
Էջմիածնում երիտասարդները, աշակերտները դասադուլ են հայտարարել և արգելափակում են փողոցների երթևեկությունը (լրացված)
12։11
Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի ցուցարարներին երթով միացել են քաղաքի թիվ 9 դպրոցի ուսուցիչները: Մանկավարժները հայտարարում են, որ չեն կարող կեղծիքով մտնել դասարան և հանգիստ նայել աշակերտների աչքերին: Ուսուցիչներից Շուշան Զեյնալյանն ասաց, որ ծնողները ևս պահանջել են, որ ուսուցիչները փողոցում լինեն երեխաների կողքին։
10։21
Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում այս պահին քննություններ են: Աշակերտներն ու ուսանողները փակել են քոլեջի հարակից փողոցը, իսկ մի խումբ էլ մտել է քոլեջ և վանկարկում` «Միացեք»: Քննություն հանձնողներից մի քանիսն ընդհատել են քննությունը և միացել ցուցարարներին: Նրանց հետ են նաև դասախոսների մի մասը:
09։33
Այսօր վաղ առավոտից Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում էին հավաքվել մի խումբ երիտասարդներ, աշակերտներ: Նրանք դասադուլ են հայտարարել և բողոքում են երեկ ԱԺ-ի կողմից կայացված որոշման դեմ, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելուն:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել