ դա անել, անելու եմ»:
Գինեգործը ծիծաղելի է համարում վարչական վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, որը, ըստ նրա, հաշվի է առել միայն հակառակ կողմի փաստարկները: «Դատավորները իբրև ապացույց են ընդունել մյուս կողմի պատվերով ու փողով կատարած ուսումնասիրությունը՝ անտեսելով մտավոր սեփականության գործակալության կողմից դեռևս 2011-ին արված եզրահանգումը, որ 2 ապրանքանշանները տարբեր են»,- ասում է «Զորահ կարասիի» սեփականատերը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել