HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Պայքար շախմատային թագը վիճարկելու համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

Վաղը՝ մարտի 10-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը իրավունք կստանա այս տարվա նոյեմբերին ձեռնոց նետել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Հավակնորդների մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն հետևյալ շախմատիստները.

Լևոն Արոնյան, Դին Լիրեն (Չինաստան) - աշխարհի գավաթի 2017 թվականի խաղարկության եզրափակչի մասնակիցները,

Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչյուկ (Ռուսաստան) - ՖԻԴԵ-ի Գրան Պրի-2017-ում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները,

Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո (երկուսն էլ՝ ԱՄՆ) - մրցաշարի մասնակիցներին որոշելու պահին ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող շախմատիստները,

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - հավակնորդների մրցաշարի նախորդ խաղարկության հաղթողը,

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - կազմակերպիչ ընկերության (Agon) wild card-ի միջոցով:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Մասնակիցները միմյանց հետ կխաղան դասական շախմատի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով (ընդհանուր՝ 14 տուր): 

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը իր կարիերայում 5-րդ անգամ կփորձի պայքարել աշխարհի չեմպիոնին մարտահրավեր նետելու հնարավորության համար: Նախորդ 4 դեպքերում 35-ամյա գրոսմայստերը անհաջողության էր մատնվել:

Արոնյանը՝ 2018թ. իր առաջին հաղթական մրցաշարում / © John Saunders/

Արոնյանը առաջին անգամ հավակնորդների մրցաշարին մասնակցել է 2011 թվականին Կազանում: Դեռևս այն ժամանակ փլեյ-օֆ մրցակարգով անցկացվող մրցաշարում հայ շախմատիստը պայքարը լքեց հենց առաջին փուլից՝ 1/4 եզրափակչից ճանապարհը զիջելով Ալեքսանդր Գրիշչյուկին:

2013 թվականին Լոնդոնում Լևոն Արոնյանը գրանցեց իր լավագույն արդյունքը հավակնորդների մրցաշարերում: Նա վաստակեց 8 միավոր և ընդամենը կես միավոր զիջեց Մագնուս Կարլսենին, ով հետագայում գահընկեց արեց աշխարհի այդ ժամանակվա չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

2014 թվականին Լևոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում 14 հնարավորից վաստակեց 6 միավոր և 8 շախմատիստների պայքարում կիսեց 6-7-րդ հորիզոնականները:

2016 թվականին Մոսկվայում Արոնյանը 8 գրոսմայստերների պայքարում բաժանեց 4-7-րդ հորիզոնականները՝ վաստակած 7 միավորով:

Աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը իր տիտղոսը պաշտպանել է երկու անգամ: 2014 թվականին նա 6,5:4,5 հաշվով հաղթել է Վիշի Անանդին, իսկ 2016 թվականին միայն թայ-բրեյքում (դասական պարտիաներում գրանցվել էր 6:6) կարողացել է պարտության մատնել Սերգեյ Կարյակինին:

Հավակնորդների մրցաշարի 2018 թվականի խաղարկությանը մասնակցող 8 գրոսմայստերներից միայն երկուսն են իրենց կարիերայում առաջին անգամ վիճարկելու աշխարհի չեմպիոնին ձեռնոց նետելու հնարավորությունը, նրանք են Դին Լիրենը և Ուեսլի Սոն:

Միջազգային մի քանի բուքմեյքերական ընկերությունների գնահատականներով՝ հաղթողի կոչման գլխավոր թեկնածուն Լևոն Արոնյանն է, սակայն հավակնորդների մրցաշարերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաղթում են նաև նրանք, ովքեր մեկնարկից առաջ ամենևին էլ ֆավորիտ չեն համարվել:

Մրցաշարին մասնակցող շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն այս պահի դրությամբ ունի Շահրիար Մամեդյարովը՝ 2809: Լևոն Արոնյանը իր վարկանիշով (2794) 4-րդն է մրցաշարում: Ամենացածր վարկանիշն ունի Սերգեյ Կարյակինը՝ 2763:

Գրոսմայստերներից ամենատարեցը Վլադիմիր Կրամնիկն է՝ 42 տարեկան, ամենաերիտասարդը՝ Ուեսլի Սոն՝ 24 տարեկան:

Մրցանակային ֆոնդը կազմում է 420 000 եվրո, որից 95 000-ը բաժին կհասնի հաղթողին: Վերջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կպարգևատրվի 17 000 եվրոյով:

Մարտի 10-ին կայանալիք 1-ին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Դին Լիրենի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն՝ Կրամնիկ - Գրիշչյուկ, Կարյակին - Մամեդյարով, Կարուանա - Սո զույգերը:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար դիմակայությունը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

գլխավոր լուսանկարը՝ Ray Morris Hill