Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը:
Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսևորումն է եղել:
«Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված: Բնակիչների պահանջը հավաքական է»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:
Նա նշեց, որ առայժմ ընկերության որևէ ներկայացուցիչ կամ սեփականատեր գյուղ չի եկել և չի հանդիպել բնակիչներին:
«Ջրասահք» ՍՊԸ-ն 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է «Վարդենիկ» փոքր հէկը: Դրա հզորությունը 6170 կՎտ է: Համաձայն ընկերությունների գրանցման պետականռ ռեգիստրի՝ Հակոբ Հակոբյանն այստեղ բաժնետեր է եղել 2004-2007 թվականներին: Այնուհետև որպես բաժնետերեր հանդես են գալիս նրա որդին, եղբայրները և փոքր բաժնեմասով նաև գործընկերները:
Սա Հակոբյանների ընտնիքի միակ հէկը չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Վայոց ձորի մարզում՝ Արփա-Սևան թունելի մոտ շահագործում է այդ տարածքի ամենամեծ հէկը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել