![](/static/articles/08/74/81/l-Hv9z3dHzr5.jpg)
Կարմիր բերետավորները փորձել են «ստորացնել» ցուցարարին ՝ ծեծի ենթարկելով նրան
Այսօր առավոտյան Մանկավարժական համալսարանի մոտից կարմիր բերետավորները բերման են ենթարկել, այնուհետև մեքենայի մեջ ծեծել են Վարդան Համբարձումյանին, ով մասնակցում է «Մերժիր Սերժին» շարժման փողոցի փակման ակցիաներին: Ոստիկանները հարվածներ են հասցրել Վարդանի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև թքել են վրան և սեռական հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Վարդան Համբարձումյանը դեղագետ է, սովորել և աշխատում է Օքսֆորդի համալսարանում: Նա «Հետք»-ին պատմեց դեպքի մանրամասները, որը ներկայացնում ենք ստորև.
«Առավոտյան ժամը ութի կողմերը փակել ենք Տիգրան Մեծ փողոցը՝ Մանկավարժական համալսարանի հարող հատվածից: Հետո փակել ենք դեպի Խանջյան տանող հատվածը: Մենք խաղաղ կերպով իրացրել ենք մեր իրավունքը: Միանգամից կարմիր բերետավորները եկան ու սկսեցին բոլորիս քաշքշել, տեղաշարժել Սանիտեկի աղբամանները: Բացում էին փողոցը, այդ ժամանակ ես պառկեցի գետնին, որ մեքենաները չանցնեն: Ինձ դուրս հանեցին ու գցեցին մայթի վրա: Ես նորից գնացի, որ պառկեմ, ինձ բերման ենթարկեցին կարմիր բերետավորները:
Չորս կամ հինգ հոգի էին, ինձնից հաղթանդամ: Ձեռքերիս ձեռնաշղթա հագցրին ու քաշ տալով մտցրեցին իրենց մեքենան: Մեքենան դեռ չէր շարժվել, ինձ սկսեցին ծեծել: Մարմնիս վրա ամբողջովին կապտուկներ են: Ինձ գցել էին գետնին ու հարվածում էին ոտքով, այլանդակ սեռական բնույթի հայհոյանքներ էին ասում իմ հասցեին, ու երեք անգամ թքեցին դեմքիս: Իրենց ասելով՝ ստորացնում ենք քեզ: Չասացին, թե ինչու են բերման ենթարկում: Ընկերներիցս մեկին ասել են, թե ինձ խելոք չեմ պահել, դրա համար:
Ճանապարհին հեռախոսս վերցրեցին գրպանիցս ու ամբողջ ընթացքում երկու կարմիր բերետավոր նստել էին վրաս: Երբ հասա ոստիկանություն, թուլության նոպա սկսվեց մոտս: Միանգամից թուլացա ու պահանջեցի, որ շտապ օգնություն կանչեն: Քսան րոպե համոզում էի, որ շտապ օգնություն կանչեն: Ի վերջո՝ կանչեցին: Փաստաբան չի եղել կողքիս, ինձ իմ իրավունքները բացարձակ չեն բացատրել: Խուզարկել են ինձ, պայուսակիս մեջ ուսանողական քարտս էր, որտեղ անձնական տվյալներս գրված էր, լրացրեցին իրենց մոտ: Երկու ժամ պահելուց հետո շտապ օգնության բժիշկն ասաց, որ հոսպիտալացման կարիք կա: Ինձ տարան Էրեբունի բժշկական կենտրոն»,- պատմում է Վարդանը:
Այս պահին Վարդան Համբարձումյանը դուրս է եկել հիվանդանոցից և գնում է միանալու ցուցարարներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել