
Հանրապետության նախագահը կզրկվի օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունից
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով օտարերկրացիներին Հայաստանում բնակության համար հատուկ կացության կարգավիճակ է տրվելու վարչապետի թույլտվությամբ: Գործող օրենքով նման լիազորություն տրված էր նախագահին, սակայն սահմանադրության փոփոխությունից հետո ինչպես շատ այլ, այնպես էլ այս լիազորությունը վերապահվեց վարչապետին:
Օրենքի ամբողջական ընդունման դեպքում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու է կառավարությունը: Եթե գործող օրենքով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը կայացնում է նախագահը, ապա առաջարկվող փոփոխությամբ այդ լիազորությունը տրվելու է վարչապետին: Օրենքը կհամարվի ընդունված երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից հետո:
Մի շարք նախագծեր ևս, որոնցով նախագահի լիազորությունները կրճատվում են, կամ ամբողջությամբ կամ էլ առաջին ընթերցմամբ ընդունվել են: Հանրապետության նորընտիր նախագահը չի լինելու անվտանգության խորհրդի կազմում, նախագահն անուղղակիորեն զրկվելու է դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքից, այլևս նախագահի հրամանագրեր չեն լինելու, որոնցով նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է շնորհելու:
Հիշեցնենք, որ խորհրդարանը մարտի 2-ին 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ հանրապետության նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուին, սակայն Սարգսյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դեռևս չեն գործում: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրը լրանում է ապրիլի 9-ին։
Մեկնաբանել