Կերպասով տիկինը
«Ռետրո Ակումբ»-ում այսօր ջազային տրամադրություն է`ընգծված վոկալի առանձնահատկությամբ:
Երաժշտության մեջ կա մի անուն, ով անմիջապես և հավասարաչափ ասոցացվում է հենց այս երկու տարածքների հետ՝ ջազ և վոկալ:
Բիլլի Հոլիդեյ. Երգչուհի, ում կատարողական ոճն ու ձայնային առանձնահատկությունը հեղափոխական նորույթով արձանագրվեցին ջազի պատմության մեջ, և ում ներկայությունն ապահովեց հետագա լեգենդար անունների նշանավոր մուտքը ևս: Նա հսկայական ազդեցություն է ունեցել ջազի և փոփ երաժշտության զարգացման ասպարեզում, վերջինիս համար՝ հատկապես, երգեցողության առումով: Ձայնային առանձնահատուկ տեսակի ու ներքին բացառիկ զգացողության շնորհիվ նա կարողացել է մեղեդին արտահայտել մեկ այլ ձևակերպմամբ՝ խաղարկելով ու նոր ձևափոխությունների ենթարկելով տեմպը, հնչյունը՝ այսպիսով դառնալով նոր ճանապարհի երաժշտական մունետիկը: Այս անունը երաժշտության գիտակներին հայտնի է իմպրովիզացիոն իր զարմանալի հմտությամբ, երգը զգալու ու մատուցելու ինքնատիպ, միևնույն ժամանակ խորունկ կարողությամբ: Եվ այս ամենն առավել ազդեցիկ է հնչում, երբ նկատի է առնվում երգչուհու՝ ֆորմալ երաժշտական կրթություն չունենալու հանգամանքը:
Բ. Հոլիդեյն իր կենդանության օրոք և երեսնամյա ստեղծագործական կյանքում հասցրեց ունենալ 11 ստուդիական, 6 համերգային ալբոմ և բազմաթիվ հավաքածուներ իր ժամանակի նշանավոր երգիչ-երաժիշտների հետ: Վերջին ալբոմը՝ «Last Recording» խորագրով, լույս տեսավ նրա մահվանից հետո՝ 1959թ. հուլիսին: Դրանցից յուրաքանչյուրում ընդգծված են երգչուհու կատարողական վերոնշյալ յուրահատկությունները: Սակայն այս ալբոմների մեջ առանձնանում է մեկը, որը թեև շատ առումներով այդ տեսանկյունից կարող է զիջել մյուսներին, այնուամենայնիվ մնում է միակը, ով ամբողջովին արտացոլում է Հոլիդեյի կյանքն ու ստեղծագործական էությունը:
«Lady In Satin». սա Բ. Հոլիդեյի` կենդանության օրոք թողարկված վերջին ալբոմն էր: Այն լույս տեսավ 1958թ., «Columbia Records»-ի կողմից: Պրոդյուսերն էր հանրահայտ Իրվինգ Թաունսենդը, գործիքավորողը՝ Ռեյ Էլլիսը: Նրա երաժշտությանը քաջ ծանոթ ունկնդիրներից, ինչպես նաև այս ոլորտի մասնագետներից շատերը այս ալբոմը համարում են երգչուհու վոյերիստական դիմանկարը՝ ծեծված կնոջ պատկերով:
Այստեղ 30-ականներից հայտնի և ջազի ամենատաղանդավոր «թարգմանիչներից» մեկի՝ «Lady Day»-ի՝ (այսպես էին անվանում նրան ընկերները), ձայնի նախկին խաղացկուն ու ինքնավստահ ելևէջները փոխարինվել են բեկված, հյուծված ու երերուն հնչյուններով: Օրն արդեն իր կյանքի մայրամուտն էր ապրում այս հնչյունային պատկերում:
Ինքը՝ Բիլլի Հոլիդեյը, ամենաշատն էր սպասում այս ալբոմի ծնունդին: Ասում են՝ սա նրա ամենասիրելին էր իր բազմաթիվ ձայնագրություններում: Եվ, այնուամենայնիվ, մոռանալով նրա հիվանդ ու օրեցոր քայքայվող կյանքը, դրա լուրջ ազդեցությունը նրա հոգեկան աշխարհի և, հատկապես, վոկալի վրա, անհնար է չգնահատել այս ալբոմի արժեքը. ուրիշ Բիլլի Հոլիդեյ, բայց կրկին տարբեր ու ցնցող ջազային գործեր:
Ու թեև ժամանակին այն և՛ լավ, և՛ վատ գնահատականներ ստացավ, առանձնապես մեծ հաջողություն չվայելելով, միևնույն է, հետագայում և մինչ օրս այս վոկալ ջազային ալբոմը համարվում է ոչ միայ Հոլիդեյի, այլև աշխարհում լավագույն ստեղծագործություններից մեկն առհասարակ:
« I’m a Fool to Want You», «You’ve Changed», « Glad to Be Unhappy», « You Don’t Know What Love Is»… ամերիկյան հայտնի այս ջազային ստանդարտները նրա կատարմամբ բոլորավին այլ էություն են ստացել՝ չափազանց զգացմունքային են դրանք, դառնացնելու չափ անկեղծ: Սերն այստեղ ոչ միայն գեղեցիկ զգացմունք է, այլև մորմոք, հուսահատություն, կյանքը, լույսի հետ մեկտեղ, ցավ է, անկում, և այս պարտադիր օղակներից հյուսված շղթայում իր պատմությունը երգող մարդը՝ անհայտ հեռուներում կորցրած մանկությամբ մի կին՝ իր թուլությունների ու զղջումների բեռն արդեն հիվանդ մարմնում:
«Lady In Satin »-ի համար «Columbia Records»-ը պայման դրեց ձայնագրել այն երգերը, որոնք Հոլիդեյի կատարմամբ հնչել էին նախկինում, բայց երբևէ չէին ձայնագրվել: Դրանց մեծ մասն արդեն հայտնի ստանդարտներ էին, որոնք այս անգամ պիտի ներկայանային նվագախմբային համադրությամբ: Ընկերությունն այս համագործակցությամբ ուզում էր տեսնել երգչուհու վերադարձը դեպի հայտնի այս լեյբլը՝ 16-ամյա բացակայությունից հետո: Բացակայություն, որը կրում էր հերոինից կախվածության, հոգեկան անկումների, ձերբակալության ու հիվանդանոցային կյանքի բոլոր հետքերը: Այսպիսով՝ ալբոմի հիմնական բովանդակությունը ներառում էր Հոլիդեյի՝ երեք տասնամյակի մեջ տեղավորվող ստեղծագործական կյանքի հայտնի ու անհայտ հնչյունները. դրանք ամերիկյան դասական երգարանի դասական վերնագրեր էին, որոնք նոր շունչ ու անուն ստացան Հոլիդեյի կատարմամբ:
Բ. Հոլիդեյն ու սաքսոֆոնահար Ք. Հոքինսը, 1951 թ., Ֆ. Դրիգսի հավաքածու
Ջազում հայտնի նվագախմբային գործիքավորող, կոմպոզիտոր և դիրիժոր Ռեյ Էլլիսը, երգերի գործիքավորումն արեց՝ առավելապես շեշտադրելով Հոլիդեյի ձայնը: Նա այս հարցում մինչև վերջ իր որոշման հանդեպ անզիջում մնաց, թեպետ ինքն էլ սարսափով նկատել էր, թե որքան էր փոխվել ու խարխլվել երգչուհու ձայնը տարիներ շարունակ ալկոհոլի ու թմրադեղերի չարաշահումից: Այդ փոփոխությունն իսկապես կտրուկ էր ու այն առաջին պլան բերելը՝եթե ոչ տարօրինակ, ապա՝ համարձակ որոշում էր:
« Ամենահուզիչ պահը, որ հիշում եմ, այն էր, երբ աշխատանքի պահին լսում էր ինքն իրեն՝ արդեն ձայնագրված « I’m a Fool to Want You»-ի կատարումը,- հիշում է Ռեյ Էլլիսը,- Նրա աչքերում արցունքներ կային… Երբ ալբոմի աշխատանքներն ավարտեցինք, ես գնացի վերստուգման սենյակը, որպեսզի ծայրից ծայր վերջին անգամ լսեմ գործերը: Պետք է խոստովանեմ, որ դժգոհ էի նրա կատարումից, բայց ես այն ժամանակ փոխանակ զգացականի՝ լսում էի երաժշտական տեսանկյունից: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մի քանի շաբաթ անց լսեցի դրանց վերջնական տարբերակները. ես հասկացա, որ դրանք իրականում հզոր կատարումներ էին»:
Ֆրենկ Սինատրան ևս այն արտիստներից էր, ով կրել էր Բ. Հոլիդեյի ազդեցությունն իր երաժշտական կյանքում, դեռ երիտասարդության տարիներից:
«Ընդամենը մի քանի բացառությամբ, Միացյալ Նահանգների յուրաքանչյուր մեծանուն փոփ երգիչ, որը նրա սերնդակիցն էր, անպայման, որևէ կերպ ազդվել է նրա տաղանդից ,- ասում է նա 1958թվականին ամսագրերից մեկին տված հարցազրույցում,- Բիլլի Հոլիդեյը եղել և մնում է իմ կյանքի ամենամեծ և միակ երգիչը, ով երաժշտապես ազդեցություն է ունեցել ինձ վրա: Լեդի Դեյը, անկասկած, վերջին 20 տարվա ամենակարևոր անունն է, ով մեծ հետք է թողել ամերիկյան փոփ երգեցողության մեջ»:
Երբ առաջին անգամ նրան ակումբներից մեկում երգելիս լսեց պրոդյուսեր Ջոն Համմոնդը` 1933թվականին, քիչ է ասել, թե ցնցված էր 17-ամյա Հոլիդեյի տաղանդով: Նա որոշեց արագ գործի անցնել՝ կազմակերպելով դեբյուտային ալբոմի ձայնագրությունը: « Նրա կատարման ոճն ամբողջովին փոխեց իմ երաժշտական ճաշակն ու ընկալումները, որովհետև նա ինձ հանդիպած առաջին երգչուհին էր, ով իրապես նույքան կատարյալ էր իմպրովիզացի մեջ, որքան ջազի հանճարներն էին»:- ասել է Համմոնդը երգչուհու մասին: Երգի հանդեպ զգացողության առումով պրոդյուսերը Հոլիդեյին համեմատել է Լուի Արմսթրոնգի հետ՝ շեշտելով, որ նա հնչյունի ու բառի երկխոսությանը հաղորդակից էր դեռևս վաղ տարիքից:
Իր բազում երաժշտական հոդվածներով հայտնի, «NME» ամսագրի և «BBC»-ի թղթակից Մայլս Քիլոքը «1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» գրքում զետեղված անդրադարձում նշում է՝ «Չլիներ «Կերպասով տիկինը», պարզապես չէին լինի Նինա Սիմոնն ու Ջենիս Ջոփլինը՝ սրտի խորքից դուրս բխող այդպիսի մորմոքով, որն անզիջում է տասնամյակների դեմ» :
«Երբեմն պայքարում հաղթելն ավելի վատ է, քան պարտվելը»,- ասում էր Բիլլի Հոլիդեյը:
Գլխավոր լուսանկարը վերցված է www.billboard.com -ից
Մեկնաբանել