Թորոս Սեֆիլյան. «Ես պիտի գնամ դուրսը ամեն ինչ վաճառեմ, այստեղ պիտի ապրիմ»
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, օրեր առաջ է Լիբանանից եկել Հայաստան: Արդեն հանդիպել է եղբորը, երեք ժամ զրուցել. «Ժիրայրը բերդում, ես լիցքավորվում եմ: Առաջիկա օրերում կսպասինք, որ տղերքը կգտնվին բանտից դուրս»,- մեզ հետ զրույցում ասաց Թորոս Սեֆիլյանը:
Վերջին անգամ Թորոս Սեֆիլյանը Երևանում եղել է 3 տարի առաջ՝ 2015-ին՝ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ. «Ցավոք, երբ գնացի, իմացա, որ իմ անունը օդանավակայանում ցանկի էին դրել, չէի կարողանում գալ, բայց 20 տարի գալիս-գնում եմ: Ինձ հաճախակի զանգում էին, ասում էին՝ պարոն Սեֆիլյան չգաք, քանի որ կձերբակալեն, շինծու գործ կհարուցեն, 3 ամսով կմեկուսացնեն: Վերջերս ինձ մի զանգ եկավ, որ անունն էլ չկա, կարող եք գալ: Բայց մայիսի 12-ին եկա, ինձ 2 ժամ կանգնեցրին: Իմ անունը դեռ կար: Ինձ հարցրեցին՝ հետդարձի տոմս ունեք: Ասացի՝ 1 սանտիմետր հետ չեմ գնա, ես մտնում եմ Երևան: Հետո ասացին՝ կներեք և այդպես միացա մեր գեղեցիկ ժողովրդին՝ իմ մասնակցությունը բերելու, որ այս երկիրը ավլենք-սրբենք»:
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը որոշել է վերադառնալ Հայաստան. «Ես պիտի գնամ դուրսը ամեն ինչ վաճառեմ, ձեր հետ պիտի ապրիմ, այստեղ պիտի ապրիմ: Ես դուրսը չեմ կարողանում շնչիլ: Կարծում են՝ ձևական է: Իմ կամքովս ես դուրսը չեմ ծնվել, այլ Արևմտյան Հայաստանի թոռներ ենք: Նաև շատերու կարող եմ պատճառ դառնամ, որ գան Հայաստան»:
Թորոս Սեֆիլյանը եղբոր՝ Ժիրայրի հետ, 2000 թ-ին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնությունը:
Նա մասնակցում է քաղբանտարկյալների ազատման ակցիաներին, հավաքներին: Կարծում է, որ հեղափոխությունը դեռ ավարտված չէ և այն պետք է հասցնել տրամաբանական ավարտին ու «արդարությունը վերականգնել երկրեն ներս, եթե արդարություն չկա, բոլորը, ինչ որ անում ենք, իմաստ չի ունենա»:
Ժիրայր Սեֆիլյանի եղբոր համոզմամբ, ոչ միայն Ժիրայրը, այլ Շանթ Հարությունյանից սկսած, Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Հայկ Կյուրեղյանը, առանց բացառության վայրկյան առաջ դուրս պիտի գան:
Համաներմանը համամիտ չէ: Ասում է՝ «հանցագործներուն կուտան համաներում,: Տղերքը մեղավորներ չեն, ինչու համար պիտի ընդունինք համաներում: Ուզում են տղերքին վարկաբեկեն, արժանապատվության հետ խաղալ: Առաջին հերթին, իրենք չեն ընդունում դա»:
Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերի» գործին, ապա Թորոս Սեֆիլյանի կարծիքով, հանդարտության ու համերաշխության համար պետք է խափանման միջոցը: «Հետո օրենքի ներքո թող դատեն: Արդար դատաքննություն լինի: Եթե իսկապես քաղաքական կամք կա, արդար դատ կլինի, իրոք, հավատում եմ»:
Թորոս Սեֆիլյանը պատկերավոր ասում է, որ «Հոկտեմբեր 27»-ով ժամացույցը կանգնեց, «Մարտի 1»-ով ժամացույցը փշրվեց: «Հիմա մենք հույս կապեցինք, որ ժամացույցը սարքվեցավ, բայց սլաքները նորից առաջ պտտելու համար, պետք է հեղափոխությունն ավարտին հասցվի: Այդ ժամանակ երկիրը կսկսի ծաղկել: Արդարադատություն եթե կարողացանք հիմնել, բոլոր խնդիրները լուծելի են: Մենք զարգացման թռիչք կունենաք 3 տարում, եթե արդարություն լինի»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել