HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հարյուրավոր եղվարդցի դպրոցականներ դասադուլ են անում

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երեք դպրոցներից հարյուրավոր աշակերտներ դասադուլ են անում։ Նրանք «միացեք, միացեք» վանկարկումներով երթ են անում Եղվարդի փողոցներով, իսկ անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով աջակցում են նրանց։ 10-րդ դասարանում սովորող Սերգեյը ասում է. «Ուզում ենք, հանրապետականը հեռանա իշխանությունից, Նիկոլ Փաշինյանն էլ դառնա վարչապետ»։

Երթի մասնակից աշակերտները միակողմանի փակել են Եղվարդի կենտրոնական` Սաֆարյան փողոցը, որը նաև Երևան տանող մայրուղու մի մասն է, այդ պատճառով երթևեկությունը դանդաղել է։ Աշակերտները ասում են, որ դպրոցների ղեկավարության կողմից առանձնապես մեծ խոչընդոտների չեն հանդիպել. «Պարզապես որոշել ենք, և դասադուլ ենք անում»։ Այս պահին աշակերտները «հաղթանակը մերն ա, ազատ, անկախ Հայաստան» կոչերով շարունակում են իրենց երթը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։

Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter