
«Բարեկամություն»-ում ցուցարարները արգելափակել են բոլոր ճանապարհները
Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում ցուցարարները փակեցին բոլոր ճանապարհները։ Արգելափակման մեջ են հայտնվում Կիևյան, Հրաչյա Քոչար, Կասյան փողոցներից և Բաղրամյան պողոտայից եկող ավտոմեքենաները։
Բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր ցուցարարներ, որոնց մի մասը քիչ առաջ Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկը փակած ցուցարարներն են։ Այս պահին ցուցարարները «քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով իրենց բողոքն են արտահայտում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։
Արգելափակման մեջ հայտնված թիվ 3 երթուղու ավտոբուսի ուղևորների մի մասը միացավ ցուցարարներին։
Բողոքի ակցիային միացավ նաև թիվ 8 երթուղայինի վարորդը, ով իր միկրոավտոբուսով փակեց Կիևյան փողոցի մի հատվածը։
Մարդկանց բազմությունը գնալով շատանում է։ Տարածքում ոստիկաններ չկան։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել