
«Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
Մարինե Մարտիրոսյան
Եղեգնաձորի չրանոցը գտնվում է քաղաքի ծայրամասում: Վայրի կակաչները ուղենշային են դարձնում դեպի չրանոց ճանապարհը: Քարքարոտ, ամայի տարածքում հեռվից սև մետաղից ջերմոցանման շինություններ են երևում: Այստեղ «Հայկական չրեր №1» ապրանքանիշով չրեր են պատրաստում:
Չրանոցի հիմնադիրը 31-ամյա եղեգնաձորցի Խաժակ Օհանյանն է, ով մեզ դիմավորում է չրանոցի մոտ: Տարածքը կոկիկ է, չրանոցներն առայժմ դատարկ են, դեռևս չեն սկսել մրգի մթերումը:
Խաժակն ասում է, որ եթե մթերման ժամանակ գնայինք, եռուզեռը կտեսնեինք, և գուցե ժամանակ էլ չունենար զրուցելու: Ինքը և՛ կազմակերպչական հարցերն է լուծում, և՛ փաթեթավորմանն է օգնում: «Սա ընտանեկան բիզնես է»,- նշում է Եղեգնաձորի չրանոցի՝ «Ալ վկուս» ՍՊԸ-ի տնօրեն Խաժակ Օհանյանը:
Պատմում է, որ 7 տարի վարկային գործակալ է աշխատել բանկում: 2015-ին սկսել է չրերի պատրաստման փորձարկումներ անել: Ասում է՝ տեղանքը լավ գիտեր, և քանի որ չրերն էլ Հայաստանի այցեքարտն է համարում, որոշեց փորձարկումներ անել: Սկզբից ծիրանի, բալի, դեղձի և արքայանարնջի 15-18 տոննա չիր են պատրաստել ու առաջին արտադրանքը Ռուսաստան արտահանել: Մեկ տարի անց հիմնել են ընկերությունն ու արտադրանքի ծավալները մեծացրել:
Չրանոց հիմնելու 20 միլիոն դրամ վարկով պետությունն է աջակցել, մնացած ներդրումը Խաժակ Օհանյանն է արել: Ասում է, որ իրենց չրանոցը նոր մոդելով է՝ էլեկտրոնային կառավարմամբ: Օրինակ, եթե չրանոցում միրգը շատ է լինում, խոնավությունը, բնականաբար, մեծ է, տվիչների միջոցով օդափոխիչներն արագ կարգավորում են միջավայրը: Չրանոցի սև թիթեղների գույնը ևս պատահական չէ. սևն արագ է կլանում արևի ջերմությունն ու հաղորդում մրգին: Ավելի ուշ սեզոնին, երբ արևի ու ջերմության խնդիր կա, օգտագործում են էլետրական չրանոցը, սակայն այդ դեպքում չրի գինը կարող է բարձրանալ:
Հիմա տարվա ընթացքում 9-10 տեսակի չիր են ստանում: Հումքը ձեռք են բերում Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի ու Արմավիրի մարզերից: Սալորի 70 տոկոսն, օրինակ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից են գնում, արքայանարինջը՝ Սյունիքից:
Շուկան հիմնականում Ռուսաստանն է, միայն այս տարի են Եղեգնաձորի չրերը հայտնվել հայաստանյան խանութներում: Առաջիկայում արտահանման պայմանագիր են կնքելու Իրանի հետ, որտեղից էլ չիրը ուղարկվելու է Արաբայան Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ, ևս մեկ պայմանագիր նախատեսում են կնքել Արգենտինայի հետ:
Լավ չրի գաղտնիքը
Տեխնոլոգ Սիլվա Եղոյանը Խաժակ Օհանյանի մայրն է: Մեր այցելության պահին մի քանի աշխատակիցների հետ փաթեթավորում էին սալորի և ծիրանի չրերը: Նախքան դա ամեն փայտյա տուփի համար չիրը կշռվում է: Շուկան են արտահանում երկու տարբերակով՝ փայտյա տարաներով և վակուումային փաթեթներով:
Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
Խաժակը վերցնում է դեղձի չիրն ու ցույց տալիս գույնը: Ասում է, որ գույնը ստացել են բազմաթիվ փորձարկումների արդյունքում, ապա ավելացնում է, որ կարող են ստանալ ցանկացած երանգ: Առաջնահերթը, ըստ նրա, լիարժեք համ ապահովելն է: Նշում է, որ շաքար ընդհանրապես չեն օգտագործում չրի պատրաստման համար: Գնորդներ ունեն, որոնք բնական չորացմամբ չրերն են նախընտրում, գնորդների խումբ էլ կա, որ նախընտրում է քիմիայով մշակված չիրը. այս դեպքում որոշակի քանակությամբ ծծմբի ծխահարում են անում, ինչը մրգին տալիս է գունային վառ երանգ և պիտանելիության երկար ժամկետ:
Առհասարակ չիրը սառը ու տաք օդի հետ շփումից կորցնում է գույնը, իսկ երանգը պահպանելու, «կյանքը երկարացնելու» համար վակուումային փաթեթներ են կիրառում:
«Մի փոքր գաղտնիք բացեմ. չիրը սիրում է, որ իրեն արագ ստանան: Ինչքան բաց է մնում օդի մեջ, այնքան գունային երանգը կորցնում է, եթե կարողանաս արագ կարգավորել այդ ամենը, կշահես»,- ասում է Խաժակ Օհանյանը:
Օրգանիկ չրեր արտադրելու ծրագիր կա
«Գործին, որ նվիրվել եմ, մտածում եմ, որ հնարավոր չէ չհասնել հաջողության: Մեր հիմնական շեշտադրումը գյուղատնտեսությունն է, և ամեն ինչ անելու ենք, որ հայկական չիրը հաջողություն ունենա: Հիմնականում աշխատում ենք չրի արտաքին տեսքի և չզիջող որակի վրա»,- նշում է Եղեգնաձորի չրանոցի ղեկավարը:
![]() |
![]() |
Ըստ Խաժակի՝ տեղանքն իրենց մեծ հնարավորություններ է տալիս. առավելագույնս օգտագործում են արևի էներգիան: «Տեղանքը մի քիչ ձորային է, քամու շարժ կա, որը խոնավությունը հեռացնում է: Երբ չրի ծավալները մեծ են լինում, պատահում է, որ սինիներով դրսում ենք դնում, այդպես մոտ 18 տոննա կարող ենք փռել»,- ասում է գործարարը: Հետո ավելացնում է, որ ներդրումների կարիք ունեն այժմ: Ծրագրում են որոշակիորեն ցանկապատել տեղանքը՝ միաժամանակ չխափանելով քամու տեղաշարժը: Նպատակը փոշուց խուսափելն է:
Առաջիկա նպատակներից է օրգանիկ չրերի պատրաստումը: Դա հնարավորություն է տալու հայկական չիրն արտահանել եվրոպական երկրներ: Օրգանիկ չիր ստանալու գլխավոր պայմանը սերտիֆիկացված օրգանիկ այգիներն են, ինչպիսիք, Խաժակի ասելով, Հայաստանում կան, և կարող են պայմանագիր կնքել դրանց տերերի հետ:
«Աշխարհը հիմա գնում է էկոսննդին: Մեր հաջողությունը երևի կգրանցենք էկոտարբերակում՝ կստանանք պարզ երանգի, լավ որակի չիր: Եվ ամեն ինչ անելու ենք, որ հայկական արտադրանքը հաջողության հասնի արտաքին շուկայում»,- ասում է Խաժակ Օհանյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել