
Մարտունեցիներն ընդդեմ հէկի. եպիսկոպոսի եղբայրը կհանդիպի բնակիչներին
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչները երեկ բարձրաձայնել են իրենց համայնքում գործող հէկի բնապահպանական խնդիրների մասին և սպառնացել են փակել հէկի ջուրը: Սակայն նրանք դեռևս իրականություն չեն դարձրել սպառնալիքը, քանի որ, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հէկի տերը՝ եղեգնաձորցի Մայիս Մկրտչյանը խոստացել է երկուշաբթի այցելել համայնքապետարան և բնակիչների ու համայնքապետի հետ քննարկել բնակիչներին հուզող հարցերը:
Մարտունի գետի վրա 2011 թվականից «ՄԿՇԳ էներգիա» ՍՊԸ-ն շահագործում է 1800 կՎտ հզորություն ունեցող «Մարտունի» փոքր հէկը:
2007-ին ստեղծված «ՄԿՇԳ էներգիա» ՍՊԸ-ն ղեկավարում է Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայրը: Նա, համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյլաների, պաշտոնապես նաև ընկերության տնօրենն է, սակայն բաժնետեր է երևանաբնակ Սերգեյ Արտաշեսի Ալեքսանյանը:
Վայոց ձորի մարզում եպիսկոպոսի հէկերին արդեն անդրադարձել ենք: Մկրտչյանների ընտանիքը Վայոց ձորի մարզում հէկեր շահագործելու մեծ փորձ ունի: Նրանք, ըստ ամենայնի, ընդլայնել են հէկերի բիզնեսի աշխարհագրությունը և անցել Գեղարքունիքի մարզ:
Մարտունի գետը Սևանա լճի ավազանի գետերից է, սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից: Երկարությունը 27,6 կմ է: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Մարտունի» փոքր հէկը համանուն գետի վրա գործող միակ հէկն է:
Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը պատմեց, որ հէկի սեփականատերերը բնակիչներին բանավոր խոստումներ են տվել՝ կփոխհատուցեն իրենց էլեկտրաէներգիայի գումարները, սակայն այդ խոստումներն իրականություն չեն դարձել: Բացի դրանից, հէկ շահագործողներն օգտագործել են որոշ սեփականատերերի հողերը և որևէ փոխհատուցում չեն տվել:
«Հէկն ինքն իրեն վնաս է ներկայացնում: Դուք չգիտե՞ք, որ հէկը կառուցելուց ձկան հերը անիծեցին, անասունները, էդքան տեղն արդեն փակ է, չեն կարող օգտագործել: Եթե գետն ամբողջությամբ տրուբաներով գնում է, գետը կարո՞ղ են օգտագործել, ձուկը կարո՞ղ է աճել, կենդանական աշխարհը կարո՞ղ է գոյություն ունենալ»,- ասաց Արմեն Ավետիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե կոնկրետ բնապահպանական ինչ խնդիրներ են առանձնացնում բնակիչները:
Ջրաչափ հէկի օգտագործած ջրահոսքի վրա տեղադրված չէ, հետևաբար, համայնքապետն ասում է, որ հնարավոր չէ վերահսկել բնապահպանական թողքը:
Այս և բնակիչներին հուզող հարցերի պատասխանները հույս ունեն ստանալ Մայիս Մկրտչյանից՝ նախատեսված հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նույն մարզի Վարդենիկ համայնքի բնակիչներն էլ մայիսի 2-ին փակել էին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող հէկի ջուրը: Նրանք պահանջում էին, որ պատգամավորը քվեարկի վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին և լուծի համայնքում հէկի պատճառով առաջացած բնապահպանական հարցերը:
Մեկնաբանել