
Ադանան նորից ծաղկում է, բայց արդեն առանց հայերի
Առավոտյան Ստամբուլ-Ադանա չվերթի ինքնաթիռն իջնում է Ադանայի Շաքիր Փաշայի անվան օդանավակայանում: Հայ և թուրք լրագրողներից բաղկացած մեր խմբին արդեն սպասում է ավտոբուսը և անգլախոս թուրք էքսկուրսավարը' Ֆերզանը, ով առաջիկա մեկ շաբաթը ուղեկցելու է մեզ մինչև թուրք-վրացական սահման: Ֆերզանը ներկայանում է Մարտին շրջանից' Հյուսիսային և Արևելյան Անատոլիայի մասնագետ: Մեր այցը աշխատանքային է, բայց մեզ տանում են քաղաքի տեսարժան վայրերը' ճանաչողական շրջայցի:
Առաջին կանգառը Ուլու-Ջամի մզկիթն է: Ֆերզանը զգուշացնում է իգական սեռի ներկայացուցիչներիս' եթե մտնում եք, ապա անպայման գլխաշորով, իսկ ոտնամանները բոլորը հանում են մուտքի մոտ:
Ֆերզանը պատմում է, որ այս մզկիթը կառուցվել է 17-րդ դարում: Մինչդեռ մզկիթի պատին գրված է' ULUCAMi-1541: Ստեղծման տարեթվի և Ֆերզանի նշած թվի անհամապատասխանության պատճառները կարելի է գտնել պատմական աղբյուրներում, օրինակ, Հայկական համառոտ հանրագիտարանում:
Ուլու-Ջամին, կամ նախկինում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին, 17-րդ դարում է վերածվել մզկիթի: Հայկական պետականության անկումից հետո Ադանան գրավել, ավարի ու ավերածության են մատնել Եգիպտոսի արաբական, սուլթանական զորքերը: 1378թ. քաղաքը զավթել են Ռամազանյան տոհմի թուրքմեները, XVդ. 2-րդ կեսից' օսմանյան թուրքերը: Նվաճողները Սուրբ Հակոբի հոյաշեն եկեղեցին վերածել են մզկիթի և կոչել Ուլու-ջամի: Ֆերզանին ասում եմ այդ մասին, պատասխանում է, որ հնարավոր է, որ այդպես է, ինքը Ադանայի մասնագետ չէ:
Մզկիթին կից իսլամի ուսուցման համալսարանն է, անվանում են' Ռամզանօղլու մեդրեսեսի: Այն կարելի է համեմատել հայաստանյան հոգևոր ճեմարանի կամ աստվածաբանության ֆակուլտետի հետ, անշուշտ, ոչ մեծությամբ, այլ բովանդակային տեսակետից: Ռամզանօղլու մեդրեսեսում պատրաստում են ապագա կրոնավորների: Այստեղ ամեն ինչ են սովորեցնում, բնական գիտություններից մինչև հումանիտար առարկաներ:
Հաջորդ կանգառը Հուստինյանոս կայսեր անվան քարե կամուրջն է' 310 մետր երկարությամբ և 12 մետր լայնությամբ: Կամուրջը ձգվում է քաղաքի կենտրոնից հոսող Սեյան գետի վրայով և համարվում է Ադանայի սիմվոլը:
Ի վերջո, ադանացիների հպարտությունը նաև նորակառույց Սավանջե մզկիթն է, որը բազում նմանություններ ունի Ստամբուլի հայտնի Սուլթան Ահմեդի հետ: Սավանջեն սկսվել է կառուցվել 1988-ին, ավարտվել' տասը տարի անց:
Մեր կազմակերպիչներին խնդրում ենք մզկիթներից բացի մեզ ուղեկցել նաև հայկական որևէ թաղամաս, որտեղ մնացած լինեն հայերի տները: Ասում են' չկա: Թերզանն էլ ավելացնում է, որ գուցե հայեր կան Ադանայում, բայց չեն ասում, որ հայ են: Վերևում նշած նույն պատմական աղբյուրը վկայում է, որ XIXդ. սկզբին Ադանան ունեցել է մոտ 12600 (3000 տուն) հայ բնակչություն, որոնց բարեկարգ տները (մեծ մասամբ երկհարկանի) պատված են եղել պտղատու պարտեզներով, այգիներով, ծաղկաստաններով:
Հայերի ձեռքում կենտրոնացված է եղել քաղաքի արդյունաբերությունն ու առևտուրը, ունեցել են բազմաթիվ գործարաններ' մահուդի, կերպասի, բամբակի, ներկերի օղու, գարեջրի, արհեստանոցներ' ոսկերչական, արծաթագործական, գորգագործական, կարպետագործական, կաշեգործական, խեցեգործական և այլն: Ծաղկում է ապրել նաև մշակութային կյանքը. եղել է թատրոն, հիվանդանոցներ, վարժարաններ, եկեղեցիներին կից' դպրոցներ: Ադանան զանգվածաբար հայաթփվել է 1909, 1915 և 1922-23 թթ.:
Միջերկրական ծովի ափին գտնվող Ադանան մեծությամբ 5-րդ քաղաքն է Թուրքիայում' ավելի քան 1.5 մլն բնակչությամբ: Ադանան այժմ էլ հայտնի է իր բամբակով և գյուղատնտեսությամբ: Ադանայի բիզնեսի ծաղկաման մասին փաստում է նաև Չուքորովայի (Դաշտային Կիլիկիա) երիտասարդ գործարարների ասոցիացիայի ղեկավար Հական Չելիքը (Երիտասարդ բիզնեսմենների ասոցիացիան ստեղծվել է 1992-ին, միավորում է բիզնեսի տարբեր սեկտորներ, այդ թվում նաև արդյունաբերություն, առևտուր, գյուղատնտեսություն և այլն): Որոշ անկումից հետո Ադանան այժմ կրկին զարգացում է ապրում: Մասնավորապես, նախորդ տարի արտահանման ծավալները մոտ մեկ մլրդ դոլար են կազմել: Գրեթե նույքան էլ ներմուծման ծավալներն են:
Հական Չելիքը Չուքորովան համեմատում է Թուրքիայի արդյունաբերական մյուս կենտրոնների' Ստամբուլի, Իզմիրի կամ այլ քաղաքների հետ, և նշում, որ Թուրքիայի տարբեր հատվածներում բիզնեսի զարգացվածության մակարդակների տարբերություններն ակնհայտորեն նկատելի են, սակայն Չուկորովան ակնհայտ առաջընթաց է ապրում: Շրջանում բնակչության թիվը ավելի քան 5 մլն է: Այն երկու մեծ նավահանգիստ ունի, որոնք ապահովում են ելքը' դեպի դուրս, այսինքն' իրենց արտադրանքն արտահանելու հնարավորություններն այս տարածաշրջանում մեծ են. քանզի կան նաև օդանավակայաններ, երկաթգծեր, և որ պակաս կարևոր չէ' տարածաշրջանը գտնվում է գլխավոր մայրուղիների խաչմերուկում:
Թուրք գործարարն ասում է, որ իրենց ասոցիացիայի գործարարները կուզենային համագործակցել հայ գործընկերների հետ: Նա Հայաստանը դիտարկում է իր հարևաններից մեկը և ցանկանում է զարգացնել հարաբերությունները նաև հայ բիզնեսմենների հետ: «Մենք տեսնում ենք, որ հայկական և թուրքական պետությունները իրենց տեսությունն ունեն պատմության վերաբերյալ, բայց մենք կարծում ենք, որ որքան շատ մարդկային հարաբերությունները զարգանան, այդքան էլ բիզնես հարաբերությունները կզարգանան, և հնարավոր կլինի հրաժարվել այդ տեսություններից»,- ասում է Հական Չելիքը:
Հանդիպմանը ներկա մյուս գործարարները ևս հայտնում են իրենց պատրաստակամությունը, բայց նաև նշում, որ տեղյակ չեն, թե Հայաստանի բիզնես ոլորտում ինչպիսի իրավիճակ է, և արդյոք հայ գործարարներն էլ իրենց հերթին պատրաստ են համագործակցել թուրքերի հետ: Այնուամենայնիվ, Չելիքը հավելում է, որ եթե հայերը կարողանան հաղթահարել իրենց նախապաշարմունքները, թուրքերի հետ, իրենք տարբեր ոլորտներում կկարողանան համագործակցել: Եվ դա կլինի նաև հարաբերություններ հաստատելու միջոց:
Ադանա
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել