Հետագա ծրագրերի մասին Փաշինյանը կխոսի հանրահավաքի ժամանակ (թարմացվող)
19:41
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքաղաքական կյանքում բեկում եղավ: «Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է: Այս շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն ունի, որովհետև սա ազնիվ շարժում է»,- հայտարարեց նա:
18:35
18:04
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում էր ասել՝ բռնության կիրառման դեպքում իրենք կլինեն հրապարակում, և հավելեց՝ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել: «Մենք ինչ ասել ենք, մեր խոսքի տերն ենք»,- ասաց նա:
Մարուքյանը չցանկացավ պատասխանել հարցին` արդյոք միանալո՞ւ են պայքարին, թե` ոչ: Հիշեցնենք, որ 19:00-ին հանրահավաք է հայտարարված:
18:01
17:35
Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: 19:00-ին հայտարարվեց հանրահավաք:
16:59
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շուտով կմիանա ցուցարարներին:
16:31
Ոստիկանների եւ ցուցարարների հետ բախումներից հետո` քիչ առաջ, Բաղրամյան պողոտա բերվեց ջրցան մեքենան: Այն կայանվել է ոստիկանական ուժերի հետեւում:
16: 21
Նիկոլ Փաշինյանի կինը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Կնոջ փոխանցմամբ` փշալարերից քերծվել են պատգամավորի ձեռքերը, որոնք վիրակապել են, եւ նա խոստացել է քիչ ուշ միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին:
16: 20
Ոստիկանությունը դիմել է հանրահավաքի մասնակիցներին հետեւյալ հայտարարությամբ. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:
16:15
Ոստիկաններն այդպել էլ չեն հեռացրել փշալարը, որը ցուցարարներին բաժանում է ոստիկանական ուժերից:
16:10
Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտվել է: Այլեւս բախումներ չկան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Բախումներից հետո պողոտա են ժամանում շտապօգնության մեքենաները՝ վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերում կամ հիվանդանոց տեղափոխում: Ցուցարարները չեն լքել պողոտան:
16:05
Ոստիկանության հատուկ գործողությունից հետո Բաղրամյան պողոտա են ժամանում շտապ օգնության մեքենաներ եւ քաղաքացիներին տեղափոխում են հիվանդանոցներ: Շուշան Հարությունյանը եւս վնասվածք է ստացել եւ սպասում է շտապ օգնության մեքենայի ժամանմանը: Ասում է` բախնան ժամանակ ցուցարարների ութերորդ շարքում էր: Շուշանի ոտքի մեջ պայթուցիկի մնացորդ է մտել եւ մի քանի տեղից վնասել:
16:02
«Հետքի» թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Պայթուցիկ նյութից վնասվածք է ստացել նաեւ շարժման անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
16:00
Համաձայնություն ձեռք բերվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ` վերջիններս երեք քայլ ետ են գնում, իսկ ոստիկանությունը չի կիրառում գազային հատուկ միջոցը:
15:52
Ոստիկանությունը զգուշացրեց ցուցարարներին, որ որոշում է կայացվել ցույցը ցրելու մասին:
15:42
Բաղրամյան պողոտայում անորոշ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը չի երեւում ցուցարարների առաջին շարքերում, մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել կիրառված հատուկ միջոցներից: Նրանց մոտեցել են շտապօգնության մեքենաներ:
15: 24
15:23
Այս պահին բախում է տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները փորձում են անցնել արգելապատնեշը և մոտենալ ԱԺ-ի շենքին, սակայն ոստիկանները բռնի կերպով արգելում են ցուցարարներին առաջ շարժվել:
15:19
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ փորձում է ճեղքել ոստիկանական արգելապատնեշը, սակայն նրանց դեռևս չի հաջողվում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ պատգամավորներին թույլ կտա առաջ շարժվեց և մոտենալ ԱԺ-ին, սակայն Փաշինյանը Օսիպյանին ասաց, որ իր առջև նախապայմաններ դնել պետք չի, ինքը, միևնույն է, գնալու է ԱԺ լրագրողների և ցուցարարաների հետ միասին: Պատգամավորը ցուցարարներին հարցրեց, թե ով է այսօր իր մոտ ընդունելության, ցուցարաները միաձայն գոչեցին՝ «ես»:
Փաշինյանը Օսիպյանին հորդորեց բացել արգելապատնեշտները, սակայն նա հրաժարվեց` նշելով, որ անձամբ պատգամավորներին կուղեկցի ԱԺ-ի շենք, սակայն այս արգելապատնեշտները չի բացի: «Դուք չեք կարող ինձ ասել` որտեղից անցնեմ, պարոն Օսիսպյան»,-ասաց պատգամավորը:
15:07
14:13
Ցուցարարները այժմ հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հասկանալու, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը:
Ոստիկանական ուժերը փակել են Մելիք-Ադամյան փողոցը: Կարմիր բերետավորները փակել եւ հսկում են ՀՀԿ գլխավոր գրասենյակ տանող ճանապարհը: Հարակից այգու տարածքում կայանել են ոստիկանական ավտոբուսներ, որոնցում եւս կենտրոնացված են ոստիկանական ուժեր:
13:27
Ուսանողները հայտնեցին, որ չեն վերադառնալու Աբովյան պուրակ, որտեղ ուսանողների մեկ այլ խումբ դասադուլ է անում եւ, անհրաժեշտության դեպքում, կրկին կվերադառնան Բաղրամյան պողոտա: Այս պահին նրանք դեռեւս Բաղրամյան պողոտայում են: «Իմ քայլը» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ հավաքվածները պետք է հանդարտ սպասեն, եւ ոստիկանները քայլ առ քայլ հետ կգնան ու կբացեն պողոտան:
13:01
12:27
«Իմ քայլը» շարժման անդամները քիչ առաջ փակեցին «Հաղթանակ» կամուրջը, ինչպես երեկ հանրահավաքի ընթացքում հորդորել էր շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Ցուցարարները վարորդներին կոչ են անում միանալ իրենց եւ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
11:57
Ցուցարարներն այս պահին փակել են Խանջյան փողոցը Գրիգոր Լուսավորիչ փողոցին միացնող թունելը: Մեքենաները շրջադարձ են կատարում եւ վերադառնում:
11:46
Ցուցարարները «Դասադուլ», «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկելով` մտան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Բարձրանալով համալսարանի հարկերով` նրանք դասադուլի կոչ հնչեցրին, իսկ ոմանք բուֆետի պատին փակցված պաստառից ջնջեցին Սերժ Սարգսյանի դեմքը:
11:31
«Իմ քայլը» շարժման հարյուրավոր ցուցարարներ այս պահին փակել են Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Խանջյան փողոցը: «Մի րոպե էս փողոցը պետք ա փակվի»,- ասաց Փաշինյանը:
Ցուցարարները պատշգամբներից նայող քաղաքացիներին «Միացեք» վանկարկելով կոչ էին անում միանալ պայքարին:
10:48
Հարյուրավոր ցուցարարներ Մաշտոցի պողոտայով քայլերթով միացան Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ դասադուլ անող ուսանողներին: Ցուցարարները ծափողջյուններով ողջունեցին այն երիտասարդներին, ովքեր կարողացել են վաղ առավոտից փակ պահել այս փողոցները: Ցուցարարները վանկարկում են «Միացեք» եւ կոչ անում համալսարանի պատուհաններից նայող ուսանողներին իջնել լսարաններից եւ իրենց միանալ:
Հերացի փողոց ժամանեցին մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ, փորձեցին հեռացնել ճանապարհը փակած ուսանողներին:
Հերացի փողոցում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացրել ու ցուցարարներին արգելում են առաջ շարժվել: Ոստիկանները որքան էլ փորձեցին արգելել ցուցարարաներին առաջ շարժվել, նրանք ճեղքեցին ոստիկանական պատնեշը եւ առաջ շարժվեցին:
10:42
10:30
Փաշինանյանը ցուցարարներին հորդորեց չբախվել ոստիկանների հետ, եթե սափրագլուխները ակտիվանան, նրանց պետք է չեզոքացնել: Սափրագլուխ ասելով` պատգամավորը նկատի ունի օլիգարխների թիկնազորների աշխատակիցներին: Փաշինյանը կոչ արեց եւ խնդրեց գործարարներին չներքաշվել քաղաքական այս գործընթացի մեջ, քանի որ իրենց կռիվն ու պայքարը Սերժ Սարգսյանի դեմ է:
10:20
«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ լարված իրավիճակ է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Այստեղ երիտասարդները խափանել են մետրոպոլիտենի աշխատանքը, մոտ 30 րոպե է` գնացնքերը չեն կարողանում շարժվել:
10:16
Հարյուրավոր ցուցարարներ Մաշտոցի պողոտայով շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկելով:
Ոստիկանական պատնեշին մոտենալով` Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց որեւէ հարցով ոստիկաններին չդիմել, քաղաքական հարցեր չքննարկել, նրանք արդեն որերոդն օրն է` լարված ծառայություն են իրականացնում: «Խնայեք մեր ոստիկաններին եւ նրանց առողջությունը: Ողջունում ենք ձեզ մեր սիրելի ոստիկաններ»,- ասաց Փաշինյնաը: Ցուցարարները ծափ տվեցին:
Պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկանների ընտանիքներից, որ իրենց պատճառով արդեն քանի օր է լարված ծառայություն են իրալանացնում: Փաշինյանը հայտնեց, որ քիչ ատաջ փակվել է նաեւ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:
10:06
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված: Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
10:00
Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Ամիրյան փողոց ճանապարհը փակ է: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ցուցարարների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից շարժվեց Մաշտոցի պողոտայով եւ միացավ Ամիրյան փողոցը փակած ցուցարարներին: Պողոտայով անցնելիս Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ իրենց ակցիային եւ քաղաքացիներից ներողություն խնդրեց պատճառված անհանգստության համար, սակայն նշեց, որ սա քաղաքական ակցիա է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի ադրբեջանցման:
Պողոտան փակ է Ամիրյան փողոցից մինչ Ֆրանսիայի հրապարակ: Քայլերթի ընթացքում ցուցարարները աղբամաններով եւ նստարաններով փակում են նաեւ մոտակա խաչմերուկները: Փաշինյանը հավաքվածներին ծափերով ողջունեց եւ ասաց, որ հպարտանում է նրանցով: «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը հավաքվածներից ոմանց կոչ արեց մնալ Ամիրյան փողոցում, իսկ Փաշինյաըւ եւ այլ ցուցարարներ այս պահին վերադառնում են Մաշտոցի պողոտայով: Փաշինյանը ուղիղ եթերով ակցիային հետեւող քաղաքացիներին կոչ արեց փակել նաեւ Խանջյան փողոցը:
9:50
Այսօր առավոտյան 8:15-ից «Իմ քայլը» շարժման անդամները խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսել: Մասնավորապես` ցուցարարները փակել են Ամիրյան փողոցը: Փողոցի խաչմերուկում նրանք նստել են ասֆալտին, նստարաններ են դրել, աղբարկղ եւ մոտեցող մեքեննաներին հորդորում են իրենց միանալ:
Ցուցարարները չեն բացում փողոցը, որքան էլ ոստիկանները պնդում են, թե ակցիայի մասնակիցների գործողություններն իրավաչափ չեն:
Տասնյակ ուսանողներ դասադուլ են սկսել եւ փակել են Երիտասարդական մետրոյից դեպի բժշկական համալսարան տանող ճանապարհը:
Առավոտյան մի խումբ ցուցարարներ էլ պառկել էին մետրոյի Բարեկամության կայարանի կառամատույցի եւ վագոնի մեջտեղում՝ կաթվածահար անելով մետրոյի աշխատանքը:
Երեւանի տարբեր թաղամասերում ցուցարարները փակել են փողոցներ՝ նստելով մեքենաների առջեւ, արգելելով նրանց տեղից շարժվել:
Մեկնաբանել