HY RU EN

Դիանա Ղազարյան

«Լիդիան Արմենիա»-ն մտադիր է դատի տալ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ցուցարարներին

Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպվող ակցիաների մասնակից Վազգեն Գալստյանը երեկ նամակ է ստացել «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու կազմակերպությունից։ Ընկերությունը ցուցարարին տեղեկացրել է, որ իր խախտված իրավունքները վերականգնելու, քրեական գործ հարուցելու և ընկերությանը հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու պահանջով դիմելու է իրավասու մարմիններին, այդ թվում՝ դատարան։

Ընկերությունը հայտնել է, որ Վազգեն Գալստյանի կողմից ուղղորդված՝ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչների՝ հանք տանող ճանապարհները փակելու մայիսի 18-23-ը, հունիսի 4-5 և հունիսի 22-ից կազմակերպված և մինչ օրս օրենքի խախտմամբ շարունակվող հավաքները հանցագործություն է։ Ընկերությունը Գալստյանին տեղեկացրել է, որ քրեական գործ հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմին՝ տրամադրելով հանցագործության վերաբերյալ փաստեր և նյութեր։

Ընկերության փոխանցմամբ՝ Վազգեն Գալստյանի և հանք տանող ճանապարհների փակման հետևանքով չեն կարողանում իրականացնել գործընկեր և կապալառու հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ արդյունքում օրական ունենալով խոշոր չափերի վնաս։

«Հետք»-ի հետ զրույցում Վազգեն Գալստյանը նշեց, որ ընկերությունից նամակ ստացել են ևս երկու ցուցարարներ։ Վազգենն այս գրությունը որակեց սպառնալիք իր և այլ ցուցարարների նկատմամբ. «Ուզում են մեր «աչքը վախեցնել»՝ միաժամանակ այլ ցուցարարներին վախեցնելով։ Բայց իրենք շատ բան հաշվի չեն առել, որ մեր երթերը, ցույցերը, բողոքի ակցիաները խաղաղ են ու ագրեսիվ տոնի մեջ չեն ու այդ գործողությունների մեջ բռնություն չկա, բռնության կոչեր չեն հնչել այդ ամբողջ գործընթացի ընացքում»,- նշեց նա։

Վազգեն Գալստյանը ընկերությունից նախկինում նախազգուշացում չի ստացել։ Ասում է՝ այս գրությունը սպառնալիք է, և պետությունը Օրհուսի կոնվենցիա է վավերացրել, որով եթե բնապահպան ակտիվիստներն իրենց բողոքի ակցիաները իրականացնում են խաղաղ կեպով, առանց հանցագործության տարրերի, արգելվում է նրանց հանդեպ որևէ հետապնդում կամ սպառնալիք։

Վազգենը հավաստիացնում է, որ ընկերության ուղարկած այս գրությանը իրենց կողմից իրավական որևէ լուծում կտրվի, բացի այդ կդիմեն միջազգային կառույցներին՝ տեղեկացնելով իրենց հանդեպ հնչող սպառնալիքների մասին։

Երեկ Ամուլսար տանող ճանապարհները փակած ակտիվիստները հանդիպել են նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանին։ Վազգենի փոխանցմամբ՝ Արթուր Գրիգորյանը ցուցարարներին մի քանի անգամ հորդորել է բացել հանք տանող ճանապարհները, սակայն նրանք հրաժարվել են՝ առաջ բերելով երկու պահանջ. կա՛մ ժամանակավորապես պետք է դադարեցվի Ամուլսարում տեղի ունեցող շինարարական աշխատանքները, կա՛մ առհասարակ ընկերությունը պետք է դադարեցնի հանքի շահագործումը։

Բողոքի ակցիաները դադարեցնելու հորդորով կիրակի երեկոյան դիմել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ցուցարարները կրկին չէին բացել հանք տանող ճանապարհները, որն արդեն վեց օր շարունակում է փակ մնալ։

Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հունիսի 22-ի առավոտյան 05:30-ից փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ թեև հունիսի 5-ին կառավարության հետ պայմանավորվել էին, որ հանձնաժողով պետք է ստեղծվի և ստուգումներ իրականացվեն հանքում, սակայն գործադիրից մինչ օրս որևէ արձագանք չկա: