HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Եղվարդցի ցուցարարները պահանջում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանից գալ իրեն պատկանող գազալցակայանի մոտ

Հարյուրավոր եղվարդցի ցուցարարներ հավաքվել են քաղաքի գազալցակայանի մոտ, որը փոխկապակցված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ, ով ծնունդով Եղվարդից է: Ցուցարարները պահանջում են, որ պատգամավորը գա գազալցակայանի մոտ:

Բողոքի ակցիայի մասնակիցները առավոտյան 08:00-ից բեռնատարներով փակել են Եղվարդ-Երևան մայրուղին, որն այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ:

Բողոքի ցույցի մասնակիցներից Գարիկ Գևորգյանը «Հետք»-ին հայտնեց, որ քաղաքում համատարած գործադուլ և դասադուլ է:

«Դպրոցներում առավոտվաննից գործադուլ և դասադուլ է, ուսուցիչներն ու աշակերտները դուրս են եկել բողոքի ցույցի: Գործադուլ են անում նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկները»,- պատմեց Գարիկ Գևորգյանը:

Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվել են տարբեր հաստատությունների շենքեր՝ կոչ անելով տեղի աշխատակիցներին միանալ իրենց: Գարիկ Գևորգյանի խոսքով՝ իրենց կոչերը անպատասխան չեն մնացել, և երթին են միացել Եղվարդում գտնվող բանկերի մասնաճյուղերի աշխատակիցները: Բողոքի ակցիային են միացել նաև Եղվարդի քաղաքապետարանի աշխատակիցները:

Այս պահի դրությամբ ցուցարարների մի խումբ գազալցակայանի մոտ սպասում է պատգամավոր Արամ Հարությունյանին:

«Եղվարդցիները ընտրություններին ձայն են տվել Արամ Հարությունյանին, և այժմ նրանից պահանջում են գալ և պատասխան տալ, թե ինչու մեր ընտրած պատգամավորը ԱԺ նիստին չի քվեարկել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին»,- իր խոսքը եզրափակեց Գարիկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ: