HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Չավարտվող զրույցի փորձ Սէվի հետ

Սէվի հետ զրուցելու պարբերականությունը հաճախ չի, բայց Սէվը միշտ կա անվան կողքին հենց կանաչ լույսը վառվում է, ուզում եմ մի քանի հարց տալ։ Մեկնաբանություն է գրում, ես պատասխանում եմ, հետո էլի ինքը, մեկ էլ բացում եմ «չաթի» պատուհանն ու գրում՝ ոնց ես։

Երեկ չէ առաջին օրն էլ ինձ մոտ առավոտ, իր մոտ գիշեր, ինքն արդեն ժամեր շարունակ արթուն, ես՝ նոր արթնացած, պայմանավորվում ենք, որ հենց քնի, արթնանա, խոսում ենք։

 

Սէվ- եկա․․․Հագնված, ակտիվ (սրճած) ու զրոյական վիճակով։

Անուշ- ուռա՜, չեմ ուզում դասական ֆորմատի զրույց անենք։

Սէվ- բալկոնում խոմ ցուրտ չի՞․ ուսերիս մի բան գցեմ։

Անուշ- «Բալկոնում Սէվն է» կանենք այն ժամանակ, երբ դու այստեղ լինես․․․   

              Չնայած այս պահին իրոք ցուրտ է։

Սէվ- ուրեմն հիմա ոչ մի բալկոն։

Անուշ- հա, հիմա ուրիշ բան կա։

Սէվ- ասա՛․․․

Անուշ- ուզում եմ Հայաստանին տարբեր ռակուրսներից նայես։

Սէվ- նայե՜նք։

Անուշ- գնացի՞նք։

Սէվ- հա, թեկուզ ես 18 տարի է ուրիշ ռակուրսով եմ նայում․․․

 

 Հայաստան եւ հանրապետություն

 Հայաստանը հանրապետություն է արդեն հարյուր տարի։

Էս  մի երկու դար է՝ մոդան փոխվել է, բոլոր «անկախություն» ստացած կամ նվաճած երկրներն էլ հանրապետություն են․․․

Մեծ, շատ մեծ երկրները, տեսնելով, որ այլեւս չեն կարողանում կառավարել իրենց ենթակա բազմաբնույթ ժողովուրդներին, առաջ բերեցին ժողովրդավարության գաղափարը, եւ դրա քողի տակ սկսվեց մաշկափոխությունը։

Կայսրությունների մթնշաղի ֆոնին սկսեց գեներացվել համաշխարհնայցման, գլոբալիզմի գաղափարը․․․

Կոմունիստ-բոլշեւիկների պրոլետարիատի համաշխարհային հեղափոխությունը, գերմանական ռեյխի համաշխարհային տիրապետություն հաստատելու ձգտումը․․․ Բոլոր ինտերնացիոնալները, NATO-ներն ու Վարշավյան պայմանագրի երկրները, իսկ հիմա էլ հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեղային պատերազմներն ու գույնզգույն հեղափոխությունները․․․Մի խոսքով՝ միաբեւեռության տանող բոլոր իզմերն ու վարդապետությունները․ այդ ֆոնին Հայաստանի հանրապետությունը մի փոքր դրվագ է։

Միաբեւեռությունը, եթե շատ չխորանանք, երկրորդ կարծիքի բացարձակ ժխտումն է, երկրորդ՝ տարբերվող տեսակի մերժումը, տարակարծության արմատախիլ անելը, որը պոպուլյար լեզվով ասած՝ ռասիզմ է, ֆաշիզմ եւ այլն․․․

Հայաստանի հանրապետությունը բացառություն չէ, այլ օրնաչափության մի դրվագ։

Հայաստան եւ հայրենիք

«Հայրենիքի» ստերեոտիպը այդ նույն շարքից է․ անգամ երբ Սովետի մի մասն էինք, հայրենիքը էլի Հայաստանն էր, ոչ թե Սովետ միությունը։

Քսան տարի է՝ ուրիշ մայրցամաքում եմ ապրում, բայց հայրենիքս կրկին Հայաստանն է․ կոպիտ ասած՝ այստեղի, այս երկրի վրա սիրտս չի ցավում։

Սրտի կաթվածն էլ Հայաստանում եղավ, ոչ թե այստեղ։

Գնալն ու Հայաստանը, մնալն ու Հայաստանը

Երբ կայսրության ազդեցությունը կիսափլվելուց առաջ նկատելիորեն պակասել էր, մենք՝ ապագա անկախ երկրի հավանական քաղաքացիներս, արդեն մտածում էինք, թե արտաքին ճնշման մինիմումի պայմաններում ինչը պիտի լինի հիմնական «անհանգստությունը»․․․

Քանի որ իմ հետաքրքրությունները մշակույթի ոլորտում էին, կասկած չունեի, որ խնդիրը մշակութային է, երկրորդը՝ տարբերվող կարծիքի բացակայությունը։

Երբ Արմեն ֆօն Գեւորգյանի հետ նախապատրաստում էինք «Այսօր»-ի հրատարակումը, հիմնական սկզբունքներից մեկը հռչակեցինք «ակտիվ չեզոքությունը»՝ սպասվող կուսակցական ու թայֆայական տուրուդմփոցներից հնարավորինս զերծ մնալու համար։

Նոր տեսանկյուններ, նոր մոտեցումներ, տարբեր մտածողական համակարգերի ներմուծման փորձեր, երկրի ու ազգի մշակույթի մեջ այլընտրանքային թեւի ստեղծման փորձ (հատկապես, որ «Երրորդ հարկ» շարժումն արդեն մտել էր փակուղի)։

Նույն ժամանակ գործարար Սերգեյ Ջավադյանի հետ համագործակցելով՝ ստեղծվեց նաեւ «Բունկեր» այլընտրանքային խումբը, որը երկու տարի դիմացավ․․․ Ու քանի որ խմբի անդամների մեծ մասը երկրից դուրս գնաց, «Այսօր»-ը փորձում էր այդ բացը լրացնել, քանզի «Երրորդ հարկ»-ականների մեծ մասը դարձել էին «պաշտոնական» մշակույթի ջատագովներ։

Ես երկրից գնացի, երբ խորը ճգնաժամի մեջ էի՝ տնտեսական, հոգեբանական։ Իմ համախոհների հիմնական մասը այլեւս երկրում չէր․ այն, ինչ մնացել էր «Այսօր»-ից, այլեւս ի վիճակի չէր պահպանել իր հետեւողականությունն ու սկզբունքայնությունը․ այն դադարեց լույս տեսնել։

Վերջապես ես չորս հոգուց բաղկացած ընտանիք ունեի ու պարտքեր․․․Մեծամասնության պես։

Երկիրը վերակառուցվում էր սպառողական տնտեսական կցորդի վերածվելու համար, որը ուրիշ որակի «հող» էր ակնկալում, որը հնարավոր էր վայրի կապիտալիզմի արմատավորմամբ միայն․ իսկ այդտեղ, ես անձամբ, բացարձակապես անելիք չունեի․․․

Դրսում, առաջին վեց ամսում մոտ հիսուն գործ արեցի ու անհատական ցուցահանդես․ տասը անգամ ավելի, քան Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում։

Եվ սա միայն իմ կենսագրությունը չէ, այլ միլիոն ու կես հայաստանցիների, որոնք «անկախության» առաջին տասը տարում դուրս եկան երկրից։

Իմ խոսացած հայերենը չէր ընկալվում, իմ արվեստային-մշակութային կեցվածքը հայաստանյան իմ համախոհների կողմից անգամ ընկալվում էր որպես անախրոնիզմ։

Հայաստանում թեւածում էր ապագայապաշտությունը․ առանց ներկան որոշակիացնելու, բոլորն ապագայի տեսլականով էին տարված․․․

Հայաստան եւ հիմա

Հիմա Հայաստանն «արդիական» երկիր է՝ մի քիչ նման Ռուաստանին, մի քիչ՝ Արեւմուտքին, մի քիչ հեռավոր արեւելյան երկրներին։ Երկիր է՝ առանց ինքնության, առանց ինքնագիտակցման ու կեղծ, արհեստական երկվությունների պատրանքի մեջ։

Ֆորմալ պահպանողականների ու ֆորմալ առաջադիմականների բոստան․․․

Հայաստանում անգամ որեւէ ձախ կուսակցություն չկա․ ազատականներն անգամ ծայրահեղ պահպանողական են։

Մենք՝ «կազիրոկցիներով», իննսուն թվին կես-կատակ, կես-լուրջ անարխիստական կուսակցություն հիմնեցինք՝ փորձելով հրահրել նոր երկխոսություն «աջերի» ու «ձախերի» միջեւ։

Ինձ համար միշտ էլ ստեղծագործոթյունն իր մեջ հրահրումի, պրովոկացիայի երանգ է ունեցել, այլ կերպ իմաստ չունի որեւէ բան անելը։ Հասարակությունը չափազանց իներտ երեույթ է, բայց ստեղծագործությունը երբեք չպիտի թշնամանք հրահրողի, բաժանողի դեր ստանձնի։

Իմ հիման, այս պահինը հեռավոր կերպով է առնչվում Հայաստանին․ մի շաբաթից Լոսի Վեստ Հոլիվուդ թաղամասի մունիցիպալ ցուցասրահում 1989 թվականին հիմնադրված «Բունկեր» խմբի հավաքածուի՝ 1979-91թթ․-երին ստեղծած գործերի ցուցահանդեսն է։

Սերգեյ Ջավադյանն առաջին անգամ ցուցադրելու է մեր՝ իմ, Քիքիի, Մարտին Ա․ Պետրոսյանի, Արմեն Հաջյանի, Աշոտ Աշոտի ու Օֆենբախի գործերը․․․ Գործեր, որոնք մենք առնվազն 18 տարի չենք տեսել։

Թնջուկներից մեկն այն է, որ այս ցուցադրության նախաձեռնողը տեղի ռուսական համայնքն է, այլ ոչ հայկականը՝ Գլենդելյանը․․․ Հավաքածու, որը, թեկուզ այլընտրանքային, բայցեւայնպես հայաստանյան մշակույթի արդյունքն է։

Հայաստան եւ Սէվ

Դե, ինչ ասեցի, ավելի շատ իմ մասին է, քան Հայաստանի։ Հայաստանը ես եմ։

գլխավոր լուսանկարը՝ Սէվի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter