HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վեց անչափահասի

Ոստիկանության Շենգավիթի բաժնում քիչ առաջ զրուցեցինք փաստաբան Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա հաղորդեց, որ ներսում, մեկ ժամ առաջվա դրությամբ, նաև երկու բժիշկներ կան, որոնք առնչություն չեն ունեցել երթի հետ, այլ գնալիս են եղել աշխատանքի։

Բերման ենթարկվածների հարազատները կանգնած են շենքի դիմաց, փորձում են ճշտել՝ արդյոք իրենց հարազատներն այդտեղ են, սակայն նրանց որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Մարդիկ տարակուսած են, չգիտեն, թե որտեղ են իրենց հարազատները։ Ոստիկանական բաժնի դուռը մշտապես փակ է, և բացվում է միայն այն ժամանակ, երբ նոր քաղաքացու են բերման ենթարկում։ 

Քիչ առաջ ոստիկաններ դուրս եկան շենքից և վեց անչափահասի անուններ հայտնեցին՝ հարցնելով արդյոք ծնողներն այստեղ են։ Անչափահասներից երկուսի ծնողներն այստեղ էին, նրանց թույլ տվեցին ներս մտնել․ նրանք ունեն օրինական ներկայացուցչի իրավունք, որը կարող է լինել նաև ծնողը։ 

Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան, որը վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը, ասում է՝ 1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը: 2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության (հոդված 15), հետևաբար, որևէ սահմանափակում չի կարող լինել հավաքի տեսակի, մանսավորապես քաղաքական կամ ոչ քաղաքական իմաստով։ Երեխան նաև իրավունք ունի կազմակերպել խաղաղ հավաքներ, արտահայտել իր դժգոհությունը ցանկացած հարցով և խաղաղ եղանակով, այդ թվում՝ դասադուլի միջոցով։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը քաղաքացիներին բերման է ենթարկում ինչպես ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական մեքենաներով, նույնիսկ առանց պետհամարանիշի, որը ֆիքսել էր «Հետք»-ը։

Քիչ առաջ ոստիկանության շենք կարողացան մտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկու ներկայացուցիչներ և երեք փաստաբաններ։

Փաստաբանները ոստիկանական բաժիններ են հասնում Փաստաբանների միասնական թեժ գծի ահազանգերով, որը կենտրոնացած է Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության կենտրոնում։ Թեժ գիծը սպասարկում են իրավապաշտպան ՀԿ-ներ ներկայացնող փաստաբաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter