
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կարճ տևեց
Սեդա Ղուկասյան
Դիանա Ղազարյան
Քիչ առաջ ավարտվեց Երևանում բողոքի ցույցերն առաջնորդող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը շատ կարճ տևեց:
«Նախ, ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին՝ երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ, ուրախ եմ»,- հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը:
«Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի [հետ], ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է՝ Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին, և ես եկել եմ այստեղ՝ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Սարգսյանը սա կոչեց «ուլտիմատում, շանտաժ՝ պետությանը, օրինական իշխանություններին». «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, և եթե էդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է: Ընտրեք»:
Փաշինյանը հակադարձեց, որ պետք չէ սպառնալիքների տոնով խոսել. «Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:
Սարգսյանը պատասխանեց, թե «ժողովրդի անունից 7-8% տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»: Սարգսյանը լրագրողներին հորդորեց հետևություն անել:
Փաշինյանն ասաց. «Սերժ Սարգսյանը կորցրել է ադեկվատությունը, նա պարտավոր է անհապաղ հրաժարական տալ»: Նա նաև կոչ արեց շարունակել անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան՝ ժամը 19:00 կրկին լինել Հանրապետության հրապարակում:
Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այսօր բողոքի ակցիաների 10-րդ օրն է:
09: 50 Այս պահին մի խումբ խաղաքացիներ «Marriott» հյուրանոցի դիմաց սպասում են Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը: Քիչ առաջ հյուրանոց մտավ Նիկոլ Փաշինյանը, ում հավաքվածները ծափողջյուններով ողջունեցին եւ վանկարկեցին « Նիկոլ», «Հաղթանակ», «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով:
Հիշեցնենք, որ 10:00-ին նախատեսված է վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Փաշինյանը պնդել է, որ Սարգսյանի հետ բանակցելու է միայն նրա հրաժարականի շուրջ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել