
Երթուղայիններ, տուրիստական մեքենաներ և պատվերով ավտոբուսներ. ինչով են տեղաշարժվում ոստիկանության զորքերը
Հրանտ Գալստյան
Վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն իր ուժերը տեղափոխելու համար օգտվել է ոչ միայն ծառայողական, այլև երթուղային, տուրիստական և պատվերով միկրոավտոբուսներից ու ավտոբուսներից: Վերջիններիս սեփականատերերը կամ շահագործող ընկերությունների տնօրեններն ասում են, որ համաձայնություն չեն տվել ոստիկանությանը՝ իրենց մեքենաներն օգտագործելու համար: Բացի այդ, հատկապես ցուցարարներին բերման ենթարկելու համար, ոստիկանությունն օգտագործում է համարանիշներ չունեցող քաղաքացիական մեքենաներ, ինչը օրենքի խախտում է և ենթադրում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
«Ինձանից երբեք ոչ մի կազմակերպություն՝ կլինի դա ընդդիմություն, թե ոստիկանության աշխատողները, մեքենա չի ուզել: Անգամ եթե ինձանից մեքենա ուզեին, ես միանշանակ դա չէի տրամադրի, որովհետև ես էդքան հնարավորություն չունեմ, հազիվ էսօր սպասարկում եմ երթուղիները»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բեգունյանը: Ընկերությունը Երևանում շահագործում է մի շարք տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ 31 համարի երթուղին, որի միկրոավտոբուսներից 2-ը ցույցերի օրերին սպասարկել են ոստիկանությանը:
Մեքենաներից մեկը, ըստ Բեգունյանի, կարողացել են վերադարձնել երկու ժամվա ընթացքում: Երկրորդի՝ ոստիկաններին սպասարկելու որոշման համար տնօրենը մեղադրում է վարորդին, քանի որ ինքը թույլ չի տվել որևէ վարորդի՝ «դուրս գալ երթուղուց և սպասարկել ընդդիմությանը կամ իշխանությանը»: Երբ վարորդից բացատրություն են պահանջել, վերջինս, տնօրենի խոսքով, ասել է՝ «հետո կգամ, բացատրություն կտամ»:
«Ինչ ուզում է լինի, ինչ ընթացք ուզում է ունենա էս երթը՝ էս կողմ կլինի, թե էն կողմ կլինի, էն վարորդը, որը ինքնակամ չի ներկայացել աշխատանքի, ես միանշանակ իրեն գործից կազատեմ»,- ասում է Արմեն Բեգունյանը:
ԱՐ-ՏՈՒՐ ԲԱՍ ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց ավտոպարկից, որը ոստիկանության՝ Դավթաշենում տեղակայված զորամասի մոտ է, նույնպես երկու միկրոավտոբուս են վերցրել: «Եկել են, ասել են՝ մեքենա ա պետք, վերցրել տարել են պահակից»,- ասում է տնօրենը՝ հավելելով, որ սկզբում ասել են, թե մեքենաները պետք են մի քանի ժամով՝ ոստիկաններին տեղափոխելու համար, սակայն պահել են երկու օր:
ԱՐ-ՏՈՒՐ ԲԱՍ ընկերության մեքենան՝ Դեմիրճյան փողոցում, ապրիլի 17
ԱՐ-ՏՈՒՐ ԲԱՍ ընկերությանը ապրիլի 19-ին հաջողվել է վերադարձնել մեքենաները, երբ ասել են, որ դրանք պետք են՝ ընկերության աշխատանքի համար: Ոստիկանությունը դրանք չէր վարձակալել, իսկ տնօրենն ասում է, որ դրամական պահանջ չունեն, քանի որ մեքենաները կանգնած են եղել փողոցում, չեն տեղաշարժվել:
«Հետք»-ը լուսանկարել է այլ տրանսպորտային միջոցներ ևս, որոնք ապրիլի 17-ին կայանած են եղել ոստիկանական ուժերով շրջափակված Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում, իսկ հաջորդ օրը ոստիկանների են տեղափոխել Ֆրանսիայի հրապարակ՝ ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու համար:
![]() |
![]() |
![]() |
![]() |
«Նման իրավական հիմք չկա, ու ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որպեսզի ես մեքենա տրամադրեմ իրենց: Մեզ կարող են ստիպել այն ժամանակ, երբ որ, Աստված չանի, պատերազմ սկսվի»,- ասում է Արմեն Բեգունյանը:
Ոստիկանության կողմից քաղաքացիական մեքենաների օգտագործման հանգամանքը պարզաբանելու համար ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հորդորեց գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք:
Ոստիկանությունը խախտում է երթևեկության կանոնները
Նկատենք, որ ոստիկանությունը որոշ դեպքերում խախտել է օրենքը՝ ծածկելով տրանսպորտային միջոցների համարանիշերը: Այս իրավախախտման համար, համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, 10 հազար դրամի տուգանք է սահմանվում (տե՛ս հոդված 1235-ը):
![]() |
![]() |
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը մեկ ամիս առաջ «Հետք»-ի հետ զրույցում այս խախտումն անվանել էր «արատավոր պրակտիկա» և նշել, որ համարանիշերը փակել «սիրում են» հատկապես տաքսու վարորդները: Արմեն Խաչատրյանը առավոտյան խոստացավ պարզաբանել, թե արդյոք նույն իրավախախտման համար կտուգանվեն նաև ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով ծառայողները, որոնց գործողությունների համար, ինչպես հայտարարվել է, «ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»: ՃՈ պետի տեղակալը, սակայն, դեռևս չի արձագանքել մեր հարցին:
Վերը նշված հոդվածի 4-րդ կետը ավելի խիստ տուգանք է սահմանում այն վարորդների համար, որոնք մեքենան վարում են առանց համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով: Այս վարորդները, ըստ օրենքի, պետք է տուգանվեն 200 հազար դրամի չափով: Ոստիկանությունը այս իրավախախտումը նույնպես չարաշահել է. դիտորդները, «Հետք»-ի լրագրողները և ընթերցողները նման տասնյակ մեքենաներ են լուսանկարել ինչպես ոստիկանական բաժինների մոտ, այնպես էլ Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան, Պռոշյան, Սարյան փողոցներում ու շենքերի բակերում: Կրկին պարզ չէ՝ արդյոք ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկելու այս մեքենաների վարորդներին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ «Հետք»-ի
Մեկնաբանել