HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թափառաշրջիկներին հիվանդանոցի դռներից ներս չեն թողնում

58-ամյա Գագիկ Շահնազարանը կնոջ' 54-ամյա Գայանե Ներսիսյանի հետ արդեն մեկ ամիս ապրում է իր նախկին աշխատավայրի լքված ավտոտնակում: «Տերերին խնդրեցի, որ մի քիչ մնամ, խղճով մարդ էր, թողեց, թե չէ կսառչեինք փողոցում»,- ասում է Գագիկը: Երբ եղանակը տաք էր, նրանք փողոցում էին գիշերում:

«Այնթափում տներս ծախել եմ, Տաշիրի շրջանում' Կալինինոյում, նոր տուն եմ առել: Բայց այնտեղ վիճակ չկա, փող չունեմ, որ անասուն, գոնե մի կով առնեմ: Տղես հիվանդ էր, նրա բուժման համար ծախեցի տունս: Այնտեղ աշխատանք չկար, եկել եմ Երեւանում գործ գտնելու, չկա»,-շարունակում է Գագիկը:

«Մի հատ տուն լիներ, գնայինք այնտեղ, էսպես չենք դիմանա: Ես չեմ կարողանում, ամեն ինչս ցավում է»,-ասում է Գայանե Ներսիսյանը:

Գագիկի հիվանդ որդին ապրում է Տաշիրում: «Նրա հետ կարող եմ ապրել, բայց աշխատանք չունենք, ի՞նչ անենք, ո՞նց ապրենք»,-ավելացնում է Գագիկը:

Նպաստ չեն ստանում: Թոշակ չեն ստանում, որովհետեւ կենսաթոշակային տարիքը դեռ չի հասել: Գագիկի առաջին կինը մահացել է: Գայանեի հետ ծանոթացել եւ ամուսնացել է ութ տարի առաջ եւ ութ տարի է միասին են:

Գայանեն գրանցված է Երեւանում, նա տուն ուներ, սակայն վաճառել է: Նրա որդին հանցագործություն էր կատարել. փող էր պետք, որպեսզի չազատազրկեին: Մայրը վաճառեց տունը եւ տղային ազատեց պատիժը կրելուց: Տղան թողել-գնացել է Ռուսաստան եւ մոռացել մորը:

«Տեսնու՞մ ես, կնոջս աչքերը ցրտից ուռել են, բայց չեմ կարողանում բժշկի տանել, փող չունենք»: «Իսկ դիմե՞լ եք որեւէ մեկին օգնելու համար, ձեզ նպաստ է հասնում, անվճար բուժօգնություն»,-հարցնում եմ ես:

«Ու՞մ դիմենք: Պետություն չկա, աղքատներին քացով տալիս գցում են ձորը: Հիվանդանոցի դռներից ներս մեզ չեն էլ թողնում»,-արտասվելով պատասխանեց Գոհարը:

«Գիտեք մենակ մե՞նք ենք այսպես, գնացեք Կոմայգի, այնտեղ ծառերի տակ քնած են մարդիկ»,-մեր հրաժեշտի ժամանակ ասում է Գագիկը:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter