
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. օր 2-րդ (թարմացվող)
22:04
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա:

21:52
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչով դիմեց Սփյուռքի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս ևս միանան համաժողովրդական շարժմանը: Այդ պահին նրան տեղեկացրին, որ Սերժ Թանկյանը ուղիղ եթերով հետևում է հանրահավաքին: Փաշինյանը կոչ արեց Թանկյանին գալ Հայաստան:
Փաշինյանը ընթերցեց նաև Թանկյանի գրառումը. նա գրել է, որ Հայաստանում անհավանական իրադարձություններ են կատարվում, քաղաքացիական անհնազանդություն է ընդդեմ կոռումպացված համակարգի:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղն առավոտյան ութից պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում և սկսեն կառավարական շենքերի շրջափակումը: Փաշինյանը չնշեց որևէ շենքի անուն, սակայն հիշեցրեց, որ վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է նախատեսված:
Հանրահավաքի ավարտին կրկին հնչեց «մերժիրսերժին» երգը: Փաշինյանը հայտարարեց դեպի Բաղրամյան պողոտա քայլերթի մասին: Վաղը 19.00-ին կրկին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում:
21:30
«Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ իր շարժումն ալիքաձև շարժվում է առաջ: Փաշինյանը թվարկեց այն ակցիաները, որոնք եղել են հանրապետությունում և Սփյուռքում: Փաշինյանի խոսքով` Մարսելի հյուպատոսության շենքից հանվել է Սերժ Սարգսյանի նկարը և հրապարակային այրվել:
Պատգամավորն անդրադարձավ Վանաձորիի և Գյումրիի հանրահավաքներին:
«Մարդիկ սփյուռքից շարունակում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ, մեր շարժումը հետխորհրդային Հայաստանում առաջին զանգվածային շարժումն է, որի անունը չի կապվում որևէ օտարերկրյա ուժի հետ, և սա մեր հպարտությունն է: Մեր պայքարի շահը Հայաստանի ինքնիշխան քաղաքացին է»,- հավելեց նա:
Փաշինյանի խոսքով՝ սփյուռքից տասնյակ նամակներ է ստացել, քաղաքացիները, որոնք տարիներ առաջ արտագաղթել են, գրել են, որ ինքնաթիռի տոմս են առել և գալիս են համաժողովրդական հաղթանակին մասնակցելու:
Փաշինյանը կոչով դիմեց գյուղերի և փոքր քաղաքների բնակիչներին, որպեսզի վերջիններս պարտադրեն իրենց համայնքների ղեկավարներին միանալ համաժողովրդական շարժմանը:

Փաշինյանն ասաց, որ շարժման հասցեին մեղադրանք է հնչում, որ դպրոցականներին ներքաշում են պայքարի մեջ: Պատգամավորը հիշեցրեց, որ հավաքների մասին օրենքով որևէ կերպ չի սահմանափակվում անչափահասների մասնակցությունը հավաքներին:
«Նրանց մասնակցությունը համապատասխանում է օրենքներին և սահմանադրությանը,
բայց նախարարությունը կոչով դիմել է, թե դպրոցականներին մի ներքաշեք: Նախ մենք չենք ներքաշում, հետո՝ ինչպես Սերժ Սարգսյանի բարեփոխված սահմանադրությամբ է նախատեսված՝ անչափահասները կարող են զանգվածային հավաքի կազմակերպչի դերում հանդես գալ: Ուզում եմ հիշեցնել ԿԳՆ-ին՝ ինչի՞ չէիք մտածում դպրոցականների մասին, երբ փուչիկները ձեռքները տալով քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը»,-ասաց նա, ապա կոչով դիմեց դպրոցականներին:
«Էրեխեք ջան, ձեր բոլոր դպրոցներից հանե՛ք Սերժ Սարգսյանի դիմանկարները և շպրտե՛ք պատուհանից»:
20:47
Հանրապետության հրապարակում հնչեց «մերժիրսերժին» ռեփ երգի կատարումը: Բազմությունն այն ընդունեց «բռավո, բռավո» վանկարկումներով: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ հանրահավաքի վերջում երիտասարդը մեկ անգամ ևս երգը կատարի:
20:34
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարթակից հայտարարեց՝ վերջին տասը տարիները որպես ազգ, պետություն՝ Հայաստանի ժողովուրդը ստի, կեղծիքի պայմաններում է ապրել: Միրզոյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի կողմից տարիների ընթացքում հնչած խոստումները, որոնք այդպես էլ պատգամավորի համոզմամբ չեն կատարվել:
Միրզոյանի խոսքով՝ կամ Սարգսյանն ի սկզբանե իմացել է, որ խոստումները չի կատարելու կամ էլ ցանկացել է կատարել, սակայն ձախողվել է, ստացվում է՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն չի կարող իշխանության լինել:
«Իսկապես մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, պետք է կանգնենք մինչև հաղթանակ»,- ասաց Միրզոյանը:
«մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այն կազմակերպությունները, որոնք միանան իրենց շարժմանը, նրանց անունները հնչելու են հարթակից և կոչ են անելու գործադուլից հետո օգտվել այդ կազմակերպությունների գործունեությունից:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ սփյուռքում ապրող մեկ անձ հայտարարել է` այն ոստիկանը, որը կմիանա շարժմանը, կստանա 10.000 դոլար, հաջորդները՝ երկու հազարական դոլար կստանան: Գրիգորյանը վստահեցրեց, որ միջազգային մամուլը հետևում է հայաստանյան իրադարձություններին, և ուշագրավ է, որ արտերկրից դեռևս շնորհավորանք չի հնչել Սարգսյանի հասցեին:
20:12
«մերժիրսերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բազմաթիվ ակցիաներ են լինում: Գրիգորյանի խոսքով՝ Մարսել քաղաքում մի շարք քաղաքացիներ հավաքվել են հյուպատոսության առաջ և ցույց են արել, ակցիաներ են եղել նաև Մոսկվայում:
«Գյումրիում դպրոցից հանել են Սերժի նկարը, իրականում օրենքի խախտմամբ է այդ նկարը հայտնվել դպրոցում, և կարելի է ասել` այդ ակցիայով վերականգնվել է օրինականությունը»,-ասաց նա:
Գրիգորյանն ասաց նաև, որ Կրթության և գիտության նախարարության շենքում այսօր արգելափակված է եղել Ֆեյսբուքը, Յութուբը և «Ազատություն» ռադիոկայանը, որպեսզի աշխատակիցները չհետևեն ակցիաներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն ընթերցեց այն պատգամավորների անունները, որոնք կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Յուրաքանչյուր անուն հնչելուց հետո մարդիկ գոռում էին՝ «ամոթ, ամոթ»: Պապիկյանն ասաց, որ ընթերցեց այն անձանց անունները, որոնք արժանի են հասարակական պարսավանքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել