HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սև սքեմ-կանաչ կամուֆլյաժ

Ամեն անգամ դիրքերից իջնելիս զգացողությունը տարբեր է լինում․ ոչ մի անգամ չի կրկնվում։ Իջնողներիս համար տարբեր է, մնացողների համար դիրքը կամ դժվար պայմաններում առաջ չգնացող ժամանակ է, կամ՝ պատերազմ։ Եվ նախընտրելի է առաջինը։

Միշտ երկար ժամեր տևած շփումներից հետո մնում է ընդամենը մի քանի կարևոր միտք ու նախադասություն։ Մնացածը ծավալ է, որ կարելի է չգրել, եթե պատմության կարիք չկա։ Այս անգամ  մի քանի նախադասությունը սրանք էին․

ա) դիրքերում պատահող ողբերգական դեպքերի մեծ մասը տեղի է ունենում տասներորդ օրից հետո, տասնչորս օրը շատ է դիրքերի համար։ Սա ամենակարևորն էր, այս մասին ասաց փոխգնդապետը։

բ) դիրքերից իջնող զինվորների տրամադրությունը դիրք բարձրացող զինվորների տրամադրությունից լավն էր։

գ) կիրթ հրամանատարները փոխում են զորամասի պատկերը ու զորամասի ներսի ապահովության ու նորմալ հարաբերությունների երաշխիքն են։ Կիրթ հրամանատարները ցավոք շատ չեն։

դ) ուզեցի մի անգամ տեսնել աշխարհի բանակների օրինակելի դիրքերի պայմանները, ուզեցի իմանալ, ինչպիսինն է լինում հարուստ երկրի օրինակելի դիրքերի տեսքը։ Ինչի՞ն ձգտենք։

ե) զինվորները երբեք չեն ասում եկվորներին այն, ինչ մտածում են ու միայն հրամանատարի բարեկամական թույլտվությունից ու պնդելուց հետո ինչ-որ ցանկություն են արտահայտում։

զ) մեր կրթական համակարգի ժանտախտը բանակում առավել ցայտուն է երևում, զինվորներ կան՝ տառաճանաչ չեն։

«Պահեա՛ և պահպանեա՛ զզօրամասս զայս»

Զորամասում հերթափոխի օր էր։ «Պահեա և պահպանեա զզօրամասս զայս»-ը զորամաս մտնելու պահին լսած առաջին նախադասությունն էր։ Հերթափոխից առաջ զինվորները լսում էին սարկավագի աղոթքը։ Մի տեսակ տեղանքի համար անսպասելի էր։ Աղոթքի վերջում զինվորները խաչակնքում էին։ Ուշադիր լինելու դեպքում նկատելի էր, որ ոմանք չեն խաչակնքում։ Զինվորների մեջ այլազգիներ կան՝ եզդիներ, ասորիներ։ Աթեիստները, կարծում եմ, բանակում չեն հրապարակում իրենց կրոնական հայացքները՝ դրա ժամանակը չէ, ու հավանաբար խաչակնքվում են մեծամասնության ազդեցությամբ։

Վերևում՝ դիրքերում, փոշոտ, հողոտ, ավտոդողերով ու տակառներով պատնեշած հողակտորի վրա երեք ծածկ կա, մեկը` ճաշելու համար նախատեսված, մյուսը՝ հանգստանալու, երրորդը աղոթատեղի է՝ աղոթագրքերով։

Զորամասում սարկավագը աղոթքից հետո սքեմի վրայից հագավ կամուֆլյաժը ու բարձրացանք դիրքեր։

Այս թեման բանակում, հավանաբար, շատ նուրբ է․ ինչ-որ բանի, զորավոր բանի պիտի ապավինես․ կամ՝ զորավոր պետությանը, կամ՝ զենքին, կամ՝ Աստծուն։ Մենք այդ պահին ուրիշ աշխարհից էինք գալիս, որտեղ ամեն օր մթնշաղին ամբոխը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Այստեղ՝ հողի վրա քաշած ծածկի տակ աղոթատեղիի մի քանի քառակուսի սանտիմետր տարածքում, նրանք հավանաբար գտնում են իրենց ապահովության անհասկանալի երաշխիքն այն պահին, երբ հայացքները դիտակետերից, որտեղից երևում են հակառակորդի՝ իրենց պես անպաշտպան ու իրենց պես վտանգավոր դիրքերը, շրջում են մեր կողմ ու միգուցե ուզում են, որ իրենց ինչ-որ մեկը ապահովություն խոստանա։

Երբ սարկավագն ասում էր «պահեա և պահպանեա զզօրամասս զայս», ինձ թվաց, որ եթե ամեն հերթափոխից առաջ զինվորներից մեկի մայրը կամ հայրը հրավիրվի զորամաս ու բարձրախոսով, ինչպես դա անում էր երիտասարդ սարկավագը, իր ծնողական օրհնությունը տա ու ասի․ «ես՝ զինվոր այսինչ այսինչյանի մայրը կամ հայրը, դիմում եմ ձեզ, սիրելի ու թանկ տղաներ, երբ վերևում հոգնածությունից կամ հուսահատությունից ինչ-որ խնդիր առաջանա ձեր միջև, հիշեք, որ դուք միայն ձեզ համար չեք պատասխանատու, այլև ձեր մայրերի ու հայրերի, որոնք երկու տարի ամեն օր ձեզ հետ են, եթե չեք կարողանա հարթել ձեր խնդիրները, արեք դա հանուն ձեր ծնողների։ Թող խաղաղ անցնի ձեր տասնչորս օրը, մենք սպասում ենք ձեզ, որ ուրախանանք ձեր վերադարձով»։ Կարծում եմ ամեն հերթափոխի որևէ ծնող կամ մի քանի ծնող մեծ խանդավառությամբ կընդունեն նախարարության առաջարկը «սարկավագություն» անելու։ Եվ վստահ եմ, եթե այս փորձը լիներ Իսրայելի բանակում, մենք անպայման հիացած հղումներ կանեինք, թե ինչ մարդասիրական հնարքներ ունի այս ուժեղ ու պատերազմող բանակը։

Պաշտպանության նախարարությունից մեզ  զորամաս ուղեկցող զինվորականը մի քանի անգամ նշեց, որ այս զորամաս միշտ ուրախությամբ է գալիս, որովհետև հրամանատարական կազմը կիրթ է։ Բանակում դա միշտ հարաբերական հասկացություն է, բայց երբ փոխգնդապետ Մհեր Սարգսյանը զորամասից մեզ ուղեկցում էր դիրքեր և դիրքերում գրագետ ու անկաշկանդ զրույցի հեղինակն ինքն էր, հասկանալի էր, որ զորամասի ներսում անվտանգության երաշխավորները նրա պես կիրթ, զուսպ, հոգնած մարդիկ են, որոնք զինվորի մասին խոսում են ու զինվորի հետ շփվում են նախ որպես մարդու, հետո՝ որպես հրաման կատարողի։

Փոխգնդապետ Սարգսյանը դիրքերում դիմում է մի պատրաստակամ ու չափից դուրս պատրաստակամ զինվորի ու հարցնում․ «Ասա տեսնեմ, դիրքերում մնալու քանի օրն է ճիշտ՝ 14, 10, թե՞ 7»։ « Տասնչորս, պարոն փոխգնդապետ»։

Փոխգնդապետը ժպտում է ու նորից հարցնում, մի անգամ էլ է հարցը կրկնում ու խնդրում է ասել այն, ինչ մտածում է։ Ու զինվորը ասում է, որ տասնչորսը շատ է մի քիչ։

Փոխգնդապետն ասում է, որ վիճակագրությամբ բոլոր դժբախտ պատահարները տեղի են ունենում տասներորդ օրից հետո, հոգնում են։ Փորձում եմ հասկանալ, թե այդ փոքրիկ հողակտորում ոնց կարող է զինվորը հոգնածությունից խախտել անվտանգության շատ ակնհայտ ու չլղոզված կանոնները ու հասկանում եմ, որ եթե երկար մնամ այստեղ, երևի մի պահից անտարբեր կդառնամ ամեն ինչի հանդեպ, ու անվտանգության կանոնակարգը և ահավոր հոգնած ուղեղը երևի կկորցնեն կապը։ Հակառակորդի գնդակից խաղաղ պայմաններում զոհերի պատճառն անվտանգության կանոնների խախտումն է։ Փոխգնդապետը պատմում է, որ դեպքեր են եղել, երբ իննսունականներից ականապատ տարածքով, որի մասին զինվորներին առաջին իսկ օրից զգուշացվում է, իրենք հրաշալի պատկերացնում են, որ այդ տեղանքը ականապատ է, և ոչ ոք չի անցնում այդտեղով, հարևան դիրքում մարտական ծառայություն անցնող ընկերոջը տեսնելու համար ընտրում են ականապատ կարճ ճանապարհը և պայթում ականի վրա։ Փոխգնդապետի կարծիքով դիրքերում հերթափոխի տասը օրը ամենաճիշտն է։

Բանակում նորամուծություններ կան։ Զորամասում բանկոմատներ են տեղադրվում առձեռն գումարից խուսափելու համար։ Գումարը հաճախ զինվորների միջև վեճերի պատճառ է լինում, և զինվորին գումար փոխանցելու քարտային համակարգը վեճերից խուսափելու մի ձև է։ Փոխգնդապետը կրկնում է, որ ծնողներին բազմիցս դիմել են մեծ գումար չուղարկելու, չփոխանցելու խնդրանքով, քանի որ դրա կարիքը այստեղ չկա։

Դիրքերում ճաշելու համար նախատեսված մի ծածկի տակ երկար սեղանին շարում են նոր հերթափոխի համար բերած սննդի պաշարը։ Ծանոթ բան տեսած հայացքով մոտենում եմ պատմական «տուշոնկաների» տուփերին։ «Պարոն փոխգնդապետ, էսքան տուշոնկա ուտելուց աղիքային խանգարումներ չեն ունենու՞մ զինվորները, մանավանդ էս շոգին»։ Փոխգնդապետը լավ հումոր ուներ ու սկզբում բացատրում է, որ ուշադիր նայեմ՝ բոլորը մսով չեն, կեսը բանջարեղենային ռագուների պահածոներ են, իսկ ինչ վերաբերում է թունավորվելուն, զինվորները, որպես կանոն, երդման արարողության օրն են այդպիսի խնդիրներ ունենում, երբ ծնողները գալիս են, ու թույլ է տրվում ծնողների հետ մի քանի ժամ անցկացնել, այ ծնողները փորձում են քառասուն օրվա բացթողումը մի օրում լրացնել ու անհավանական սնում են իրենց տղաներին մի քանի ժամում։

Ասում է՝ ծանրոցներ են ուղարկում սննդով, ու երբ բացում են, հիմնականում փչացած, նեխած սնունդ է լինում, բացում են բժշկի, զինվորի ներկայությամբ և թույլ չեն տալիս` փչացած սնունդը հասնի զինվորին։

«Երդման օրերին պատահում է, որ որևէ զինվորի ծնող ներկա չլինի՞»՝ հարցնում եմ։ Փոխգնդապետն ասում է. «Հիմնականում բոլորը լինում են, եթե մի հինգ հոգու ծնող ներկա չի լինում, անպայման նրան, մարդ ենք կցում»։ Ասում է նաև, որ ինքն անձամբ նայում է զինվորների գործերը ու առաջին օրերին բոլոր այն զինվորներին, որոնց բնութագրում խնդրահարույց կետեր կան՝ կցում են ավելի ամուր հոգեբանությամբ տղաների ու նա ստանձնում է մյուս զինվորի, պայմանականորեն ասած, «հոգածությունը»։ Ես մի քիչ լավ չպատկերացրի, թե դա ինչ տեսք ու բովանդակություն կունենա, բայց փոխգնդապետ Մհեր Սարգսյանի մարդասիրական մոտեցմանը վստահեցի։

Զորամասի գրադարանը

Մինչև դիրքեր բարձրանալը, զորամասի գրադարանում մեզ սուրճ են հյուրասիրում։ Սուրճ եփողը վաթսունին մոտ մի բարետես կին է, Մարտունու Գիշի գյուղից։ Սուրճն եփում ու ընթացքում զրուցում է։ Գրադարանի գրքերը երկու տեսակ են՝ մի մասը թարմ տպված ռազմական-հայրենասիրական, մյուս պատին՝ հին, փոշոտ գեղարվեստական ու գիտական գրքեր։ Առաջին գիրքը, որի կազմը հետաքրքրիր ու ծանոթ թվաց, Սարգիս Աբրահամյանի «Սերունդների հետ» վիպակն էր։ Հիշում եմ, որ այս մարդը պապիս ընկերն է եղել, ես իրեն չեմ տեսել, բայց ամառները պապիս հարուստ գրադարանում մի քանի քաղաքային կյանք նկարագրող սիրուն գիրք կար հայ հեղինակների, որ դպրոցական ժամանակ մեծ սիրով ամեն տարի կարդում էի, դրանցից մեկը Զորայր Խալափյանի «Վերադարձնելով ձեր դիմանկարը» գիրքն էր, մյուսը՝ Սարգիս Աբրահամյանի «Սերունդների հետը»։ Ով կմտածեր, որ Մարտունու զորամասի գրադարանում պիտի հանդիպենք։ Գրադարանավարուհուն հարցնում եմ թերահավատորեն. «Զինվորները էս ռազմական գրքերը կարդու՞մ են», ասում է՝ չէ, դրանք սպաների համար են։ Բա ի՞նչ են կարդում զինվորները, Նժդեհի գիրքն եմ վերցնում, ասում է. «Չէ, է, զինվորը տենց բաներ չի կարդում, զինվորները սիրո մասին գրքեր են ուզում մենակ, էն էլ քիչ ա»։ Վերցնում եմ Չարենցի հատորը, հարցնում եմ` Չարենցի սիրային բանաստեղծությունները կարդու՞մ են, ասում է. «Չէ, Չարենց չեն կարդում, Պարույր Սևակ են շատ սիրում»։ Նայում եմ, Պարույր Սևակ չկա գրադարանում։ Գրադարանավարուհին ասում է. «Չէ, չունենք Սևակ, գալիս հավաքվում են, ես անգիր ասում եմ բոլոր բանաստեղծությունները, իրենք ժամերով լսում են ու գրում»։ Այստեղ՝ ժպիտ։

Հիմա կրթության մասին

Հին սերունդը ամեն ինչ սովորել է, որ պարագիծ հարցնեիր վաթսունին մոտ կնոջը՝ կիմանար, Սևակ են սիրում՝ ինքը արտասանում է։ Հիմա, չգիտեմ սովետական կրթությունը վա՞տ էր, անգիր իմանալը վա՞տ էր, թե չէ, բայց գրադարանավարուհին իր գիտելիքով զորամասի տղաների համար մարդկային մթնոլորտ է ստեղծում իր՝ շատ տարիներ առաջ ստացած կրթության հաշվին, կրթական ժամանցն է ապահովում, տրամադրություն է ստեղծում։ Իսկ հետո իմացանք, որ զինվորների մեջ քիչ չեն նրանք, որոնք տառաճանաչ չեն։ Ու գրադարանավարուհին երեկոյան նրանց տառեր է սովորեցնում, կարդալ են սովորում։ Այսպիսի կրթական մոտիվներ։

Փոխգնդապետ Մհեր Սարգսյանն ասում է` Ռուսաստանից եկած զինվորներ ունենք, որոնք այնտեղ են մեծացել, հայերեն գրել, կարդալ չգիտեն, բայց այնքան գրագետ են զինվորական տերմինաբանության ու առհասարակ մնացած հարցերում, երևում է, որ դպրոց են գնացել, ու հիմա այդ գրագետ տղաներին ասում ենք` ռուսերեն չեք կարող արտահայտվել, ու նրանք սովորում են հայերեն։ Այդ զինվորներից մեկը Թովմասյան Թովմասն է Եկատերինբուրգից։ Շատ կիրթ ու շատ հեշտ շփվող, բաց տղա է, հայերեն նորմալ խոսում է, մի քիչ ակցենտով, եղբայրը նույն զորամասում է ծառայում։ Թովմասը իմ մշտական հարցին, թե ծառայելուց հետո ի՞նչ է անելու, տալիս է տարբեր տարիների, տարբեր դիրքերում լսած մշտական պատասխանը․ «Գնալու եմ Ռուսաստան»։ Ափսոս, անհեթեթություն կա, որ շատ է անհեթեթ․ գալ, ծառայել սահմանի վրա, դիրքերում, որ հետո գնա Ռուսաստան։ Ռուսաստանից եկած հայ տղաների շատ եմ հանդիպել դիրքերում։ Նրանք, իրոք, տարբերվում են առաջին հերթին շփման բացությամբ, շփման մշակույթ ունեն, չեն ամաչում շփվելիս, ժպտադեմ են միշտ ու այս տղաներից ակնհայտ երևում է, որ խնդիր առաջացնող չեն, օտար երկրներում հայերը շատ օրինապահ են դառնում, գումարած՝ դպրոց են հաճախում, դաս են սովորում, տիրապետում են նվազագույն պարտադիր գիտելիքների, բայց ամենակարևորը, որ բանակում հատկապես անմիջապես երևում է՝ ազատ են շփման մեջ, որը շատ խնդիրների բացակայության ու հեշտ ինտեգրման հմտության մասին է վկայում, ինչն իմ համոզմամբ` կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչ է։

Ղարաբաղի բոլոր մյուս շրջաններում զորամասեր ու դիրքեր տեսնելն անբնական բանի զգացում չէր առաջացնում։ Դե, մարող ու վերսկսող կռվի տարածք է։ Բայց Մարտունու շրջանում, դիրքեր գնալ չէի պատկերացնում, դիրքերի գոյությունը չէի պատկերացնում, որովհետև այդ շրջանում իմ ենթագիտակցությամբ միայն պապի տուն կարող էր լինել, ազատ, սահման չունեցող ամառ ու օգոստոսի քսանհինգին՝ արձակուրդի հետ ավարտվող կինո՝ հոյակապ ռեժիսուրայով, դերասաններով, օպերատորական աշխատանքով, երաժշտական ձևավորմամբ, տեսարաններով, երկխոսություններով, հրաշալի սցենարով։ Մարտունիում դիրքեր չէի պատկերացնում։ Մարտունիում պիտի լիներ միայն Նորշեն գյուղից Մարտունիով Ստեփանակերտ գլորվող սուր քիթ ավտոբուսը, որի ուղևորները դուրս էին եկել ֆիլմից կամ պատահաբար այդ կտորը դուրս էին մնացել ֆիլմից։ Պիտի գլորվեր ուրախ ավտոբուսը հռհռոցով, հումորով, գույնզգույն շորերով, կարմիր հավի՝ կտորի տոպրակից դուրս եկող կտուցով, սպիտակ «վըխադնոյ բասանոշկաներով», ինչ-որ մեկի պատկառազդու թղթապանակով ու ցիլինդրով ու իմ՝ կինո նայող դեմքով, իսկ հանգստի օրերին՝ բարեկամական արտոնագրով․ մեծ ընկուզենու ստվերում կանգնած դատարկ ավտոբուսի մեջ խաղալու արտոնությունը մինչև վերջ օգտագործելու աննկարագրելի երջանկությամբ։ Հիմա զինվորական մեքենաներ են ավելի շատ հանդիպում Մարտունու՝ մոշի մացառներով պարսպված փոշոտ ճանապարհներին, իսկ ուրախ ավտոբուսը չկա։

Ուրախ ավտոբուսը պիտի վերադառնա, որ քաղաքից եկած ուրիշ փոքրեր նորից տեսնեն իմ տեսած կինոն, նայեն հիացած, որովհետև պատերազմները դասագրքերում են միայն մնում ու կյանք չեն դառնում։ Պահեա և պահպանեա զաւտոբուսն այն։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter