HY RU EN

Ուսանողները նորից դասադուլ են անում (տեսանյութ)

ԵՊՀ-ից մեկնարկել է ուսանողների քայլերթը։ Ակցիան ուղեկցվում է «Քայլ արա վերջին անգամ» կոչերով։ Քայլերթի համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք քայլելու են դեպի մյուս բուհեր, որպեսզի իրենց միանան նաև այլ համալսարանների ուսանողներ։ 

Քայլերթի վերջնակետը Հանրապետության հրապարակն է, որտեղ ժամը 11։00-ին Նիկոլ Փաշինյանը անցկացնելու է հերթական հանրահավաքը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկանածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։ 

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Նորայր Շողիկյան