
Հունիսի 3-ին ցուցարարները կրկին կփակեն Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը
Հունիսի 1-ի գիշերը և հունիսի 2-ին մի խումբ մարդիկ ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանին հարող հատվածը: Պատճառը, ըստ ցուցարարների, ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանն ծեծն էր:
Խուլիգանության փաստով ԼՂՀ Դատախազությունը քրեական գործ է հարուցել: ԼՂՀ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է ԱԱԾ աշխատակցի երկու անուն՝ Մհեր Մուսայելյան/ ԱԱԾ-ի աշխատակից/, Մխիթար Մուսայելյան, Սերգեյ Մուսայելյան, Գուրգեն Հայրապետյան և Վարդան Ղարամյան/ ԱԱԾ-ի աշխատակից/: Վերջինս ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է:
Հունիսի երկուսին տեղի ունեցող բողոքի մասնակցիների հետ բանակցում էին ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ Անվտանգության որհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը և ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
Ցուցարարները պահանջում էին բացի բանակից, մնացած ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:
Ցուցարարների կողմից կազմված պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Չգիտեմ, թե ինչ է եղել ծեծկռտուքի ժամանակ, թե ով է սկսել, սակայն ԱԱԾ-ի մասնակցությունը խայտառակություն եմ համարում: Մենք Բակո Սահակյանի հետ հանդիպում ենք ունեցել, նա խոստացել է, որ կլինի արդար քննություն: Ընդհանրապես Բակո Սահակյանի հետ խոսել ենք երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ոստիկանության ու ԱԱԾ-ի խայտառակ գործողությունների, Բերձորյան դեպքերի մասին»,- ասաց պատվիրակության անդամ Կարեն Սիմոնյանը:
Բողոքի մասնակիցները խոստացան, որ վաղը հունիսի 3-ին ժամը 11-ին կրկին փակելու են Ազատամարտիկների փողոցը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել