
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները (ուղիղ միացում)
Հանրապետության հրապարակում քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Այսօր ժամը 18։00-ին հրապարակում նախատեսվում է «Nemra» խմբի համերգը, իսկ ժամը 19։00-ին` հանրահավաք։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկանածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։
Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։ Այսօրվանից նա հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։ Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը այսօր լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ «ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի, դա ընտրությունն է»:
Մեկնաբանել