
Նիկոլ Փաշինյան․ «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»
«Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը և մասնավորապես վարաչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը իրեն լրիվ բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով, և հիմա ժամանակն է մտածել Հանրապետական կուսակցության վերարտադրության մասին, այսպես ասած է Սերժ Սարգսյանի հրաժարականի ծխածածկույթի ներքո ապահովել Հանրապետականի հետագա իշխանավարումը։ Կարծում եմ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումը արտահայտենք»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր էջում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Իրադարձությունների նման զարգացումը, ըստ Փաշինյանի, որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության ծրագրերի մեջ։ Փաշինյանն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը , որտեղ վերջինս դիմել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ «իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»։
«Մի նրբություն կա, ես ուզում եմ ընդգծել,- շարունակեց Փաշինյանը,- ինչի մասին է խոսքը, նրանք ուզում են, որպեսզի ընտրությունները տեղի ունենան մի պայմաններում, երբ վարաչպետի պաշտոնակատարը Հանարապետական կուսակցությունից է , թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017թ․-ից և ուզում եմ հստակ արձանագրել, որ դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ և մենք կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, ընդ որում՝ ոչ թե պասիվ, այլ ակտիվ ձևով՝ շրջափակելով բոլոր ընտրական տեղամասերը և թույլ չտալով, որ Հանարապետական իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի»։
Փաշինյանը նշեց հետագա կետերը, որ պետք է իրականացվեն․ ժողովրդի թեկնածուն՝ թավշյա հեղափոխության թեկնածուն, պետք է նշանակվի վարչապետ, որից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարությունը, որին պետք է հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ արդեն ոչ Հանրապետական, ժողովրդի կողմից ընտրված վարչապետի գործունեության առկայության պայմաններում։
«Մենք կարողացել են հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանաք առավելևս հասնել նրան, որպեսզի Կարեն Կարապետյանը և Հանրապետական հրաժարվեն ժողովրիդ հաղթանակը խլելու իրենց պլաններից։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ մենք իհարկե ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել և ինչքան շուտ հասկանանք, այնքան բոլորիս համար ավելի լավ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը կոչ արեց այսօր ժամը 11։00-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները և հավաքել Հանրապետության հրապարակում։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկանածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։ Այսօրվանից նա հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել