HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մադրիդում ՀՀ դեսպանությունը ճշտում է Իսպանիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվն ու ներկայացված մեղադրանքները

Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է հուլիսի 26-ին Իսպանիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվն ու նրանց ներկայացված մեղադրանքները: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան` հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի մի շարք քաղաքներում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էին հանցավոր խմբի 142 անդամներ, որոնց մեծ մասը, ըստ իսպանական ԶԼՄ-ների, Հայաստանի քաղաքացիներ են:

Տիգրան Բալայանն ավելացրել է նաև, որ Մադրիդում ՀՀ դեսպանությունը հարցումներ է ուղարկել Իսպանիայի Թագավորության համապատասխան մարմիններին, և պաշտոնական պատասխանները ստանալուց հետո կտեղեկացնեն լրացուցիչ:

Այսպես կոչված «հայկական մաֆիայի» անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կողոպուտի, շորթման, ծխախոտի մաքսանենգության և թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:

Կազմակերպված հանցավոր խումբն ունի հայ և վրացի պարագլուխներ, ի դեմս «Էրիկ Տոմսկի» մականունով հայտնի Էրիկ Ջաղինյանի և եղբայրներ Կախա և Լաշա Շուշանաշվիլիների: Ձերբակալված անձանց թվում հիշատակվում է նաև «Բդո» մականունով հայտնի Արմենակ Գալստյանի անունը:

Այս հատուկ գործողությունը 2016 թվականին սկսված հետաքննության շարունակությունն է: Այն ժամանակ Տերասա քաղաքում սպանվել էին Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը՝ Գելա Գարիաշվիլին, Կախա Շուշանաշվիլիի մտերիմներից էր:

Ըստ իսպանական El Pais պարբերականի տեղեկությունների՝ սպանվածները չէին ցանկանում հանցավոր ճանապարհով վաստակած գումարներից մաս տրամադրել այսպես կոչված «общак»-ին՝ հանցավոր խմբի ընդհանուր գանձարանին, որը ղեկավարվում է խմբի պարագլուխների կողմից:

Հանցավոր խմբում հայերի ազդեցությունը ավելի մեծացավ 2017 թվականի նոյեմբերից հետո, երբ Իսպանիայի ոստիկանության ևս մեկ հատուկ գործողության արդյունքում թուլացավ հանցավոր խմբի վրացական կլանը: Ձերբակալվեցին խմբի 20 անդամներ՝ Կախա Շուշանաշվիլու կնոջ՝ Կատերինա Միերկովայի գլխավորությամբ: Այս պահին վերջինս գտնվում է կալանքի տակ՝ առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter