
Նիկոլ Փաշինյան. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»
Մինչ իշխանության ներկայացուցիչներն այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ ու հանդիպումներ էին վարում ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ, «Իմ քայլը» շարժումը Երեւանում եւ մարզերում շարունակում էր քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում շարժման լիդերները վերահաստատեցին իրենց նպատակը` Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ:
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը, նկատի առնելով մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք քննարկումը, դիմեց ՀՀԿ անդամներին. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք` քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, որեւէ այլ դրսեւորում կլինի ձեր խայտառակությունը, որեւէ այլ գործարք, թեկնածութուն, քվեարկության արդյունք կլինի ոչ լեգիտիմ, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը դա չի ընդունում»: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս լուծումը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարելիք կառավարությունը, ժամանակավոր է լինելու, նա պիտի շտկի իրավիճակը, որից հետո պետք է լինեն արդար ընտրություններ: «Այն ժամանակ խնդրեմ` մրցակցեք»,- ասաց պատգամավորը:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցնելով, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվածների կողմից առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ասաց, որ դա շատ պատասխանատու կարգավիճակ է, եւ իր թիմն ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը:
«Բայց ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք` խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ հաստատված կոռումպացված, հակաժողովրդական համակարգը վերացնելը: Կան տարբեր ուղերձներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը:
Նա բացառեց պաշտոնների բաժանման, առեւտրի, ոլորտների կիսման մասին որեւէ խոսակցություն` ակնկալելով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն առանց նախապայմանների. «Ուզում եմ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության: Նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե հարթակում կանգնածներն են, այլ հրապարակի ժողովուրդը»:
ԱԺ-ում մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրության քննարկման առնչությամբ ԱԺ պատգամավորներին ուղղված նրա ուղերձը հետեւյալն էր. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով եւ աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին` նա խնդրեց կենտրոնացնել ուժերը, որովհետեւ իրենց քայլի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, երբ «Հայաստանի ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը ամբողջ թափով»:
Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց, եւ ՀՀԿ-ն բանակցելու մանդատ է տվել Կարեն Կարապետյանին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումն ընդունում են ի գիտություն եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցությունները իրենց առաջարկած օրակարգի շուրջ: Այդ նպատակով Փաշինյանը վաղը` ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց` սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Բայց եւ պայման առաջադրեց, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչ է քննարկվում: «Հանրապետականի հետ փակ դռների ետեւում չենք բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ հայտարարել ենք, որ ժողովուրդը մեր ղեկավարն է եւ նրան պետք է հաշվետու լինենք մեր ամեն քայլի համար»:
Իսկ մինչ մայիսի 1-ը «Իմ քայլը» կգործի փոքր-ինչ փոխված մարտավարությամբ` առաջիկա օրերին հանրահավաքները տեղի կունենան ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ հաջորդիվ` Վանաձորում: Երեւանում բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի շարժման ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան:
Երեւանում եւ այլ բնակավայրերում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կվերականգնվեն ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին:
Փաշինյանը շարժման անդամներին եւ համախոհներին կոչ արեց որեւէ պարագայում չփակել Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Բերձոր ճանապարհները եւ որեւէ խոչընդոտ չստեղծել դեպի Արցախ գնացող, ինչպես նաեւ շտապօգնության եւ ԱԻՆ մեքենաների համար:
«Մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, չկա քար, փայտ, զենք ու չի լինելու, մեր ձեռքում կա միայն սեր, վճռականություն, հաղթանակ: Թեեւ մեր ձեռքերը բաց են, բայց մենք ոչ մի պայմանով մեր ձեռքերից հաղթանակը բաց չենք թողնելու»,- ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը` ապրիլի 25-ի հանրահավաքից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել