HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ցուցարարները ոստիկանությանը հորդորում են ձերբակալել քաղաքապետ Տարոն Մարգարյանին (թարմացվող)

11:46

Ցուցարարները դադարեցրին Երեւանի քաղաքապետարանի տարածքում իրականացվող բողոքի ակցիաները, քանի որ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննության նյութերը կցվել են Ազգային անվտանգության ծառայության՝ «Երևան» հիմնադրամի գործով հարուցված քրեական գործին:

Ցուցարարների փոխանցմամբ՝ իրավապահներն արդեն կզբաղվեն հետաքննությունում առկա փաստերի ճշտմամբ:

Երեւանի պատմության թանգարանի դռները չբացվեցին նաեւ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի համար: Խաչատրյանը որքան էլ թակեց թանգարանի դուռը, որևէ մեկը չմոտեցավ եւ չբացեց դուռը:

11:26

Քիչ առաջ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննության հեղինակ, վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայություն։ «Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,- նշել է Արեն Մկրտչյանը:

11:18

Մի խումբ ցուցարարներ փորձում են մուտք գործել Երեւանի պատմության թանգարան, սակայն այն փակ է: Թանգարանի ներսում աշխատակիցներ կան, որոնք, սակայն, չեն մոտենում ցուցարարներին` պարզաբանելու, թե ինչու է թանգարանը փակ, չնայած այն բաց պետք է լիներ դեռ 11:00-ից:

10:20

Մի խումբ ցուցարարներ գիշերը 01:30-ից փակել են Երեւանի քաղաքապետարանի շենքի գլխավոր մուտքը:
Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել են գիշերը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հրապարակված հետաքննությունից հետո:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց ցուցարարներից Միքայել Նազարյանը՝ մամուլի ցանկացած հրապարակում հաղորդում է հանցագործության մասին, ուստի իրենք պահանջում են իրավապահներից ստուգել հրապարակման մեջ առկա փաստերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ:

Միքայելի խոսքով՝ այս պահին քաղաքապետարանը համարվում է հանցանքի վայր, քանի որ այստեղ տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են շորթվել: Նրանք որոշել են փակել շենքի մուտքերը, որպեսզի իրավապահները զբաղվեն այստեղ կատարված հանցագործությունների բացահայտմամբ: Ցուցարարներն առավոտյան նաեւ զանգահարել են ոստիկանություն, տեղեկացրել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննության մասին եւ հորդորել ձերբակալել քաղաքապետին, այլապես իրենք են Մարգարյանին «բռնելու» եւ տանելու ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter