HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենի մաքսատան 3 ժամ փակված ճանապարհը բացելու համար Տավուշի ոստիկանները ցուցարաներին խաբեցին, թե ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբերյանի և Տավուշի մարզի հարակից բնակավայրերից ու Ալավերդուց ժամանած ցուցարարներն այսօր ժամը 15:00-ից փակեցին Նոյեմբերյան–Ալավերդի միջպետական ճանապարհը (Նոյեմբերյանի ջրային տնտեսության շենքի դիմացի օղակաձև շրջադարձի մոտ): Կես ժամ անց Տավուշի մարզի ոստիկաններին մի կերպ հաջողվեց բացել միջպետական ճանապարհը:

Ցուցարարները այդ ժամանակ փակեցին Բագրատաշենի մաքսատուն գնացող ճանապարհի մուտքը: Ժամը 15:30-18:30 սահմանային անցակետի ճանապարհը ոստիկաններին չէր հաջողվում բացել: Կաթվածահար վիճակում հայտնված ճանապարհի երկու կողմերում ավտոմեքենաների կուտակումներ էին առաջացել: Տավուշի մարզի ոստիկանապետ, գնդապետ Գ. Գրիգորյանը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցարարներին համոզել բացել մաքսատան ճանապարհը:

Երիտասարդ ցուցարարները բարձրաստիճան ոստիկաններին բացատրում էին, որ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի հեռանալու մեջ է: Ցուցարարներից շատերը իրենց ելույթներում ոստիկաններին ներկայացնում էին երկիրը Ս․ Սարգսյանի կողմից վատ կառավարելու հետևանքով իրենց կյանքում ստեղծված դժվարությունները: Բագրատաշենցիները իրենց դժգոհություններն էին հայտնում հատկապես Բագրատաշենի մաքսատանը առևտրականներին ճնշումների ենթարկելու մասին: Բացատրում էին, որ Սերժ Սարգսյանին ժողովրդի հոգսերը երբեք չեն հետաքրքրել: «Մենք էլ ենք ուզում լավ ապրել, չգնալ Ռուսաստան, ու դրա համար այսօր մեր խնդիրը մեկն է, Սերժին հեռացնել վարչապետի պաշտոնից»,- հայտնեց երիտասարդ ցուցարար Թելման Թանդիլյանը:

Տավուշի ոստիկաններից շատերի դեմքին անհանգստություն էր նկատվում ցուցարարների համար: Ճանապարհը 3 ժամ փակ մնալու ընթացքում ոստիկանության կողմից որևէ բռնություն չեղավ ցուցարարների նկատմամբ: Ժամը18-ի սահմաններում ոստիկանության լրացուցիչ ուժեր սկսեցին կուտակվել ճանապարհը փակած ցուցարարների մոտ: Այստեղ ժամանեցին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի մեծ թվով ոստիկաններ: Նրանցից մեկը ցույցի մասնակիցներին հայտարարեց, որ առավոտյան ձերբակալված Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակել: Ժամը 18:30-ի սահմաններում ցուցարարները ինքնակամ բացեցին Բագրատաշենի մաքսատան փակված ճանապարհը: Այս պահին ցուցարարները ցրվում են: Հեռանալուց առաջ նրանք հայտարարեցին, որ ապրիլի 23-ին առավոտյան ժամը 8-ին իրենց ցույցերը կշարունակվեն նույն տեղում:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter