
Լիա Պողոսյան. «Հեղափոխությունը դեռ չի հասել դատարաններ, դատախազություններ, քննչականներ» (տեսանյութ)
Ակտիվ քաղաքացի, 3 որդիների հայր Ներսես Պողոսյանն արդեն երկու տարի ազատազրկման վայրում է: Նա դատապարտվել է 3 տարի 5 ամսվա ազատազրկման «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով: Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել կամ վերացնել Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը առանց նրանց ու նրանց պաշտպանների ներկայության: Վերաքննիչ դատարանի դատավորների այս քայլը առաջացրել է ամբաստանյալների հարազատների ու քաղաքացիների վրդովմունքը: Այսօր նրանք՝ Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի նախաձեռնությամբ, հավաքվել էին Վերաքննիչ դատարանի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու և պահանջելու ազատություն:
Լիա Պողոսյանը նշեց, որ ինքը՝ Ներսեսը, համաժողովրդական շարժման հաղթանակով ոգևորված է, սպասում է դրական փոփոխությունների. «Ներսեսը, ես տարիներով ենք պայքարել փոփոխությունների համար»:
Մասնագիտությամբ իրավաբան Լիան ասում է, որ ամուսնու գործը իրավական հարթությունից դուրս է, գտնվում է քաղաքական տիրույթում: Վերաքննիչ դատարանի երեկվա մերժումները նա պատճառաբանում է հրահանգի բացակայությամբ. «Դատավորները պարզապես սովոր չեն առանց հրագանգների աշխատել, իսկ հեղափոխությունը դեռ չի հասել դատարաններ, դատախազություններ, քննչականներ»:
Լիա Պողոսյանը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ, դեռ մինչև հեղափոխությունը, «Ելք» խմբակցության անդամները երաշխավորել են, որ փոխվի Ներսես Պողոսյանի խափանման միջոցը, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց այն: «Ստորագրողներից մեկն արդեն վարչապետ է, մյուսը՝ փոխվարչապետ, երրորդը՝ արդարադատության նախարար...»,-ասում էր Լիա Պողոսյանը:
Հիշեցնենք՝ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով վերաքննիչ բողոքը կլսվի մայիսի 30-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել