HY RU EN

Դիանա Ղազարյան

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները տնօրինությանը ժամանակ են տվել

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գործող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները ժամանակավոր դադարեցրել են գործադուլն ու բողոքի ակցիան:

«Հետք»-ի հետ զրույցում Նոր Գեղիի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ աշխատակիցները թռչնաֆաբրիկային տնօրինությանը մինչ ուրբաթ ժամանակ են տվել հեռացված աշխատակիցներին աշխատանքի հետ վերադարձնելու լուծման տարբերականեր և ուղիներ առաջարկելու համար:

Արթուրի փոխանցմամբ՝ ցուցարարները լքել են թռչնաֆաբրիկայի տարածքը, միայն աշխատանքի են վերադարձել այն աշխատակիցները, ովքեր պետք է կերակրեն թռչուններին:

Ըստ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ ուրբաթ օրը հանդիպում կկազմակերպվի թռչնաֆաբրիկայի սեփականատերերի, մարզպետի և բողոքի ակցիա իրականացնողներից ընտրված երկու աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը կքննարկվի աշխատանքի հեռացված աշխատակիցների հետ վերադարձի հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից սկսած թռչնաֆաբրիկայի տնօրինությունը աշխատանքից հեռացրել է ավելի քան 60 աշխատակցի՝ առանց ծանուցագիր ուղարկելու եւ հեռացման պատճառների մասին տեղեկացնելու:Որպես բողոքի նշան թռչնաֆաբրիկայի նախկին և ներկա աշխատակիցներն ու գյուղի բնակիչները փակել էին թռչնաֆաբրիկայի դարպասները՝ արգելելով որևէ մեկին մուտք գործել ներս: Բողոքող աշխատակիցների հետ հանդիպման էր եկել նաև Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում թռչնաֆաբրիկայի տնօրենը հայտնել էր, որ աշխատակիցները հեռացվել են թռչնաֆարիկայի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:

լուսանկարը՝ Արթուր Հովհաննիսյանի