HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոզալիա Աբգարյան. Մեծ Հայրենականի 95-ամյա վետերանը

-Է՜, Հակոբ ջան, մոտիկից ես նկարում, կնճիռներս կերևան,- լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին է դիմում Հայրենական Մեծ պատերազմի վետարան Ռոզալիա Աբգարյանը: Այս հունիսին տիկին Ռոզալիան 95 տարեկան կդառնա, բայց դեռ չի որոշել՝ կտոնի՞ տարեդարձը, թե՞ ոչ:

Բազմոցի մոտ դրված աթոռին տիկին Ռոզալիայի սև պիջակն է՝ պսպղուն ու մի մասն էլ փայլը կորցրած մեդալներով: Նրա հետ հանդիպել ենք մայիսի 8-ին: Ասում է՝ ամսի 9-ի շքերթին է հագնելու պիջակը:

-Ծա՞նր չէ,- հարցնում եմ, հայացքով հասկացնում է՝ կարող ես ստուգել: Մեդալները ծանրացրել են պիջակը:

-Բա մենք էդպիսի՜ ծանրություններ ենք տարել,- պատասխանում է նա:

Ես չգիտեմ, թե որ կետից պիտի սկսեմ հարցեր տալ, տիկին Ռոզալիան ուշադիր նայում է ինձ: Ասում է՝ գիտես, ինչքան եմ պատմել իմ պատմությունը լրագրողներին: Ամեն անգամ պատմելուց հիշողություններն արթնանում են: Պատերազմից անցել է 73 տարի, բայց հիմա էլ հիշում է, թե ոնց էր հագի շինելը բարձ ծառայեցնում, մեկ-մեկ՝ ներքնակ կամ վերմակ, իսկ շաբաթներ էին լինում, որ հագից չէր հանում, որովհետև ժամանակ չկար: Հետո լռում է:

Ցավը գուցե տարիների ընթացքում բթանում է, բայց դրա հիշողությունը մնում է: Մեր զրույցում միայն մի պահ եղավ, երբ տիկին Ռոզալիայի ձայնը խզվեց: 95-ամյա կինն ասում է՝ վաղը մայիսի 9-ն է, հեռուստացույցով պատերազմի մասին ֆիլմեր են ցուցադրելու, բայց պատերազմում տեսածն ամեն օր իր հետ է: Ռազմաճակատում կապավոր էր: Հիշում է՝ դպրոցն ավարտելուց հետո եռամսյա կուրսեր անցավ, ու տարան ռազմաճակատ: 18 տարին դրանից 4 օր առաջ էր լրացել: Ընտանիքում երեք քույր էին, ասում է՝ եղբայր չուներ, եղբոր փոխարեն ռազմաճակատ գնաց: Իսկ հայրը հին բոլշևիկ էր ու լավ զինագործ, այդ պատճառով էլ ռազմաճակատ չէին տարել, ասել էին, որ թիկունքում ավելի օգտակար կարող էր լինել:

«Ստալինգրադում էինք, ընկերուհուս հետ կանգնած էինք, օդաչուն ընկերուհուս գլուխը թռցրեց, ես լրիվ արյունոտվեցի, չէի հասկանում, որ ես էլ եմ վիրավորվել, ինձ հոսպիտալ տարան. 1941-ի վերջն էր: Գլխից վիրավորում էի ստացել: Կարգավորվելուց հետո ուղարկեցին Վորոշիլովգրադ, արդեն ուրիշ ռազմաճակատ»,- պատմում է Ռոզալիա Աբգարյանը: Երկրորդ անգամ դեմքից է վիրավորվել:

«Պատերազմի ժամանակ միայն երազում էի կենդանի մնալ ու տուն հասնել: Ասում էի՝ երանի վերադառնամ տուն, մի հատ լավ լողանամ, մաքուր անկողնում պառկեմ, մի բաժակ քաղցր թեյ, կողքին՝ հաց ու պանիր լիներ, գիրքն էլ ձեռքիս լիներ»,- ժպտում է պատմելուց: Երազանքն իրականացավ 1945-ին, բեռնատար վագոնով հասել էր Թիֆլիս: Հիշում է, որ երբ տան դուռը բացել էր, տնեցիները զարմացել էին, որ ողջ է վերադարձել:

Նույն տարեվերջին էլ ամուսնացել էր: Ամուսնու հետ ռազմաճակատում էր հանդիպել, ասում է՝ ընդամենը 5 րոպե էին տեսել իրար ու խոստացել, որ եթե ողջ մնան, պատերազմից հետ գտնելու են իրար ու ամուսնանան: «Եվ այդ 5 րոպեն 58 տարվա կյանք տվեց մեզ: Միասին ապրեցինք 58 տարի»,- ավելացնում է տիկին Ռոզալիան: Ամուսինը սպա էր, սկզբից բնակվում էին Գերմանիայում, հետո՝ Լեհաստանում, ապա վերադարձան Հայաստան:

Արդեն որդին ծնվել էր, երբ տիկին Ռոզալիան ընդունվեց Երևանի պետական համալսարնաի բանասիրության ֆակուլտետ: Մինչև խորհրդային կարգերի փլուզումն աշխատել է Երևանի քիմիական տեխնիկումում՝ որպես ռուսերենի ուսուցչուհի: 1967-ին Գերագույն խորհրդի կողմից ստացել էր վաստակավոր ուսուցչուհու կոչում:

Ռոզալիա Աբգարյանը երկու որդի ունի, 3 թոռ ու 5 ծոռ: Որդիներից մեկն օդաչու է, մյուսը՝ քիմիական գիտությունների թեկնածու:

Հիմա նրա օրը լցնում են վետերանների միության ծրագրերը: Նա Հայրենականի կին վետերանների և աշխատանքի վետերանների միության Կենտրոն համայնքի պատասխանատուն է: Ընդհանուր 47 հոգի են: Ասում է՝ մեր վետերանները գնացել են Սերովի, Ալեգրովայի համերգներին, ետ չեն ընկնում: Հաճախ թատրոն են գնում, թանգարաններում են լինում, նույնիսկ մի անգամ էլ Գյումրի է տարել խմբին:

Անկախ տարիքից, շարունակում է, կինը պետք է լավ տեսք ունենա, երբ տնից դուրս է գալիս, լավ հագնված պիտի լինի: Հիշում է, որ սովետական տարիներին մի անգամ վարսավիրանոցում մի գրադարանավարի էր հանդիպել, ով ամեն շաբաթ մազերը հարդարելու էր գնում: Մի օր էլ հարցրել էր, թե չի հոգնում ամեն շաբաթ վարսավիրանոց գալուց, այդ կինը պատասխանել էր, թե «դու միայն քեզ համար պիտի հաճելի չլինես, պիտի հաճելի լինես նաև շրջապատի համար»:

«Կյանքում կարևոր է երեք բան՝ տրամադրությունը, առողջությունն ու լավատեսությունը, որ ցանկանաս լավ գործ անել: Չգիտեմ՝ համաձայն եք, թե չէ, բայց այդպես եմ շարժվել իմ կյանքում»,- ասում է Հայրենական պատերազմի վետերանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter