
Յան Կուցիակի սպանության ֆոնին Սլովակիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանության ֆոնին Սլովակիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակը հրաժարական է տվել: Նրա հրաժարականը պահանջում էին հազարավոր քաղաքացիներ, ովքեր նախորդ հանգստյան օրերին բողոքի ցույց էին անցկացնում, փոխանցում են տեղի լրատվամիջոցները:
«Ես ինձ վրա եմ կրում մեր կոալիցիոն գործընկերների հայացքները և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի իրավիճակը կայուն լինի: Ահա թե ինչու եմ որոշել հրաժարական տալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռոբերտ Կալինյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել նաև Սլովակիայի վարչապետի օգնական Մարիա Տրոսկովան, երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը և մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը:
Նախորդ օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաները Սլովակիայում ամենամարդաշատն էին վերջին տարիներին: Ակցիաներ են անցկացվել երկրի 50 քաղաքներում: Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում էին երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և նրա կառավարության հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այս գաղափարին կողմ է արտահայտվել նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Յան Կուցիակին և նրա հարսնացուին սպանված էին գտել Վելկա Մաչա գյուղում իրենց տանը: Սպանության գործով մարտի 1-ին ձերբակալվել էին իտալական մաֆիայի հետ կապեր ունեցող եղբայրներ Անտոնինո և Բրունո Վադալաները ու նրանց զարմիկ Պետրո Կատրոպան: Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել: Կուցիակը հետաքննում էր Վադալաների և իտալական մաֆիայի կապերը, ինչպես նաև նրանց առնչությունը սլովակ քաղաքական գործիչներին:
Կուցիակի հետաքննությունների առանցքում էին նաև Սլովակիայի իշխող կուսակցության ներկայացուցիչների և տարբեր գործարարների միջև կասկածելի բիզնես կապերը: Հենց այստեղ գլխավոր գործող անձանցից մեկը եղել է այսօր հրաժարական տված Ռոբերտ Կալինյակը:
Լուսանկարը՝ Roman Vondrous/AP/dpa
Մեկնաբանել