
Աշտարակի ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվածներին բաց են թողել
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այսօր բողոքի ցույցի դուրս եկած մի խումբ քաղաքացիներին, որոնց բերման էին ենթարկել Աշտարակի ոստիկանական բաժանմունք, բաց են թողել: Այս մասին հաղորդել է Աշտարակի ոստիկանության բաժնի աշխատակիցը:
Բերման ենթարկված ակտիվիստներից Հայկ Բարսեղյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ բերման ենթարկված 11 անձինք սահմանված ժամկետում ազատ են արձակվել:
Փաստաբանի փոխանցմամբ՝ բերման ենթարկված անձանցից երկուսը անչափահաս են եղել, իսկ ակտիվիստներ Հայկ Բարսեղյանի, Աշոտ Խաչատրյանի և Ավետ Գրիգորյանի մասով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
Գեորգի Մելիքյանի խոսքերով՝ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենային պատճառվել է գույքային վնաս, ինչի մասին փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ոստիկանության 1-02 ծառայություն:
«Մեքենայի երկու անվադողերը ամբողջովին պատռել են: Ոստիկանները հափշտակել են ավտոմեքենան և ապօրինաբար պահում են տուգանային հրապարակում և չեն տրամադրում Հայկ Բարսեղյանին»,- ասում է Գեորգի Մելիքյանը:
Հիշեցնենք՝ ակտիվիստներ Հայկ Բարսեղյանը և Աշոտ Խաչատրյանը այսօր առավոտյան ավտոմեքենաներով Երևանից ուղևորվել էին Երևան-Գյումրի մայրուղին փակելու: Ուջանի հատվածում ոստիկանները շրջափակել էին Հայկ Բարսեղյանի ավտոմեքենան, իսկ Աշոտ Խաչատրյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն վերջինիս հաջողվել էր փախչել և միանալ քայլերթով Աշտարակից Երևան եկող ցուցարարներին, որտեղից նրանց բերման էին ենթարկել Աշտարակի ոստիկանական բաժանմունք: Այնուհետև բերման էր ենթարկվել նաև Հայկ Բարսեղյանը:
Մեկնաբանել