HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի առանցքային մտքերը ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների դռնբաց հանդիպումը: Առանձնացնենք առանցքային հարցերն ու դրանց պատասխանները:

Ղարաբաղի հիմնահարցի մասին

Կարեն Բեքարյան. «Հարցս առնչվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հարցի առաջին հատվածը. եթե հնարավոր է, Ձեր տեսլականը, և փորձեմ հարցը մի փոքր դիֆերենցել՝ եթե մոտեցումը գտնվելու է շարունակականության համատեքստում, այդ պարագայում որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Դուք այդ գործընթացի մեջ մտնեք իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Եվ երկրորդը՝ մեթոդաբանական հատվածը, այսինքն՝ այդ ամեն ինչի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում»:

Նիկոլ Փաշինյան. «Հասկանալի է, որ Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է, և շարունակականության մասին ասելով՝ ուզում եմ ընդգծել, որ ակնհայտ է, որ հարցի քննարկումը կամ բանակցությունները կարգավորումը պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին, կարծում եմ, անհրաժեշտ է դրան տիրապետել կարճ ժամկետներում, և մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որովհետև Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է հոգ տանեն, որպեսզի իմ վարչապետ ընտրվելու դեպքում ես տիրապետեմ անհրաժեշտ ինֆորմացիայի:

Իսկ ընդհանրապես աշխատանքի մեթոդաբանությունը, կարծում եմ, էլի պիտի լինի ինստիտուցիոնալ: Մենք միշտ էլ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները և անձնական սուբյեկտիվ կարծիքները չէ, որ պետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Իհարկե, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պետք է լինի հավասարակշռված: Ես կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք կայացել են և որոնք կարող են այդ հակակշռի դերը կատարել, և այնտեղ, որտեղ անհամաչափ է, և հակակշիռների անհրաժեշտություն կա, դա՝ այս հարցի կոնտեքստից դուրս, դրան նույնպես անդրադարձ կլինի:

Ինչ վերաբերում է հարցի ընթացիկ վիճակին, իհարկե, կարծում եմ, Հայաստանում սրա հետ կապված կարծիքների շատ մեծ ամպլիտուդա չկա, որովհետև այն հռետորաբանությունը, որ օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգարավորման համար, որովհետև իրական կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար որոշակի պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի կամ մի երկրի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել և վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներ հաստատելն է: Եվ ԵԱՀԿ համանախագահները, և միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին, ռեալ չէ: Խաղաղության համար պետք է լինի խաղաղության մթնոլորտ: Ագրեսիվ հռետորիկայի պայմաններում հնարավոր չէ խաղաղության մթնոլորտ հաստատել, առնվազն այդ մոտեցումը չի կարող լինել ընդունելի: Իսկ ընդհանուր առմամբ հասկանալի է, որ պետք է լրջորեն ամրացնել նաև Հայաստանի դիրքերը բանակցային գործում: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ ազգային զարթոնքը և այն ազգային համախմբումը, որ այսօր ունենք, պետք է բանակցային գործընթացում ուժեղացնի հայկական կողմի դիրքերը, դա պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և ընդհանրապես մեր ազգային ոգու բարձրացմանը, ինչը, կարծում եմ, ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այս գործընթացում»:

ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը չի դադարեցվի. Փաշինյան

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Փաշինյանն ու «Ելք» խմբակցությունը քննադատում էին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, երբեմն՝ շատ խիստ, այդ թվում՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ այն համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սխալներից: Մինչդեռ, ըստ Շարմազանովի, վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներին, այսօր՝ նաև խորհրդարանում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու: ՀՀԿ-ական պատգամավորը հարցրեց, թե հիմա Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեն:

«Երկորդ ենթահարցը. հնարավո՞ր է Ձեր վարչապետ ընտրվելու պարագայում սա լինի ոչ եզակի, լինեն բազմաթիվ հարցեր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ու քայլերը կտարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից 180 աստիճանով»,- հարցրեց Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ ինքը դեմ էր քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչ նշանակում է, որ դեմ է եղել այդ միության մեջ մտնելու: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և քաղաքական, պետական գործիչները պետք է հաշվի նստեն իրողությունների հետ՝ ելնելով Հայաստանի շահերից:

Փաշինյանն ընդգծեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջ քաշվել, դեմ է քվեարկել նախագծին այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար:

«Կարծում եմ՝ պետական գործիչները և իշխանություններն ընդհանրապես պետք է առաջանորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով և ձեռնարկեն գործողություններ, որոնք բխում են երկրի ազգային շահերից»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, կան խնդիրներ, ինչպես ցանկացած կազմակերպությունում, և ըստ նրա, պետք է աշխատեն, որ գործընկերության մթնոլորտում բոլոր այդ հարցերը քննարկվեն, և լուծումներ գտնվեն:

Համաձայնության կառավարության մասին

Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե վարչապետ դառնալու դեպքում ովքեր են լինելու կառավարության կազմում, ովքեր են լինելու նախարարները, փոխվարչապետները, Փաշինյանը պատասխանեց, որ պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որն ուղղակի-անուղղակի դառնում է վարչապետի ընտրություն իրականացնողը, և կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: «Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ձգտում պետք է լինի՝ ձևավորել համաձայնության կառավարություն:

«Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»». տնտեսության մասին

Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ շարժման յուրաքանչյուր օրը մեր տնտեսությունն առնվազն երկու ամսով հետ է շպրտում, ապա նշեց, որ Փաշինյանը բազմիցս հնչեցրել է, թե իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում «Նաիրիտի» գործարկման հետ կապված: «Հենց ժողովրդի անունից հնչեցնեմ այդ հարցը Ձեզ՝ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»»,- հարցրեց Մելիքյանը:

Փաշինյանն էլ ասաց, որ, ցավոք, փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին, իսկ դիտարկմանը, թե շարժման ամեն մի օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ շարժման ամեն օրը շատ մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար, և եթե արդարության ու օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմաններն ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, ապա համոզված եմ, որ Հայաստանում շատ մեծ ներդրումներ են արվելու հենց առաջին հերթին հայկական շրջանակներից, այդպիսի ազդակներ արդեն կան»:

«Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն»

Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, թե իր դիտարկմամբ՝ Փաշինյանի դիրքորոշումը արտաքին, ներքին, կադրային քաղաքականության ոլորտներում ՀՀԿ-ից շատ չի տարբերվում: Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական մամուլը գոհունակություն է հայտնում, որ ՀՀ-ում ռազամաքաղաքական էլիտային փոխարինելու է գալիս ժողովրդավարական հայացքներով էլիտա, որի հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Ըստ Նաղդալյանի՝ Փաշինյանը որեւէ վտանգ չի՞ տեսնում այստեղ:

Փաշինյանն էլ, ի պատասխան առաջին դիտարկման, նշեց, որ պրոցեսի շարունակակակությունը չի նշանակում նույնականություն, քանի որ «սատանան դետալների մեջ է»: Ադրբեջանի մասով էլ ասաց, որ ՀՀ զինված ուժերի կայունությանը ոչինչ չի սպառնում, իրենք կադրային ջարդ չեն անելու, մյուս կողմից՝ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն, քանի որ էականորեն բարձրացել է մեր ազգային ոգին՝ դրանից բխող ռազմաքաղաքական հետեւանքներով, իսկ եթե Ադրբեջանում ուրախացել են, ուրեմն սխալ են գնահատում իրավիճակը: Հ. Նաղդալյանը հարցրեց նաեւ, թե ինչպես պիտի Փաշինյանի թիմը դադարեցնի կամ լուծի Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հարցը, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ այս կարճ ընթացքում արդեն զրույցներ ունեցել են ռուս գործընկերների հետ, զենքի վաճառքի թեման չեն շրջանցել, հավելեց, որ պատեհ առիթները օգտագործելու են թեման քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter