
Հովիկ Աբրահամյանի դստեր ընտանիքը հայտարարագրել է 5,9 մլն դոլարի դրամական միջոց
ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը շարունակում է ավելացնել իր եկամուտներն ու դրամական միջոցները: Այդ ամենը երևում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագրից:
Վլադիմիր Թամրազյանը, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը՝ մոտ 7 մլն դրամ: Սակայն դրամական միջոցները մի քանի հարյուր անգամ գերազանցում են ստացած եկամուտները:
Որպես դրամական միջոց` հայտարարագրել է 403 մլն 200 հազար դրամ, 750 հազար դոլար և 800 հազար եվրո: Նշենք, որ նախորդ տարի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, Թամրազյանը դարձյալ այս գումարներն էր նշել: 3 մլն 200 հազար դրամով ավելացել է միայն դրամով պահվող գումարը:
Խոշոր դրամական միջոցներ ունի նաև պաշտոնյայի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է:
Ռեբեկա Աբրահամյանն առաջին անգամ է ներկայացնում հայտարարագիր, նախկինում նա հայտարարատու անձ չէր համարվում: Պարզվում է` նա 2017թ. որևէ եկամուտ չի ունեցել, սակայն որպես դրամական միջոց խոշոր գումարներ է հայտարարագրել. 700 մլն դրամ, 900 հազար դոլար և 800 հազար եվրո:
Եթե ամուսինների դրամական միջոցները վերածենք դոլարի, կստացվի, որ ունեն 5,9 մլն դոլար:
«Հետք»-ը դեռևս 3 տարի առաջ ուսումնասիրել էր այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի, նրա ընտանիքի անդամների բիզնես կապերը:
Գրել էինք նաև, որ Ռեբեկա Աբրահամյանը ևս մուտք է գործել բիզնես աշխարհ: Նա 2014թ. սեպտեմբերի 17-ին դարձել է նույն տարվա օգոստոսին աշտարակցի Արման Միրզոյանի կողմից հիմնած «Միթ Ինվեստ» ՍՊԸ-ի 25%-ի սեփականատերը: Նույն օրը ՍՊԸ-ի 25-ական տոկոսի սեփականատեր են դարձել նաև երկու վրացիներ՝ Լեւան Չիկովանին, ով հայտնի էր չեխական «Wind Energy Investment s.r.o.» ընկերությունում` որպես գործադիր տնօրեն և 50%-ի սեփականատեր, ինչպես նաև Մինդիա Սաբանաձեն: Վերջինս ունի բազմաթիվ ընկերություններ: Վրացի մեր գործընկերները օգնել էին պարզել, թե ինչ բիզնեսներ ունեն վերջիններս:
Ըստ հարկային մարմնի՝ «Միթ Ինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:
![]() |
Կարդացեք նաև՝ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել