
Մանվել Գրիգորյանին միաձայն զրկեցին Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից
Այսօր Կապանի համայնքապետարանում անցկացված ավագանու արտահերթ նիստի միակ հարցը գեներալ Մանվել Գրիգորյանին Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին էր: Այս կոչումը նա ստացել էր 2003-ին: Այդ ժամանակ Կապանի քաղաքապետն էր Արմեն Կարապետյանը, ով 2013-2017 թթ. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:
Կապանի համայնքապետարանի կայքի համաձայն՝ արտահերթ նիստին ներկա ավագանու 10 անդամները միաձայն որոշմամբ զրկել են Մանվել Գրիգորյանին Կապանի քաղաքացու պատվավոր կոչումից: Նիստը վարում էր ՀՀԿ-ական համայնքապետ Աշոտ Հայրապետյանը:
Ըստ Կապանի համայնքապետարանի կայքի՝ մինչ օրս Կապանի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել 45 հոգի: Արմեն Կարապետյանի օրոք (2002-2011 թթ.) 18 հոգու շնորհվել է այդ կոչումը: Նրանց թվում են Արմեն Մովսիսյանը (էներգետիկայի նախարար), Մաքսիմ Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն), Անդրանիկ Մարգարյանը (ՀՀ վարչապետ), Էդիկ Բարսեղյանը (ԱԻՆ վարչության պետ, նախկինում՝ Սյունիքի մարզպետ):
2015-ից հետո, ըստ համայնքապետարանի կայքի, «Կապանի պատվավոր քաղաքացի» կոչում ստացող չի եղել:
Կոչումը հանձնվում է 1986-ից: Այդ տարի պատվավոր կապանցի է դարձել 13 հոգի, որոնց շարքում միայն մեկ հոգի է կուսակցական գործիչ, մյուսները շինարարներ են, լեռնագործներ, բժիշկներ, մանկավարժներ, մարզիկ, գիտնական: 1986-ից հետո հերթական կոչումը հանձնվել է միայն 1993-ին:
Մեկնաբանել