
Եղվարդի քաղաքապետարանում տեղյակ չեն, որ Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղու միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում
Եղվարդ-Երևան-Եղվարդ միջմարզային շրջապտուտային երթուղին սպասարկող 269 համարի «Գազել» միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում: Այս մասին մեզ հայտնեց Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում կայանած տաքսու վարորդը: Հիշյալ խաչմերուկը 269 համարի միկրոավտոբուսների երևանյան վերջնակետն է, սակայն այնտեղ այսօր ոչ մի «Գազել» չկար, չնայած որ սովորաբար այնտեղ միաժամանակ 4-5 միկրոավտոբուս կա կայանված, որոնք աշխատանքային օրերին` 10 րոպե, իսկ ոչ աշխատանքային օրերին 20 րոպե հաճախականությամբ մեկնում են:
Եղվարդում մենք նկատեցինք, որ տեղի ավտոկայանում նույնպես 269 համարի միկրոավտոբուսները չկան: Նույն տաքսու վարորդը մեզ հայտնեց նաև, որ«Գազել»-ները չեն աշխատում Երևանում «Իմ քայլը» շարժման կազմակերպած բողոքի ցույցերի և հանրահավաքների պատճառով:
«Եղվարդից «Գազել»-ները Երևան չեն գալիս, որպեսզի այդտեղի ժողովուրդը չկարողանա մասնակցի միտինգներին, իսկ դրանից առաջ եղվարդցիները շատ ակտիվ մասնակցում էին»,- ասում է տաքսու վարորդը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը «Հետք»-ին հայտնեց, որ իրենք դեռ չեն կարողանում կապ հաստատել երթուղու պատասխանատուների հետ: Նա վստահեցրեց, որ նորություն ունենալու դեպքում մեզ կտեղեկացնեն: Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղին սպասարկում է «Յոթ ընկեր» ՍՊԸ-ն, որտեղից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Իսկ Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմից «Հետք»-ին հայտնեցին, թե տեղյակ չեն, որ Եղվարդ-Երևան-Եղվարդ երթուղու միկրոավտոբուսները ապրիլի 15-ից չեն աշխատում, և որ բնակիչներից նման ահազանգ չեն ստացել:
Հարկ է նշել, որ վերջին օրերին Երևանի մի շարք փողոցների փակ լինելը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ Եղվարդից Երևան ժամանող միկրոավտոբուսների համար, քանի որ այդ երթուղու մեջ մտնող ճանապարհները ցուցարարների կողմից չեն արգելափակվել: 269 համարի «Գազել»-ները Եղվարդից գալիս են Զովունի գյուղ, այնուհետև Եղվարդի խճուղիով շարժվում են դեպի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկ կամ այլ կերպ ասած` Ֆիզիկայի խաչմերուկ: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ տաքսու վարորդի խոսքերը իսկապես իրականություն են և միկրոավտոբուսները միտումնավոր չեն երթևեկում, որպեսզի տեղի բնակիչները չկարողանան գալ ցույցերին:
Միկրոավտոբուսների փոխարեն այժմ մի քանի թեթև մարդատար ավտոմեքենաներ են գործում 24 կմ երկարությամբ այդ երթուղով, ուղեվարձը կազմում է 400 դրամ, իսկ այդ երթուղով աշխատող 12 «Գազել»-ների ուղեվարձը 150 դրամ էր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել