
«Հայոց այբուբենի հուշակոթող»-ի դիմաց թափված աղբը մաքրվել է
Երկու օր է՝ Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են մաքրել «Հայոց այբուբենի հուշակոթող»-ի դիմացի տարածքում առաջացած աղբանոցը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Մելիքյանը։
Մելիքյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանն այդպես էլ չի կարողացել գտնել տարածքի սեփականատիրոջը, որոշել է սեփական միջոցներով մաքրել այն։ Մելիքյանն ասում է՝ այս պահին էլ այդ տարածքում է, հետևում է աշխատանքների կատարմանը։ Բացի այդ, տարածքը մաքրելուց նաև բարեկարգվում է հուշակոթողի շրջակայքը, հավաքվում են ավելորդ քարերը։
ՀՈԱԿ-ի տնօրենը հավաստիացնում է, որ այսուհետ անձամբ է հետևելու հուշակոթողի տարածքի մաքրությանը, և փորձելու են սեփականատիրոջը գտնել՝ տարածքը կրկին աղբանոցի չվերածելու համար միջոցներ ձեռնարկելու։
Երեկ էլ «Ֆեյսբուք»-յան օգտատեր Ռուբեն Մանուկյանը սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ հայտնելով, որ երեկ եղել է հուշակոթողի տարածքում և տեսել, որ աշխատակիցները մաքրելիս են եղել կենցաղային և տնտեսական աղբը։ Մանուկյանը աղբանոց դարձած այս տարածքի մասին բարձրաձայնել էր դեռ մարտի 7-ին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք՝ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ տեղադրված «Հայոց այբուբենի հուշակոթող»-ի դիմացի տարածքը աղբանոցի էր վերածվել, և որ այս հուշարձանի կողքով են անցնում զբոսաշրջիկներն ու դպրոցականները, երբ այցելում են Մեսրոպ Մաշտոցի գերեզման:
Ջիմ Թորոսյանի հեղինակած այս հուշակոթողը ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հուշարձանը տեղադրված է Օշական գյուղի մուտքից քիչ հեռու:
Հավելենք, որ «Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել էր, որ աղբանոցի վերածված տարածքը սեփականատեր ունի, սակայն սեփականատիրոջը չեն կարողանում գտնել: Մելիքյանը խոստացել էր մեկ շաբաթվա ընթացքում մաքրել աղբանոց դարձած տարածքը և որևէ միջոց ձեռնարկել, որպեսզի տուրիստական նշանակություն ունեցող այդ տարածքը կրկին աղբանոցի չվերածվի:
Լուսանկարները՝ «Հայաստանն առանց պլաստիկի» ֆեյսբուք էջից
Մեկնաբանել