HY RU EN

Սառա Պետրոսյան

Համայնքապետերը հրաժարականներ են ներկայացնում` «իրենց կամքով, քաղաքական իրողություններից ելնելով»

Վերջին մեկ ամսում՝ նորանշանակ մարզպետների պաշտոնավարման շրջանում հրաժարական են ներկայացրել 4 համայնքապետ եւ 3 վարչական ղեկավար: Առաջին հրաժարականը հունիսի 18-ին ներկայացրեց Էջմիածին համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը: «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- հունիսի 18-ին գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում: Էջմիածին համայնքի ավագանին հունիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց համայնքի ղեկավարի հրաժարականը:

Մի քանի օր շարունակ էջմիածինցիները պահանջում էին համայնքի ղեկավարի հրաժարականը, սակայն նա հրաժարական ներկայացրեց միայն իրավիճակի պարտադրանքով, երբ ԱԱԾ-ն հրապարակեց նրա հոր՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում կատարած խուզարկության տեսանյութը։ Դրանից հետո ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց նաեւ Կարեն Գրիգորյանին` նրան մեղադրելով հոր` Մ. Գրիգորյանի եւ մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու մեջ:

Արմավիրի մարզում հաջորդ հրաժարականը ներկայացրեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վերջինիս հրաժարականի պահանջով հունիսի 16-ից սկսած Արմավիրում երթեր ու հանրահավաքներ էին իրականացվում «Արմավիրի նախաձեռնող խմբի» առաջնորդությամբ: Նրանք դժգոհում էին, որ տարիներ շարունակ մարզկենտրոն Արմավիրում որեւէ լուրջ ներդրում չի եղել: Վատ վիճակում են ճանապարհները, մանկապարտեզները, բարձրահարկ շենքերի տանիքները: Նա Արմավիրի քաղաքի ղեկավարն էր 2004 թ.-ից:

Արմավիրի մարզպետի մոտ երկու կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումից հետո Ռուբեն Խլղաթյանը մարզպետին հայտնել էր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մտադրության մասին: Հունիսի 22-ին Արմավիր քաղաքի ավագանին արտահերթ նիստում քվեարկությամբ վաղաժամկետ դադարեցրեց համայնքապետի լիազորությունները:

Հունիսի 25-ին իր հրաժարականի մասին հայտարարեց Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանը: Վերջին մեկ ամսում, Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումից հետո, սա մարզում համայնքի ղեկավարի եւ վարչական շրջանի ղեկավարի հինգերորդ հրաժարականն է: Հրաժարականը ներկայացնելու համար Ա. Դանիելյանը հուլիսի 2-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: Մամուլի հրապարակումները փաստում են, որ Ա. Դանիելյանին հրաժարականը պարտադրվել է, իսկ նա տեւական ժամանակ դիմադրել է` ասելով, որ ինքը ընտրված համայնքի ղեկավար է: Սակայն, մեր կարծիքով, ավագանին կքվեարկի նրա պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու օգտին, որովհետեւ այդպես է ցանկանալու հենց Արամ Դանիելյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ Ա. Դանիելյանի աշխատանքն անբավարար է գնահատում եւ դրա համար լուրջ հիմքեր ունի։ «Ցանկացած համայնքապետի աշխատանք առաջին իսկ օրվանից կոչված է խնդիրների լուծմանն ու կյանքի որակի բարելավմանը, սակայն նույնիսկ այդ հարցերում մեր հարգարժան քաղաքապետը որեւէ նշանակալի ձեռքբերում չունի»,- նշել է նա։

Մարզպետը չի թաքցրել, որ աշխատանքային առաջին հանդիպման ժամանակ Հրազդանի քաղաքապետին հորդորել է իր կամքով, քաղաքական իրողություններից ելնելով՝ պարզապես հեռանալ։ «Քաղաքական թիմը կարող է տարին մեկ, երկու տարին մեկ փոխվել, իսկ ՏԻՄ մարմինները իրենց գործառույթներն ունեն՝ ըստ օրենքի։ Ինչքան էլ, որ քաղաքական թիմ փոխվի, ՏԻՄ մարմինը չի փոխվի, որովհետեւ ընտրված մարմին է եւ կարող է փոխվել միայն ընտրություններով»,- www.1in.am-ին հայտնել է Հրազդանի համայնքապետը։

Կարծում ենք, մարզպետը թարմացրել է Ա. Դանիելյանի ընտրվելու հետ կապված հիշողությունները: Արամ Դանիելյանը Հրազդան քաղաքը կառավարում է 2002 թ.-ից: Վերջին անգամ նա համայնքի ղեկավար վերընտրվեց 2016 թ.-ի ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրություններով: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն էր եւ ղեկավարում էր իր կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:

Ն. Փաշինյանն ընտրություններից հետո Ա. Դանիելյանին մեղադրեց ընտրակաշառքով ընտրվելու մեջ եւ այդ մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին` ներկայացնելով լրատվամիջոցներում արված հրապարակումները: Այդ օրերին մենք նույնպես հրապարակել էինք, թե ինչպես է Ա. Դանիելյանն առատորեն գումարներ բաժանել հրազդանցիներին` կիսով սպառելով Հրազդան համայնքի բյուջեով սոցիալական ոլորտին հատկացված գումարը:

Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ լրատվամիջոցների հրապարակումներում եւ Ն.Փաշինյանի հաղորդումներում հղում արված տեսանյութերում պատկերված տարբեր անձինք հայտնել են քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանի օգտին կողմ քվեարկելու դիմաց անհայտ անձանց կողմից իրենց գումար տալու կամ գումար խոստանալու մասին: Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց ու շուտով կարճվեց:

Կոտայքի մարզպետը տեղեկացրել է Հրազդանում վարչական հսկողություն իրականացնելու մասին՝ ասելով, թե հիմնավոր կասկածներ ունի համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված եւ ցանկանում է համոզված լինել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, դրանք ըստ էության ծառայել են նպատակին։

«Հետք»-ն ամիսներ առաջ առանձին հոդվածաշարով անդրադարձավ Հրազդան համայնքի հիմնախնդիրներին եւ, ըստ այդմ` տարբեր ոլորտներում համայնքապետ Արամ Դանիելյանի գործունեությանը: Պարզվեց, որ Հրազդանի համայնքապետարանը 2017 թ.-ի տարեվերջի գույքագրումով ավելի քան 52 պարտատեր ունի, որոնց պարտք է 46 մլն 959 000 դրամ: Պարտատերերը համայնքապետարանի գնումների մրցույթը շահած կամ համայնքապետարանին ծառայություններ մատուցած կազմակերպություններն են, որոնք պայմանագրով նախատեսված գումարը միայն դատական կարգով են կարողանում գանձել Արամ Դանիելյանից:

Միաժամանակ, պարզեցինք, որ Հրազդանի համայնքապետարանը երբեք պարտք չի մնում Ա. Դանիելյանի կազմակերպությանը` սեղմված բնական գազի վաճառքով զբաղվող «Դանիել-Ա» ՍՊԸ-ին, որը Հրազդանի համայնքապետարանի ենթակա ոչ առեւտրային կազմակերպությունների կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման միակ հայտատուն եւ հաղթողն է:  

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 59 500 բնակչություն ունեցող Հրազդանում 21 200-ը գործազուրկ է: Աղքատության ցուցանիշն այս քաղաքում 28% է: Զարգանալու փոխարեն քաղաքն օր-օրի հետընթաց է ապրում, սակայն գործազուրկների քաղաքում գիշերային ակումբները շատ պահանջված են: Բնակիչների ասելով՝ սա միակ բիզնեսն է, որ կայուն առաջընթաց ունի Հրազդանում: Միաժամանակ պարզեցինք, որ այդ ակումբները գործում են չափազանց արտոնյալ վիճակում: Փոխարենը խիստ վատթար վիճակում են գտնվում համայնքի մանկապարտեզները, դպրոցները եւ առաջնային կարեւորության մյուս շինությունները:

Կոտայքի մարզում համայնքապետերի հրաժարականները սկսվել են հունիսի 18-ից: Այդ օրը, առաջինը պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու մասին հայտարարեց 2005 թվականից Սոլակ համայնքը ղեկավարող Բադալ Սարգսյանը: Նրան հետեւեցին Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի վարչական ղեկավար Գրիշա Թադեւոսյանը, նույն համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Համբարձումյանը եւ վերջինը` հունիսի 25-ին Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Նորիկ Մովսեսյանը:

Նրանք հիշյալ համայնքները ղեկավարում են 2000-ականների սկզբից եւ հասկացան, որ չպետք է սպասել մարզպետ Ռ. Պետրոսյանի` վարչական հսկողություն իրականացնելու մասին հայտարարությանը: Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի պաշտոնավարման շրջանում աշխատած համայնքապետերը չեն կարող քրեական անցյալ չունենալ: Մասնավորապես, Նորիկ Մովսեսյանը, որը 2002 թ.-ից համայնքի ղեկավարն էր, իսկ 2017 թ.-ից խոշորացված Արզականի վարչական ղեկավարը, մեղադրվում էր 2015 թ. նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասի իրական ծավալներն ուռճացնելու եւ կեղծ ակտեր կազմելու մեջ։ Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր էր ճանաչել եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Դատելով մարզպետ Պետրոսյանի այն հայտարարությունից, որ պետք է վերանայվի այն համայնքապետերի պաշտոնավարման հարցը, ովքեր մի քանի շրջան արդեն ղեկավարում են, բայց տվյալ համայնքները չեն զարգանում, Կոտայքի մարզում համայնքապետերի հրաժարականները շարունակական են լինելու:

Գլխավոր լուսանկարը՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովից, 2017թ. / president.am